Ստորև ներկայացնում ենք Իտալիայի խորհրդարանականների հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ու Ադրբեջանի շուրջ տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ․
Ալվիզե Մանիերո, Պատգամավորների պալատի անդամ, Խառն-այլընտրանքային խմբակցության անդամ․
«Այն, ինչ կատարվում է Կովկասում, մտահոգիչ է: Անցյալ տարվա աշնանը Ադրբեջանի և Հայաստանի միջև 44-օրյա պատերազմը դարձավ ավելի քան 6500 մարդու մահվան և ավելի քան 90000 տեղահանվածների պատճառ: Թեև 1991 թվականից է, որ երկու երկրների միջև շարունակական և ծածուկ հակամարտությունը պարբերաբար հանգեցնում է ծանր զինված բախումների։ Անցյալ տարվա նոյեմբերին՝ վերջին զինադադարի հռչակումից մեկ տարի անց, ծանր զինատեսակները, ցավոք, նորից գրավեցին բեմը։
Այս օրերին ամենամտահոգիչը հրադադարի ռեժիմի սիստեմատիկ խախտումն է, որի հետևանքով ադրբեջանական զինուժը հարձակվել է Հայաստանի հետ սահմանային որոշ կետերի վրա՝ խորանալով մինչև 5 կմ դեպի հայկական տարածք։ Ուժի ցանկացած կիրառում դատապարտելի է: Այնպես ինչպես դատապարտելի է ինքնիշխան պետության՝ Հայաստանի դեմ ուժի կիրառման ցանկացած սպառնալիք:
Կարդացեք նաև
Տասնյակ հայ զինվորներ գերեվարվել են ադրբեջանական զինուժի կողմից: Ռազմագերիների նկատմամբ չեն ապահովվում Ժնևի երրորդ կոնվենցիայով նախատեսված իրավունքները, այլ ընդհակառակը, նրանց վերաբերվում են որպես «ահաբեկիչների»: Այս ամենն անընդունելի է։ Ժամանակն է, որպեսզի ռազմագերիները վերադարձվեն իրենց ընտանիքներին՝ առանց հապաղելու։
Լուրեր են ստացվում նաև մարդու իրավունքների խախտումների և կրոնական և էթնիկական հիմունքներով խտրականության վերաբերյալ բնակչության նկատմամբ, ով արդեն բավականաչափ տուժել է վերջին տարիներին: Ցավոք, հակամարտության տարածքները անհասանելի են ինչպես լրագրողների, այնպես էլ մարդասիրական բնագավառի աշխատողների համար։ Թեև պետք է հուսալ, որ նման լուրերն անհիմն են, սակայն անցյալը թույլ չի տալիս այդ հույսը տածելու:
Ճիշտ երեկ ՄԱԿ-ի Գերագույն դատարանի դատավորները հրամայեցին Ադրբեջանին ապահովել անցյալ տարվա Հայաստանի հետ պատերազմի ժամանակ գերեվարված բոլոր գերիների անվտանգությունը, կանխել հայերի դեմ ռասայական ատելության հրահրումը և դատապարտել մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմը:
Ուստի, մենք պահանջում ենք, որպեսզի Ադրբեջանը հետ քաշվի իր գրաված դիրքերից և անհապաղ վերադարձնի համապատասխան գերիներին։ Հակառակ պարագայում, Իտալիայի կառավարությունը պետք է լսելի դարձնի իր ձայնը, նաև Եվրոպայում, Բաքվի կառավարության նկատմամբ համապատասխան նախաձեռնություններ ցուցաբերելով և Կովկասում խաղաղության վերականգնման համար ցանկացած օգտակար միջոց օգտագործելով»։