Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ է տվել այդ իրավունքը Նիկոլ Փաշինյանին և այլ պաշտոնատար անձանց ապօրինի սահմանագծում և սահմանազատում իրականացնել». պետական դավաճանության մասին գործով դատական նիստ

Դեկտեմբեր 10,2021 00:07

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում քննվեց  փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի եւ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի հայցն ընդդեմ գլխավոր դատախազության անգործության, որով պահանջվում է քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված պետական դավաճանության առերեւույթ հանցագործության հատկանիշներով:

Դատարանի դահլիճում Արծվիկ Մինասյանը հայտարարեց. «Ենթադրում էինք, որ վարույթն իրականացնող մարմինը բացատրություն կվերցներ Նիկոլ Փաշինյանից և մյուս պաշտոնատար անձանցից, որպեսզի հասկանալի դառնար՝ արդյոք որքանո՞վ են փաստերը համապատասխանում մեր պատկերացրած մոտեցումներին կամ ենթադրյալ մեղսագրվող արարքներին»:

Նա շարունակեց՝ դատախազության կողմից իրենց հաղորդումն անտեսելը նույն անձինք վերահաստատում են իրենց գործողություններով. «Մենք այսօր ունենք Սյունիքի տարածքները թշնամուն հանձնելը, մաքսակետի տեղադրումը Գորիս-Կապան ճանապարհի վրա: Սա նշանակում է, որ քո երկիրն ընդունում է  որ դա սահման է, ապօրինի սահմանազատում և սահմանագծում է իրականացնում: Ո՞վ է տվել այդ իրավունքը Նիկոլ Փաշինյանին ու այն բարձրաստիճան պաշտոնատար անձանց, որոնց հրամանով հայոց զորքը հետ է քաշվել»:

Այս մեղադրանքներին ի պատասխան դատախազ Մուրադյանը հայտարարեց. «Վճռաբեկ դատարանը բազմիցս նշել է, որ վարույթն իրականացնող մարմիններն իրենք են իրավասու գնահատել այս կամ այն հաղորդման մասին՝ արդյոք բավարար փաստական տվյալներ պարունակո՞ւմ են ենթադրյալ կասկածի մասին: Սույն դեպքում գլխավոր դատախազին հասցեագրված դիմումում նշվել են ՀՀ վարչապետի կողմից կատարված գործողությունները, և դիմումատուները հանգել են հետևության, որ Նիկոլ Փաշինյանը և այլ պաշտոնատար անձինք կատարել են հանցագործություն: Նման պայմաններում գլխավոր դատախազությանը հասցեագրված դիմումը դատախազության կողմից դիտարկվել է՝ որպես առերեւույթ հանցագործության մասին հաղորդում: Մինչդեռ հաշվի առնելով, որ հաղորդման մեջ նշված փաստական տվյալներն արդեն իսկ մեկ այլ քրեական գործով ՀՔԾ-ում եղել են քննության առարկա, ուղարկվել են ՀՔԾ: Հետևաբար դատախազության կողմից տվյալ դեպքում անգործության մասին խոսք լինել չի կարող»:

Նախագահող դատավորը, դիմելով Արծվիկ Մինասյանին և Հակոբ Մարտիրոսյանին, ասաց. «Որպես կողմի ներկայացուցիչ՝ այդ հնարավորությունը ընձեռվել է, որպեսզի դուք իրավական գնահատական տակ և նշեք, թե որ հոդվածով է խախտում կատարվել»: Հակոբ Մարտիրոսյանն արձագանքեց. «Ես պետք է փաստը ներկայացնեմ, եթե վեր կենամ երկու- երեք հոդված իրար հետևից ասեմ, նշանակում է՝ դանայան տակառ. վաղը մյուս օրը դատական ակտը կայացնելիս ասելու եք՝ ոչ մի փաստով չհիմնավորվեց, որ տեղի է ունեցել դա: Ես միաժամանակ ցույց եմ տալիս, որ դատախազության անգործությունը շարունակվում է ոչ միայն այս մասով»:

Անդրադառնալով դատախազի կողմից քրեական օրենսգրքի 27-րդ հոդվածի մեկնաբանությանը՝ Հակոբ Մարտիրոսյանը նշեց, թե դա խայտառակություն էր: Ի պատասխան դատախազն ասաց՝ խայտառակությունը նրա ասածներն են: Դատավորը խնդրեց անձնական վիրավորանքի չվերածել:

Աշխատանքային ժամի ավարտի պատճառով դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 25-ին՝ ժամը 16:00-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031