Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոցի մարզադահլիճն այսօր անվանակոչվել է արցախյան վերջին պատերազմում հերոսացած ժամկետային զինծառայող, ավագ հրաձիգ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Ռաֆիկ Սահակյանի անունով։ Միջոցառմանը մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, ուժային կառույցների ղեկավարներ, բարձրաստիճան զինվորականներ, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հյուրեր։ Հայրենիքին ամենաթանկը՝ կյանքը, նվիրած հայորդու հիշատակի միջոցառմանը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են դպրոցի մյուս հինգ հերոսացած սաների հիշատակը։
Շիրակի մարզպետը, ողջունելով ներկաներին նշել է․«Անչափ հուզիչ է խոսել, որովհետև Ռաֆիկ Սահակյանն այսօր, այս հարկի տակ կարողացել է համախմբել բոլորիս և հիշեցնել, որ մենք ապրելու պատգամ ունենք։ Ես խորապես հավատացած եմ, որ հերոսները չեն մահանում, նրանք անմահանում են հանուն հայրենիքի, հանուն մեր մատաղ սերնդի, մեր վաղվա օրվա, հանուն մեր հայրենիքի ապագայի և սա մենք յուրաքանչյուր օր պետք է հիշենք ու շարունակենք ապրել ու շենացնել մեր երկիրը»։ Ռաֆիկ Սահակյանի մորը՝ «Արդարության պահանջով» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Վարդուհի Մանուկյանին, հանձնվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Մարտական հերթապահության համար» հուշամեդալը, Շիրակի մարզպետի շնորհակալագիրը, պատվոգրեր։
Շիրակի մարզպետարան