Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Լեոնարդո դա Վինչին Երզնկայի երկրաշարժի մասին նամակ գրեց

Դեկտեմբեր 10,2021 12:00

Կամ՝ երկրաշարժերը Հայաստանում

Հայկական լեռնաշխարհը դարեր շարունակ ենթարկվել է ահեղ երկրաշարժերի կործանիչ ցնցումներին, որի հետեւանքով ավերվել են բազում բնակավայրեր՝ շեն գյուղեր ու քաղաքներ, հիմնովին փլատակների են վերածվել վանական համալիրներ, եկեղեցիներ, ամրոցներ ու կամուրջներ, ձորերում առաջացրել փլվածքներ՝ խաթարելով հարյուրավոր աղբյուրներ, եւ այս ամենը ուղեկցվել է հազարավոր մարդկային զոհերով: Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժերին անդրադարձել են ինչպես հայ,  այնպես էլ օտար պատմիչներն ու աշխարհագիրները: 10-րդ դարի աշխարհագետ Իբն ալ Ֆակիհ Համադանին իր «Երկրների գիրք» աշխատության մեջ գրել է. «Ինչ վերաբերում է Հայաստանին, այս երկիրը կործանվում է հեծելազորի սմբակներից, մեկ էլ կայծակի հարվածներից եւ երկրաշարժերից»:

Լեոնարդո դա Վինչին 1482թ. Հայաստանում՝ Երզնկայի երկրաշարժի արհավիրքները տեսնելով, Սիրիայի տեղապահին ուղղված նամակներից մեկում գրել է, որ ականատես է եղել մի մեծ աղետի, որը իր ահավորությամբ կցնցեր ամբողջ աշխարհը: Այդ երկրաշարժից զոհվել էր 30 հազար մարդ:

Բնական էր, որ երկրաշարժերը ծանր տպավորություն են թողել մեր պատմիչների ու ժամանակագիր ականատեսների վրա: Նրանք սրտի կսկիծով ու տրտմությամբ են նկարագրել դրանց մանրամասները, պատճառած ցավը եւ այն բնորոշել բազում անվանումներով: Ուրիշ ո՞ր ժողովուրդներն ունեն երկրաշարժը բնութագրող այդքան բառեր. ահեղ, աղետաբեր, ահագին, ահասարսուռ, ամայացնող, սաստիկ, սաստկագույն, կործանիչ, մահաբեր, ուժգին, ուժեղ, ուժգնաշարժ, վշտաշարժ, վշտաբեր, չար, անբարի, դառն, ոչնչացնող, հանկարծահաս եւ այլն:

Երկրաշարժերը երբեմն այնպիսի ընդարձակ տարածք են ընդգրկել ու վիթխարի ուժգնություն ունեցել, որ ահաբեկված ժողովրդին թվացել է, թե աշխարհի վերջն է: Այդ սարսափն են զգացել մեր մատենագիրներից Մովսես Կաղանկատվացին, Արիստակես Լաստիվերտցին, Կիրակոս Գանձակեցին, Առաքել Դավրիժեցին, Զաքարիա Քանաքեռցին եւ շատ ուրիշներ: Երկրաշարժերին նվիրված ողբեր են գրել մի շարք տաղերգուներ: 1407թ. Սյունիքի երկրաշարժը ողբում է Թովմա Մեծոփեցին, 1457թ. Երզնկայում՝ Թորոս Մշեցին, 1469թ. դարձյալ Երզնկայինը՝ Մկրտիչ Նաղաշը, 1482թ. եւ կրկին Երզնկայինը՝ Մըսկին երեց Անուշպակցին ու հայազգի Ղուլ-օղլի Երզնկացին, 1679թ.՝ հայազգի Սաֆար-օղլին, 1771թ. Բասենինը՝ ոմն Սողոմոն, 1840թ. Ակոռիի երկրաշարժը՝ Ազբար Ադամը եւ շատ ուրիշներ: Երկրաշարժերը հիշատակել է նաեւ Մովսես Խորենացին իր հանրահայտ ողբում:

Արարատյան դաշտում մեծ ավերածություններ է կատարել 1679թ. հունիսի 4-ին տեղի ունեցած երկրաշարժը, որի ժամանակ կործանվել են Գառնիի հեթանոսական տաճարը, Երեւանի, Քանաքեռի, Նորագավթի, Կարբիի եկեղեցիները, վնասվել՝ Գեղարդավանքը, Խոր վիրապը եւ շատ ու շատ այլ կառույցներ: 1842 թ. հուլիսի 14-ին Հովհաննես եպս. Շահխաթունյանցը Սինոդին հայտնել է, որ ինքը 1840թ. Վաղարշապատի եկեղեցուց բերել է մի ձեռագիր «Հայսմավուրք», որը հիշատակարան ուներ 1679թ. Երեւանում տեղի ունեցած երկրաշարժի մասին:

1185թ. երկրաշարժից, երբ հիմնահատակ կործանվել է Գետիկի վանքը, Մխիթար Գոշը գրել է «Ողբ ի վերայ բնութեան» երկը: Եվ միանգամայն իրավացի էր Առաքել Սյունեցին, երբ գրել է. «Թե ամեն աշխարհ գան զմեզ ողբան չէ բավական»:

Երկրաշարժերը հիշատակվում են նաեւ վիմագիր արձանագրություններում, 1176թ.՝ Կոշում, 1264թ.՝ Ուշիում, 1267թ.՝ Կողբափորի Առաքելոց վանքի խաչքարին, 1321թ.՝ Նորավանքում, 1407թ.՝ Որոտնավանքում, 1679թ.՝ Երեւանում, 1840թ.՝ Կամարիսի եկեղեցում եւ այլուր: Երեւանի Կոզեռնի գերեզմանոցում եղած տապանաքարերից մեկում արձանագրված էր. «Այս է տապան Ովանէսի որդի Մկրտիչին, որ վաղճանեցաւ մեծ շարժով, յունիսի Դ (4) թվին ՌՃԻԸ (1679)»: Հետաքրքիր է նաեւ Կարին քաղաքի մոտ գտնվող Հինձք գյուղի Կարմիր վանքը երկրաշարժից փլվելու ու վերանորոգելու մասին վիմագիր բանաստեղծությունը: Սակայն ամենասոսկալին փորագրված է 1322թ. Վարդենիկ գյուղի մի տապանաքարին. «Շարժը զմեզ տարավ, վա՜յ մորը»: Միջնադարում երկրաշարժերը տեղ են գտել նաեւ տեսիլքներում: Այդ առումով հանրահայտ են Հովհաննես Կոզեռնի տեսիլքները: Հայոց Հովհաննես-Սմբատ թագավորը 1036թ. Անիի երկրաշարժից հետո Գրիգոր Մագիստրոսին ուղարկել է Սեւանի վանք, Հովհաննես Կոզեռնից իմանալու, թե ինչ նշան են այդ խավարումն ու երկրաշարժը:

1827թ. հոկտեմբերի 18-ին եւ 27-ին Սիմեոն արքեպիսկոպոսը Ներսես Աշտարակեցուն գրել է Հաղպատում եւ Սանահինում տեղի ունեցած երկրաշարժի մասին: Նշվել է, որ երկրաշարժից ճեղքվել է Հաղպատի Սբ Նշան եկեղեցու պատը, Սանահինի տաճարը հիմքից մինչեւ գմբեթ ճեղքվել է մի գազ լայնությամբ եւ այլն: Հարկ է նշել, որ հայոց թագավորները, իշխաններն ու կաթողիկոսները մեծ ջանք ու եռանդ են գործադրել երկրաշարժերից տուժածներին օգնելու եւ ավերված բնակավայրերը, վանքերն ու եկեղեցիները վերանորոգելու համար: Մովսես Խորենացին գրել է, որ հայոց Սանատրուկ թագավորը (88-110 թթ.) վերականգնելով երկրաշարժից ավերված Մծբին քաղաքը, կանգնեցրել է իր արձանը, ձեռքին մեկ դրամ, որպես թե բոլոր գանձերը ծախսվել են քաղաքի վրա ու իրեն այդ մեկն է մնացել: Հայտնի է, որ 893թ. Դվինի կործանիչ երկրաշարժից հետո Մաշտոց Հայրապետը մխիթարական թուղթ է ուղղել տուժածներին:

Երկրաշարժերի առաջացման մասին գրել են Անանիա Շիրակացին, Հովհաննես Սարկավագը, Գրիգոր Տաթեւացին, Հովհաննես Սեբաստացին, Մաթեւոս եւ Ղուկաս Վանանդեցիները եւ շատ ուրիշներ: Երվանդ Լալայանը Վարանդայում գրի է առել երկրաշարժերի առաջացման մասին հին ավանդազրույցներից մեկը. «Գետնի տակ ապրում է մի եղջերու, որի եղջյուրի վրա դրված է մի մեծ կաթսա, լի մի տեսակ հեղուկով: Երբ հեղուկը տաքանում է, կոտրում է կաթսան, եւ կտորները ընկնում են գետնին, որից եւ առաջանում է երկրաշարժը»: Իսկ մեկ ուրիշ պատումի մեջ նշված է, որ «…մի մեծ վիշապաձուկ պտտել է աշխարհը՝ երկնքի եւ գետնի միջեւ: Երբ հարձակվում է իր պոչի վրա, առաջ է գալիս որոտ, երկրաշարժ»: Հատկանշական է, որ վիշապածին եղջերու էր քանդակված Հին Բայազետի բերդի վրա: Հեթանոսական Հայաստանում հայերն ունեցել են նաեւ երկրաշարժեր առաջ բերող աստվածություն՝ Դեդուա (հայերեն՝ դեդեւել-սասանել բառից):

Իսկ ինչքան տեղանուններ են կապված երկրաշարժերի հետ: Նույնիսկ պատմական Հայաստանի գավառներից մեկը կոչվել է Պատիժահար, որտեղ պարբերաբար տեղի են ունենցել երկրաշարժեր: Լեզվաբան Գրիգոր Ղափանցյանը Վաղարշապատի մոտ գտնվող Դողս գյուղի անվանումը կապել է երկրաշարժի հետ: Սեյսմիկ ծագում ունեն նաեւ Երերն  (Հերհեր, Վայոց ձորում), Երերունքը (Գեղարքունիքում), Երերուքը (Շիրակում), Երերանի վանքը (Վանից հյուսիս), Սաղմոսավանքի արձանագրությունում հիշատակվող՝ Երերունս եւ այլն: Բազմաթիվ տեղանուններ կապված են Ավերք բառի հետ, որը նույնպես մեծ մասամբ նույն ծագումն ունի: Երկրաշարժերի մասին հրատարակվել են բազմաթիվ գրքեր, օրինակ 1891թ.՝ Վ. Լունկեւիչի «Երկրաշարժ եւ հրաբուխ» գիրքը, կազմակերպվել են դասախոսություններ (1913թ. Թիֆլիսում, Հավլաբարի հասարակական ակումբում ելույթ է ունեցել Ն. Սարգսյանը «Երկրաշարժի եւ հրաբուխի մասին») եւ այլն: Երկրաշարժերի խոշոր հանգույց են  Երզնկան ու Շամախին, որոնք հյուսիսից եւ հարավից միմյանց միանում են հզոր խզվածքային գոտիներով: Բավական է նշել, որ Երզնկայում ավելի քան 20 կործանիչ երկրաշարժեր են տեղի ունեցել: Եվ պատահական չէ, որ հույները մեր մասին ասել են. «Մարդը պետք է հայի համբերություն ունենա, որ քսան Երզնկա շինէ»:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի

գիտաշխատող

Լուսանկարում՝ Արուճի տաճարը, որի գմբեթը կործանվել է երկրաշարժից եւ արեւմտյան կողմում նկատելի է մեծ ճաքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031