Մարիաննա Կարապետյանի բանաստեղծությունների «անկետադիր» ժողովածուում
Գրականության ոլորտում առաջին քայլերն անող Մարիաննա Կարապետյանը վերջերս հրատարակել է իր բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «անկետադիր» խորագրով։
Կային ժամանակներ, երբ հայ պոեզիայի զարգացման միտումների նպատակով անցկացվում էին քննարկումներ, բանավեճեր, որոնք երբեմն անցնում էին բանավեճի սահմանը։ Կային մասնագետներ էլ, որոնք պարզապես մերժում էին պոեզիայի ոլորտում, իրենց խոսքերով՝ «նորարարական էքստազը»։ Նրանց դեմ անհանդուրժող վերաբերմունք ուներ գրականագետ, երջանկահիշատակ Ալեքսանդր Թոփչյանը։
Ժամանակին «Առավոտի» հետ արդի պոեզիայի մասին զրուցելիս գրականագետն ասել էր. «Գրականության այդ ճյուղը պետք է ունենա երեք բաղադրիչ՝ պոետական պատկեր, պոետական լեզու եւ պոետական բովանդակություն», հավելելով, որ «չվճարված պարտամուրհակի համառությամբ» բոլոր ժամանակներում պահպանողականները պոեզիան ընկալել են իբրեւ «հասարակության ինքնագիտակցության բարձր ձեւ»։ Նա ստեղծագործական կյանքում մշտապես որոնել է նորացման ձեւեր՝ «կոսմիկական թափանցումներից» մինչեւ իրերի դիկտատուրայի մերօրյա բարդացած կառուցվածքները։ Որոշ մասնագետներ էլ պնդում էին, որ դա բանաստեղծությունը հեռացրել է բանաստեղծությունից, ուստի մերժելով նորը, ավանդականության անունից հայտարարում էին եւ ընդունում «բնական ապրումի բանաստեղծության» գաղափարը։ Վերջին տարիներին, կոնկրետ՝ պոեզիայի շուրջ ծավալված քննարկումների, կլոր սեղանների ու նման միջոցառումների չենք հանդիպում, ավելին՝ մշակութային օջախներում չենք հանդիպում պոեզիայի երեկոների, որոնք անցյալում հաճախ էին կազմակերպվում՝ նվիրված եւ դասական, եւ ժամանակակից հեղինակներին։
Անդրադառնալով Մարիաննա Կարապետյանի «անկետադիր» ժողովածուին, կարծում ենք, որ այն կարժանանա մասնագետների ուշադրությանը, թեեւ արդեն լսել ենք մեկ-երկու ընթերցողի կարծիք։ Տեղեկացնենք, որ գիրքը բաղկացած է 5 գլխից՝ «անկետադիր կին», «անկետադիր կարոտ», «անկետադիր սէր», «անկետադիր աղոթք» եւ «անկետադիր հայրենիք»։ Մեր դիտարկմամբ՝ բոլոր բաժիններում ընդգրկված բանաստեղծությունները, ինչպես եւ կարելի էր ենթադրել, կանացի ներաշխարհի նուրբ գծագրումների արդյունք են։
Կարդացեք նաև
«Առավոտի» հետ զրույցում Մարիաննա Կարապետյանը նշեց. «անկետադիրը» իմ առաջին հոգեզավակն է՝ սպասված, արդեն իսկ սիրված, ու ես ծնողական անհանգստությամբ ու սրտի թրթիռով եմ հետեւում նրա առաջին քայլերին։ Ավելին, հուզվում ու հպարտանում եմ իրենով»։ Իսկ թե ինչու «անկետադիր», բանաստեղծուհին հայտնեց. «Ընթերցողիս ազատ եմ թողնում իր ապրումների, հույզերի եւ աշխարհընկալման հետ։ Կառուցվածքով գիրքս նման է ողնաշարի՝ ամուր, կոկիկ, առանց ավելորդ բառերի ու շարահյուսության փոխանցելով իրական միտքը՝ խորը, կտրուկ, երբեմն մտրակող ու ապստամբ…»։
Բացեցինք գրքի պատահական էջ եւ ընթերցեցինք.
«ծնկիր իմ առաջ
համբուրիր փեշս
առաջվա նման
իրական ստիր
որ հորիզոնը անծայրածիր է
ու ժամանակը կանխատեսելի…»։
Սա «անկենդան կին» գլխից է։ Խնդրեցինք համառոտ ներկայացնել այս գլխում տեղ գտած բանաստեղծությունների ընդհանուր նկարագիրը։ «անկետադիր կինն» ամբողջությամբ կնոջ նուրբ ու զգայուն ներաշխարհն է՝ հույզերով, կանացի սեթեւեթանքով, մանկան մաքրությամբ եւ հավատարմությամբ լեցուն, որն ըստ էության իր մեջ ներառում է հաջորդ երկու մասերը՝ «կարոտ» եւ «սէր»,- ասաց Մարիաննա Կարապետյանը։ Իսկ թե ինչու «սեր»-ը է-ով, մեր զրուցակիցը պարզաբանեց. «Սէր- հատուկ «է» տառով գրված էություն, լինելիության ու գոյի շարունակական պտույտ՝ կարոտի նուրբ, աննկատ հույզերի մի շարանով ամբողջականություն եւ հոգու պայքար, կնոջ ինքնություն եւ հպարտություն…»։
արթնացրեք ինձ, երբ հողս ծաղկի հայերեն,
երբ գետերը նորից հոսեն հանդարտ,
արթնացրեք, երբ աղավնին մի շիվ կտցին՝
նորից կավետի ծաղկունքը գարնան…
Այս տողերը պատերազմի ժամանակ գրված «անկետադիր հայրենիք» գլխից են։ Բանաստեղծուհին գրքի այս մասին «միացրեց» նաեւ «աղոթքը», ասելով. «Այդ երկու գլուխներում ընդգրկված բանաստեղծությունները գրել եմ պատերազմի ժամանակահատվածում, երբ անվերջանալի էր ցավը, մայրերի վիշտը, հայրենի հողի համար պայքարն ու արյունոտ պատգարակների շարասյունը՝ նորից, նորից ու նորից… աղոթք-բողոք էր գուցե առ Աստված, մի խոնարհ ապստամբություն ու հոգու ճիչ անելանելի թվացող դժոխքում, որտեղ ամեն օր հերոսներ էին սրբադասվում ու երկիրը որբացած արտասվում էր… Երբ աշխարհը լուռ էր հերթական անգամ ու փոքրիկ մի ժողովուրդ պայքարում էր իր ինքնության, գոյի, կրոնի համար…»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.12.2021