Լրահոս
Օրվա լրահոսը

Աչքաթող արած հասարակություն

Դեկտեմբեր 10,2021 10:00

Խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորների եւ վարչապետի միջեւ կայացած հերթական անպտուղ լեզվակռիվը դարձյալ հիմնված էր երկու կողմերի՝ անցյալի նկատմամբ տրամագծորեն տարբեր դիրքորոշումների վրա՝ «դուք հանձնել եք Ղարաբաղը» – «չէ, դուք եք հանձնել»: Ընդդիմադիրների կարծիքով՝ ներկայիս իշխանությունն իր 3 տարվա գործողություններով հանգեցրել է մարդկային եւ տարածքային կորուստների:  Փաշինյանի տեսանկյունից՝ 2018 թվականի ապրիլին ստեղծվել էր այնպիսի վիճակ, որ այդ կորուստները չունենալը պարզապես անհնարին էր:

Առաջարկում եմ, որ ընթերցողն ինքը գնահատի այդ երկու փաստարկների լրջությունը, բայց ուղղակի նկատեմ, որ առաջին դեպքում գնահատվում է ներկայումս ստեղծված վիճակը, իսկ երկրորդում՝ թեական, հնարավոր զարգացումները:

Այլընտրանքային պատմության սիրահարները գուցե մտավարժանքներ կատարեն այդ թեմայով՝ «արդյո՞ք եթե իշխանության մնար ՀՀԿ-ն, Ալիեւը 2020 թվականի սեպտեմբերին կհարձակվեր Արցախի վրա, եւ մենք այդպիսի ծանր պարտություն կկրեինք»: Ես, օրինակ, չեմ կարող պատասխանել այդ հարցին, որովհետեւ դա նման է սուրճի բաժակ նայելուն:

Բայց ինձ համար հիմա ամենակարեւորը կողմերի անմեղության կամ մեղավորության աստիճանը չի: Շատ ավելի էական են երեք հարցերի պատասխանները.

1/ Հայաստանը հիմա կարո՞ղ է այնպիսի մի փաստաթուղթ ստորագրել, որը Ադրբեջանին եւ Թուրքիային ճանապարհ կտրամադրի՝ առանց այդ ճանապարհի նկատմամբ մեր երկրի վերահսկողությունը կորցնելու եւ ստանալով նմանատիպ ճանապարհ Ադրբեջանի տարածքով: Կամ՝ կարո՞ղ է արդյոք անբարենպաստ փաստաթուղթ ստորագրելուց խուսափել:

2/ Հայաստանը կարո՞ղ է հասնել սահմանազատման եւ սահմանագծման՝ շրջանցելով Արցախի կարգավիճակի հարցը: Այդ գործընթացի արդյունքում մենք կստանա՞նք կայուն եւ անվտանգ իրավիճակ մեր սահմաններին:

3/ Խորհրդարանական ընդդիմությունն իր գործողություններով կարո՞ղ է խոչընդոտել այդ երկու հարցերի անբարենպաստ լուծմանը:

Ցավոք, այդ երեք հարցերին «լավատեսական» պատասխան ես չեմ կարող տալ: Եվ պատճառը ոչ միայն մեր իշխանության կամ ընդդիմության որակներն են: Մյուս կողմից՝ ոչ միայն ներկայումս անբարենպաստ աշխարհաքաղաքական դասավորությունն է: Հիմնական պատճառն, իմ կարծիքով, մեր հասարակության ապատիան է, անտարբերությունը՝ մեր քաղաքացիների մեծամասնությանը վերոհիշյալ հարցերը չեն հուզում: Մի մասը (մեծամասնությունը) երազում է «նախկիններին» պատժելու մասին, մյուս մասը (փոքրամասնությունը) Փաշինյանից ազատվելու մասին: Բայց նրանք իրենց առջեւ հարց չեն դնում, թե ինչ է պետք անել՝ արտաքին ագրեսիային դիմագրավելու եւ, ի վերջո, պետություն ունենալու համար: Դա «ճնշող փաքրամասնության» մտահոցությունն է:

Իսկ թե ինչու մեր հասարակությունն այդպիսին է, ա՛յ, դրանում կարելի մեղադրել հավասարապես Հայաստանի 4 իշխանություններին, սկսած 1991-ից: Նրանք այդ ճակատագրական խնդիրը աչքաթող են արել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Nimar says:

    Ակնհայտորեն, մեր հարեւանները հավատարիմ են միջանցքային տրամաբանությանը` համաձայնել են Լաչինի միջանցքին Ռուսաստանի Դաշնության վերահսկողության տակ, և ակնհայտ են համարում, որ Զանգեզուրի միջանցքը նույնպես լինելու է Ռուսաստանի Դաշնության վերահսկողության տակ։ Հակառակ դեպքում ոչ մեկը կլինի, ոչ էլ մյուսը։ Դա կախված է ՌԴ-ի ցանկությունից։ Որքան հասկանում եմ, Անդրկովկասում կապի ուղիների փաստացի վերահսկողությունը բխում է ՌԴ շահերից։ Բոլոր մյուս խաղացողներին անհրաժեշտ է անվտանգ տեղաշարժ: Ինչ-որ մեկն այնքան միամի՞տ է, որ կարծում է, թե կարող է «իրենց համար ձեռնտու» լուծում ստանալ։ Ցանկացած որոշում փոխզիջման արդյունք է։ Հայաստանի դեպքում սա փոխզիջում է ոչ թե հարեւանի, այլ Ռուսաստանի Դաշնության հետ։ Իհարկե, Արցախի կարգավիճակը կքննարկվի, մենք դեռ լավագույն դեպքում 20-25 տարվա «քննարկումներ» ունենք, բայց այդ քննարկումները ենթադրում են մեր հարեւանների սահմանադրության փոփոխություն, այլապես նույնքան անօգուտ են, որքան բոլոր նախորդները՝ մինչև 2020 թվականը։ Որևէ մեկը հավանական համարո՞ւմ է նման փոփոխություն:

  2. Հայ մարդ says:

    Նշված երեք հարցերի վերաբերյալ իմ կարծիքը՝
    1. Անցյալ տարվա նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից մեկ տարի անց ստորագրվելիք նոր փաստաթուղթը միայն կամրագրի և կդետալավորի հաղթող կողմի պահանջները և այդ փաստաթուղթը Հայաստանի համար միանշանակ անբարենպաստ կլինի, քանի որ պարտություն կրած երկրի ղեկավարը ի վիճակի չի լինի հրաժարվել նախկինում իր կողմից գրավոր կամ բանավոր ստանձնած պարտավորությունների կատարումից: Եվ քանի որ Հայաստանն Արցախին կապող Լաչինի միջանցքը վերահսկում է Ռուսաստանը, ապա Ադրբեջանից Հայաստանի տարածքով Նախիջևան բացվելիք միջանցքը (կամ ճանապարհը) նույն անալոգիայով կվերահսկի Ռուսաստանը (Ադրբեջանը դա կպնդի, իսկ Ռուսաստանն էլ դա տրամաբանական կհամրի և հաճույքով կհամաձայնվի) և այդ ամենից Հայաստանը որևէ բան չի շահի, ընդհակառակը, կունենա ինքնիշխանության կորուստ: Ուրեմն, պետք է հրաժարվել որևէ փաստաթղթի ստորագրումից, որքան էլ առաջին հայացքից այն իր մեջ «երկկողմանի շահեկան» ձևակերպումներ ունենա: Փաստաթղթի ստորագրումից ավելի հեշտ կարելի է խուսափել, եթե Փաշինյանը կամավոր կամ էլ ժողովրդի պահանջով հրաժարական ներկայացնի:
    2. Շատ դժվար կլինի սահմանազատման և սահմանագծման գործընթացի արդյունքում մեր սահմաններին ունենալ կայուն և անվտանգ իրավիճակ, քանի որ խորհրդային ժամանակների քարտեզների համաձայն մեջտեղ է գալու մեր տարածքում հակառակորդին զիջվող անկլավների հարցը, որոնք դոմոկլյան սուր կդառնան մեր երկրի անվտանգության համար: Իսկ սահմանազատման և սահմանագծման ավարտից հետո Արցախը կմնա Ադրբեջանի տարածքում և Արցախի կարգավիճակի հարցը բարձրացնելը գրեթե անհնարին կդառնա:
    3. Ներկայիս խորհրդարանական ընդդիմությունը կամ բավարար ուժ չունի կամ էլ ինչ-ինչ պատճառներով չի ուզում վճռական պայքար մղել անցած տարվա նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն համաձայնագիրն անընդունելի ճանաչելու ուղղությամբ և դրա շարունակությունը հանդիսացող՝ նոր նախապատրաստվող փաստաթղթի ստորագրման դեմ: ԱԺ-ի երկու ընդդիմադիր խմբակցություններն առայժմ ամենատարբեր թեմաներով լեզվակռիվների էյֆորիայի մեջ են, որը լիովին ձեռնտու է գործող իշխանությանը:

  3. Aha says:

    I think a factor to keep in mind before answering the 3 questions and assessing Mr. Abahamyan’s observation pertaining to the indifference of Armenians towards all serious national issues, is the psychological state of Armenian society. Apathy is a consequence, the causes are tiredness, lack of collective confidence, lack of positivity, lack of cohesive vision, lack of general sharpness regarding important collective issues. In other words, I don’t think Armenian society, in Armenia and diaspora, is in good mental, psychological, (even physical) shape to deal with serious challenges – or as we say conversationally: այն form-ի մեջ չէ. We were in much better ‘shape’ than our opponents in the 90s but through stagnation, indifference, carelessness, constant complaining (not to mention never ending xash, blot, toasts, etc) we gradually became dumb and no longer able to play the complicated geopolitical game that we were in. Electing this inexperienced government in 2018, accepting all its mistakes in the following 2 years, swallowing the defeat, and finally the reelection of the current administration – very simply and mildly put, the equivalent of not firing an incompetent employee – are all hard proofs that the player (aka. the Armenian people) form-ի մեջ չէ. This is the historical cycle we are in now, with time (and already irreversible losses) it shall pass of course, let’s accept it philosophically, it’s the only thing to do.

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031