ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
« ՄԻԱՍԻՆ ՀԱՆՈՒՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ »
Պալե-Ռոայալ թատրոն – երկուշաբթի, 6 դեկտեմբերի 2021թ.
ՍՏՈՐԱԳՐՈՂՆԵՐ՝
Կարդացեք նաև
Ֆրանսուա ԱԼՖՈՆՍԻ / François ALFONSI (Կանաչներ)
Ֆրանսուա-Քսավիե ԲԵԼԱՄԻ / François-Xavier BELLAMY (Եվրոպական ժողովրդական կուսակցություն – PPE)
Սիլվի ԳԻՅՈՄ / Sylvie GUILLAUME (Սոցիալիստներ և դեմոկրատներ)
Նատալի ԼՈՒԱԶՈ / Nathalie LOISEAU (Renew Europe)
Մենք՝ քաղաքական տարբեր խմբակցությունների հարող Եվրախորհրդարանի պատգամավորներս, որոշել ենք միավորվել համախոհության ոգով՝ վերահաստատելու մեր և ֆրանսիացի ժողովրդի համերաշխությունը հայ ժողովրդին։
Մենք չենք մոռանում։ Չենք մոռանում Ցեղասպանությունը, որի զոհն առաջինը XX-րդ դարում դարձել է հայ ժողովուրդը, որի առնչությամբ Սերժ Կլարսֆելդն ասել է. «Եթե չլիներ հայոց Ցեղասպանությունը, տեղի չէր ունենա Հոլոքոստը»։ Մենք կոչ ենք անում Թուրքիային, ինչպես բազմիցս ենք արել և վերջերս էլ՝ մայիսին Եվրախորհրդարանում կայացած քվեարկության միջոցով, հստակ և աներկբա ճանաչել 1915թ. իրականացված ցեղասպանությունը։
Մենք չենք մոռանում։ Չենք մոռանում նահատակներին, վիրավորներին, տեղահանված քաղաքացիական անձանց։ Հազարավոր կորսված կյանքեր, ցկյանս խեղանդամված հազարավոր երիտասարդներ, իրենց տները ստիպված լքած և աղքատության մատնված հազարավոր ընտանիքներ, հարյուրավոր գերիներ, որոնցից լուր չկա, որոնց Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի մարտերի տեսական ավարտից ավելի քան մեկ տարի անց պահում է պատանդառության մեջ՝ ի հեճուկս օրենքի։
Մենք կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ, առանց խտրականության, առանց նախապայմանների և առանց շահարկման ազատ արձակել նրանց՝ համաձայն հրադադարի հայտարարությամբ իր իսկ ստանձնած պարտավորությունների, քանզի, համաձայն միջազգային իրավունքի, դա ուղղակի իրավական պարտավորություն է՝ ի հավելում բարոյական պարտքի։
Մենք կոչ ենք անում բոլոր գլխավոր դերակատարներին դյուրացնել համապատասխան տարածքների ականազերծումը և կոչ ենք անում Եվրամիությանը նպաստել այդ կարևոր քայլին՝ վերականգնելու վստահությունը և բոլորի անվտանգությունը։
Մենք կոչ ենք անում տարածաշրջանից անհապաղ դուրս բերել բոլոր վարձկաններին և պատասխանատվության ենթարկել իրականացված ռազմական հանցագործությունների մեղավորներին։ Ներգրավված պետություններն ու անհատները պետք է պատասխան տան։ Անգամ հակամարտություններն ունեն իրենց կանոնները, որոնք չի կարելի անպատժելիորեն խախտել։ Առանց արդարության տևական խաղաղություն չի լինի։
Մենք խրախուսում ենք բարի կամքի տեր բոլոր մարդկանց համախմբվել՝ աջակցելու պատերազմում վիրավորում ստացածներին և նրանց հարազատներին։ Ողջունում ենք այն օրինակելի աշխատանքը, որն իրականացվում է Երևանի զինվորի տուն վերականգնողական կենտրոնի և ֆրանսիացի բժիշկների կողմից, ովքեր ինքնաբուխ գտնվեցին վիրավոր երիտասարդների կողքին՝ օգնություն ցուցաբերելու նրանց։ Մենք սատարում ենք Երևանի զինվորի տան և Հաշմանդամների ազգային ինստիտուտի միջև գործընկերության դիմումը։
Մենք չենք հասկանում։ Չենք կարող հասկանալ միջազգային կազմակերպությունների երկչոտությունը, որոնց ներկայությունն ավելի էինք ակնկալում հակամարտության ժամանակ, որն այլևս սառեցված հակամարտություն չէ։ Ո՞վ պետք է աջակցի տեղահանված, Ստեփանակերտ կամ Երևան տեղափոխված խաղաղ բնակչությանը։ Որտե՞ղ է Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարը։ Ո՞վ պետք է պաշտպանի վտանգված և արդեն իսկ մասամբ այլափոխված հայկական մշակութային ժառանգությունը։ Ի՞նչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ն։ Որտե՞ղ է ԵԱՀԿ-ն, ինչո՞վ է զբաղված Մինսկի խումբը, որքա՞ն ժամանակ է, ինչ հակամարտության գոտի չի այցելել։ Ինչո՞ւ հրադադարի վերահսկողության մենաշնորհը թողնել Ռուսաստանին։ Մենք միջազգային հանրությունից ավելին ենք ակնկալում, քան բարի մտադրությունների մասին հայտարարությունները, քանզի դրանք բավարար չեն։
Դրա ապացույցն այն է, որ չափազանց երկար հայացքն այլ կողմ թեքելով, միջազգային հանրությունն Ադրբեջանին տեղիք է տվել կարծելու, որ խաղն ավարտված չէ, որ նա կարող է, անպատիժ մնալով, շարունակել ագրեսիան և Հայաստանի նկատմամբ հարձակումները։ Մենք ականատես ենք, թե ինչպես են կրկնապատկվում բախումները, խախտվում սահմանները, ինչպես է Բաքուն անամոթաբար արտահայտում իր հավակնությունները՝ առանց համարժեք արձագանքի արժանանալու։ Մենք կոչ ենք անում ադրբեջանական զորքերն անհապաղ դուրս բերել այն դիրքերից, որոնք վերջիններս զբաղեցնում են ապօրինաբար, կոչ ենք անում շարունակել միջազգային ջանքերը՝ սահմանազատումն ավարտին հասցնելու համար։
Մենք գիտենք, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը, որից կախված է հայ բնակչության ճակատագիրը, որը դարեր ի վեր ապրում է այդ հողում և իր կամքն արտահայտում իր կողմից ընտրված իշխանությունների միջոցով, մի քանի շաբաթում չի լուծվի։ Մենք հաստատում ենք, որ այսօր այն կարգավորված չէ և այդ գործընթացը պետք է հարգի ինչպես տարածքային ամբողջականության, այնպես էլ բնակչության ինքնորոշման սկզբունքները։ Կրկնում ենք, այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև և Լեռնային Ղարաբաղում կա մեկ ագրեսոր և կան ագրեսիայի ենթարկվածներ։ Կա մեկ պետություն, որ դիմում է բռնության և ռազմական գործողությունների հայ ժողովրդի դեմ, որը տենչում է ապրել խաղաղ և չի մոռանում, որ իրեն ցանկացել են բնաջնջել երկրի երեսից։ Մենք նույնպես դա չենք մոռանում։
Լուսանկարները՝ F-R. Salefran / Ensemble pour le peuple arménien”