Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը այսօր ԶԼՄ-ներին ներկայացրեց իրենց ավանդական հետազոտության արդյունքները: Վերջին հրապարակումը եղել էր 2021 թ. հունիսի 20-ի ընտրություններից հետո:
«Սովորաբար, մենք ընտրություններից հետո անդրադառնում ենք կառավարության 100 օրվա աշխատանքների գնահատականին, որպեսզի աշխատեն եւ հետո չասեն, թե մեզ խանգարել, խոչընդոտել են:
Կառավարության ձեւավորումը տեւեց բավականին երկար: Օգոստոսի կեսերին էր, որ այն վերջնականորեն ձեւավորվեց: 100 օրն արդեն անցել է եւ մենք իրականացրել ենք մեր հարցումները: Մեթոդաբանությունը հեռախոսային հարցումն է, ընտրանքի ծավալը՝ 1001, հետազոտության ընտրանքային սխալը՝ +- 3 %, հետազոտության իրականացման ժամանակահատվածը՝ 16.11.2021-27.11.2021. հետազոտության վայրը՝ Հայաստանի Հանրապետություն»,- տեղեկացրեց Արամ Նավասարդյանը:
Հարցերը շատ արդիական են եղել եւ շոշափել են երկրի քաղաքական, տնտեսական կառավարման որակները, ազգաբնակչության սոցիալական եւ հոգեբանական ոլորտները:
1001 հարցվածներին տրվել է 14 հարց.
Ընդհանուր առմամբ, բավարարվա՞ծ եք ձեր կյանքով:
Ինչպե՞ս եք գնահատում ձեր ընտանիքի նյութական (տնտեսական) վիճակը ներկայումս:
Ինչպե՞ս եք գնահատում մեր երկրի ներկա տնտեսական վիճակը:
Դուք (ձեր ընտանիքը) մեկ տարի հետո ներկա դրության համեմատ ավելի լա՞վ, թե ավելի վատ կապրեք:
Ներկա պահին որո՞նք են մեր պետության առջեւ կանգնած ամենակարեւոր խնդիրները:
Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ վարչապետի, ՀՀ կառավարության, ՀՀ ԱԺ-ի, ՀՀ նախագահի գործունեությունը:
Ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի ձեւավորած նոր կառավարության պաշտոնավարման 100 օրը:
1-ից 5 բալային համակարգով գնահատեք նախարարների աշխատանքը:
Այս 3 տարիների ընթացքում որքանո՞վ արդարացան անձամբ ձեր սպասումները հեղափոխությունից:
Գնահատեք վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործելաոճը:
Որքանո՞վ եք վստահում Նիկոլ Փաշինյանին:
Որքանո՞վ եք վստահում ներկայիս իշխանություններին:
Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք, Հայաստանում ներկա պահին կան քաղբանտարկյալներ:
Եթե առաջիկա կիրակի օրը լինեին խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք:
Արամ Նավասարդյանը տեղեկացրեց, որ համեմատելու համար բերել են տարբեր տարիներին՝ 2018-ից 2021 թվականներ, իրականացրած իրենց հետազոտությունների չորս փուլերի արդյունքները:
Պատկերը, մեղմ ասած, հուսադրող չէ: Շոշափված բոլոր ոլորտներում քաղաքացիների աչքում երկրի վիճակը անհամեմատ վատացել է, իսկ պետական ինստիտուտների ու բարձրաստիճան այրերի վարկանիշը խիստ անկում է ապրել, եթե չասենք գահավիժել է:Gallup-Int.-MPG-Political-2021-November-Nikol-vs-Newton
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ