Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Եթե թատրոնում ես, արդեն երջանիկ ես»

Դեկտեմբեր 10,2021 11:16

Ասում է դերասան Վահագն Թովմասյանը

– Վահագն, ինչու ընտրեցիր թատրոնը:

– Մեր կյանքում ոչինչ պատահական չի լինում:

Դպրոցական տարիներին տարբեր փառատոների էի մասնակցում՝ ասմունքի, երգի, այդպես էլ սիրեցի բեմն ու հանդիսատեսի վերաբերմունքը եւ ուղենշվեց իմ մասնագիտական ճանապարհը, որը, չնայած մի շարք դժվարություններին, հետաքրքիր ու միաժամանակ պատասխանատու է:

– Թատրոնում երջանկանալը հե՞շտ է։

– Կարճ կպատասխանեմ՝ եթե թատրոնում ես, արդեն երջանիկ ես: Ասեմ, որ կլինեն մարդիկ, որ չեն համաձայնի ասածիս հետ, քանի որ ոչ բոլորի մոտ է թատրոնի հանդեպ պատկերացումները միատեսակ։

– Վահագն, թվում է՝ դեռ շուտ է խոսել հիասթափությունների մասին, բայց, այնուամենայիվ, կյանքումդ եղե՞լ են հիասթափություններ։

– Կյանքի տարբեր փուլերում են լինում հիասթափություններ, որոնք այս կամ այն կերպ են դրսեւորվում մարդկանց մոտ: Սա նաեւ ապրելուց, մարդկային փոխհարաբերություններից եւ աշխարհի նկատմամբ վերաբերմունքից է գալիս: Եթե քո տեսակի մեջ կարողանում ես ուժ եւ հավատ պահել, նաեւ շատ հեշտ է դառնում հիասթափություններն անցողիկ զգացողություն դարձնելը: Բայց, դրա հետ միասին պետք է նշեմ, որ լինում են այնպիսի հիասթափություններ, որոնք հարցեր են առաջացնում եւ ողջ կյանքում փորձում ես գոնե դրանց մի քանիսի պատասխանը գտնել:

– Մի առիթով Շիլլերն ասել է, որ լավ դերասանի համար գոյություն չունեն վատ դերեր։ Ինչքանո՞վ ես համաձայն այս մտքի հետ, եւ եթե գաղտնիք չէ, եղե՞լ են տարաձայնություններ քո դերերի հետ կապված։

– Համամիտ եմ… Ճիշտ է, ինձ ու իմ դերերի հետ կապված տարաձայնություններ չեն եղել, բայց այո, անծանոթ երեւույթ չէ, նման դեպքեր նույնպես լինում են դերասանների կյանքում: Պետք է կարողանալ սեփական «ես»-ից դուրս գալ եւ մտնել այն կերպարի հոգեվիճակի մեջ, որը քեզ է վստահվել: Եվ եթե դերասան ես, միանշանակ, պետք է կարողանաս…

– Հիմա մանկական ներկայացումներում ես խաղում։ Հե՞շտ է փոքրիկ հանդիսատեսին համոզելը…

– Միայն պետք է շատ սեր ու անկեղծություն դնես հիմքում, որովհետեւ փոքրիկները շատ զգայուն են ու առաջինը դու պետք է քեզ հավատաս, որ իրենք էլ հավատան։ Դրա համար պետք է անջատես արտաքին աշխարհն այնպես, որ նույնիսկ մարդկանց չտեսնես ու չնկատես, չզգաս այն, ինչ Վահագն է զգում կամ մտածում։ Սա է մանկական ներկայացման վերաբերյալ իմ մոտեցումը: Նաեւ կարեւորում եմ ռեժիսորի դերակատարությունը, որը դերասանին կօգնի շատ հարցերում:

– Ամանորյա տոներն են առջեւում, թատրոնում ինչպե՞ս են անցնում նախապատրաստական աշխատանքները։

– Ամանորին ընդառաջ երկու մանկական ներկայացման մեջ եմ խաղալու: Իհարկե, աշխատանքային եւ ստեղծագործական եռուզեռի մեջ ենք, որպեսզի կարողանանք ժպիտ պարգեւել մեր փոքրիկ հանդիսատեսին եւ նրանց օրը հեքիաթային դարձնել։

Զրուցեց
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
08.12.2021

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031