Պատմաբան, դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանը փաստում է՝ նոյեմբերի 9-ին մենք զիջել ենք, հարցն այն է՝ դրանից հետո մենք ի՞նչ տեսակի պետություն պիտի լինենք:
Իր հեղինակած «Հայաստան-Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն» գրքի շնորհանդեսին հաջորդած դասախոսության ժամանակ հարցին՝ այդ զիջումներից հետո հիմա՞ որը պետք է լինի Հայաստանի համար գինը խաղաղության և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, Ժիրայր Լիպարիտյանն այսպես արձագանքեց. «Հարցն այն է, թե ինչպես մեզ պիտի պահենք: Ասենք, որ այդ մարդիկ վատն են, զիջելու բան չունենք, անդադար կռվի մեջ մտնե՞նք, թե՞ փորձենք հարցը լուծել՝ վերջապես այս ժողովրդին խաղաղություն տալով»:
Փաստմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրար հետ ուղերձներ են փոխանակում, և Թուրքիայից անընդհատ նշում են, թե կարող են ՀՀ-ի և Թուրքիայի հարաբերությունները կարգավորվել, սակայն դրա համար միջանցք է պետք, այս առիթով Ժիրայր Լիպարիտյանն արձագանքեց. «Մենք ընտրում ենք այն, ինչ ուզում ենք ընտրել: Էրդողանը պաշտոնական հայտարարության մեջ ասաց՝ մենք հարգում ենք ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Միջանցքի կապակցությամբ դա պաշտոնական չէ, դա քաղաքական հայտարարություն է և ի՞նչ է նշանակում միջանցք, մենք չգիտենք՝ հարցը ներկայացված է որպես սև ու սպիտակ կամ այն է, որ միջանցք պիտի տանք, ինքնիշխանությունը հանձնենք կամ էլ ընդհանրապես սահմանները պիտի բացենք: Հայտարարության մեջ գրված է, որ պիտի լինի միջանցք ռուս սահմանապահների հսկողության տակ: Սա հատուկ կարգավիճակ է և չի նշանակում անպայման ինքնիշխանություն»:
Կարդացեք նաև
Ըստ դիվանագետի՝ մեր պարտականությունն է պատրաստել այնպիսի այլընտրանքներ, որ մենք ասենք՝ մեր լուծումն ունենք և մեր ինքնիշխանությունը չենք կորցնում: Նա մանրամասնեց. «Կարող ենք ասել՝ փաստորեն մեր Սահմանադրությունն ասում է, որ ոչ մի թիզ հող հանրապետությունը որևէ մեկին իրավունք չունի տալու, սա սահմանադրական հարց է, բայց միջանկյալ լուծում պիտի գտնվի, որպեսզի այդ հարցը լուծվի»:
Նշենք, որ «Հայաստան-Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն» գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: Այն մեծածավալ աշխատության դեռևս առաջին հատորը. շարքի մյուս հատորները լույս կտեսնեն առաջիկա երկու տարիների ընթացքում: Հատորը ներառում է պատմաբանի՝ տարբեր տարիներին հրապարակված հոդվածներ և հարցազրույցներ, առաջին անգամ հայերեն ներկայացվող վերլուծություններ, մեծ թվով անտիպ նյութեր: Գրքում ներկայացված է Ցեղասպանության պատճառների նոր ուսումնասիրություն, որում ցուցադրվում է հայերից ձերբազատվելու երիտթուրքերի որոշման քաղաքական երեսը։ Գրքում զետեղված են Ցեղասպանության ժխտողականության պատճառներն ու բնույթը մերկացնող հոդվածներ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ