Լրահոս
Օրվա լրահոսը

«25 տարի այս իշխանությունները կուսակցությունների օժանդակությամբ որոշեցին պատերազմի վրա գրավ դնել, բայց ոչ խաղաղության». Ժիրայր Լիպարիտյան

Դեկտեմբեր 09,2021 21:55

«Մենք պատերազմ ենք գնացել. 25 տարի այս իշխանությունները, կուսակցությունների օժանդակությամբ որոշեցին պատերազմի վրա գրավ դնել, բայց ոչ խաղաղության: Գնացինք, պարտվեցինք: Սա է»,-հարցին՝ խաղաղության դարաշրջան կառուցելու իրատեսական հիմքեր տեսնո՞ւմ եք, այսպիսի կարծիք հայտնեց պատմաբան, դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանն իր «Հայաստան-Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն» գրքի շնորհանդեսին հաջորդած դասախոսության ժամանակ:

Անկախության առաջին տարիներին Ժիրայր Լիպարիտյանը եղել է ՀՀ կողմից Թուրքիայի հետ գլխավոր բանակցողը և գրքում կարևոր ճշտումներ է կատարում հայ-թուրքական բանակցությունների վերաբերյալ: Հատորը հիմնավորում է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականությունը: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մոտեցումները ներկայացված են պատմական, քաղաքական և հոգեբանական դիտանկյուններից: Գրքի վերջում զետեղված են նյութեր արցախյան 44-օրյա պատերազմին նախորդած և անմիջապես հաջորդած քաղաքական գործընթացների վերաբերյալ:

Ըստ Ժիրայր Լիպարիտյանի՝ Թուրքիայի հետ խաղաղության դարաշրջանի մեկնարկը կլինի, երբ մի քանի հարցեր լուծենք Թուրքիայի հետ: Նա մանրամասնեց. «Թուրքիայի հետ հարցը ներկայիս Ադրբեջանի հետ մեր հարաբերությունն է: Թեև որպես նախապայման չի ներկայացրել, բայց իրենց համար այդ միջանցքը՝ Նախիջևանը, կարևոր է ընդհանրապես ՀՀ-ի հարաբերությունն Ադրբեջանի հետ, որից հետո կարելի կլինի խոսել և ճանաչել: Ղարաբաղի հարցն էլ կա կարգավիճակի խնդիրը կա: Այս հարցը երկու երես ունի: Մեկն այն է, որ որտեղ է անկախությունը՝ Ղարաբաղը ՀՀ-ի մաս է կազմում, Ադրբեջանի, Չինաստանի, ՌԴ-ի, մյուսն այն է՝ տարածքային ձևով սահմանված ինքնավարություն ունի՞, թե ոչ»:

Խոսելով նոյեմբերի 9-ի հայտարարության մասին՝ նա ասաց. «Այդ թուղթը ստորագրեցինք, որպեսզի պատերազմը կանգնի: Այս է արդյունքը: Սա հայրենասիրության հետ այլևս կապ չունի: Մարդիկ հայրենասիրություն ասելով՝ կնկատեին մաքսիմում պահանջները. ոչ մի թիզ հող տալը, մաքսիմում ակնկալություններով, և դրա համար էլ ցնորական սցենարներով էին աշխատում, թե ՌԴ-ն ինչ կանի, ԱՄՆ-ն ինչ կանի: Իրատեսական չէին, բայց իրենք հայրենասիրական էին համարում ամեն բան ուզելը: Այդ տրամաբանությամբ գնացինք պատերազմ, այդ պատերազմը պարտվեցինք և թուղթ ստորագրեցինք»:

Ստեղծված իրավիճակում Ժիրայր Լիպարիտյանը երկու ճանապարհ է տեսնում: Գրքի շնորհանդեսին հաջորդած իր դասախոսության ընթացքում նա մանրամասնեց. «Իրականությունը պիտի ընդունենք և դրա հիման վրա փորձենք նվազագույն վնասով դուրս գալ այդ փաստաթղթի տակից, բայց ստիպված ենք հարգել: Այստեղ ոչ արդարությունը կապ ունի, ոչ այլ ինչ: Այն է, որ մենք ռազմականի վրա ուժ դրեցին ու պարտվեցինք: Սա դժվար է ընդունել և պարտվել ենք այն ձևով, որ չեմ կարծում՝ առաջիկա տարիներին կկարողանանք վերականգնել և վերականգնվել այնպիսի ձևով, որ գնանք Շուշին ու Հադրութն առնենք: Ես չեմ պատկերացնում: Ես խոսակցություն եմ ունեցել ՀՀ-ի և Արցախի ղեկավարների հետ, որ ինձ ներկայացնեն՝ ո՞նց են այդ քայլը պատկերացնում:

Պատկերացումը լինում է այն, որ եթե տեսականորեն մի քանի կետեր լինեն միաժամանակ, այդ հարցը կլուծվի: Ես չեմ տեսնում այդ վեց տեսականի յոթերորդը բոլորը միասին պատահեն, միաժամանակ, կամ բոլորն էլ մեզ սիրեն: Երեսուն տարի մեզ ասում են, որ Ղարաբաղը անկախություն չի ունենալու. Ադրբեջանն ասում է, ՌԴ-ն ասում է, Իրանն ասում է, Թուրքիան ասում է, ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը, Եվրոպան, ԱՄՆ-ն ասում են: Մենք այդ բոլորը մի կողմ դրած ուրիշ տրամաբանությամբ գնացինք և պարտվեցինք: Եվ հիմա պետք է նախ այն մասերը այդ նոյեմբերի 9-ի հայտարարության, որտեղ անորոշություն կա, դա մենք պետք է փորձենք առավելագույնս օգտագործել և նվազագույն վնասով դուրս գանք»:

«Հայաստան-Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն» գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: Այն մեծածավալ աշխատության դեռևս առաջին հատորը. շարքի մյուս հատորները լույս կտեսնեն առաջիկա երկու տարիների ընթացքում: Հատորը ներառում է պատմաբանի՝ տարբեր տարիներին հրապարակված հոդվածներ և հարցազրույցներ, առաջին անգամ հայերեն ներկայացվող վերլուծություններ, մեծ թվով անտիպ նյութեր: Գրքում ներկայացված է Ցեղասպանության պատճառների նոր ուսումնասիրություն, որում ցուցադրվում է հայերից ձերբազատվելու երիտթուրքերի որոշման քաղաքական երեսը։ Գրքում զետեղված են Ցեղասպանության ժխտողականության պատճառներն ու բնույթը մերկացնող հոդվածներ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031