ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում սպասվող հանդիպումը:
Նրա խոսքով՝ Մոսկվան ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կայունացմանն ուղղված ցանկացած ջանք և ակնկալում, որ հանդիպման արդյունքում կողմերը կվերահաստատեն հանձնառությունը եռակողմ հայտարարությունների իրականացմանը և սատարումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:
«Ինչպես գիտեք, այս փուլում նրա (ԵԱՀԿ ՄԽ-խմբ.) գործունեությունը կենտրոնացած է մարդասիրական ոլորտում առաջնահերթ խնդիրների լուծման վրա»,- ասել է Զախարովան:
Մեկնաբանելով Ադրբեջանի քայլը ՝ չմասնակցել Ստոկհոլմում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո նախատեսված արտգործնախարարների մակարդակով հանդիպմանը՝ Զախարովան նշել է, որ այդ առումով ամեն ինչ ասված է ՄԽ համանախագահների հայտարարության մեջ: Նա նշել է, որ պետք է խոսել ոչ այնքան, ու ոչ թե չկայացած հանդիպումների մասին, այլ այն մասին, թե ինչ պետք է լինի:
Կարդացեք նաև
Մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Ճարտարում հայ քաղաքացիական անձի սպանությունը՝ Զախարովան ասել, որ Մոսկվան անում է ամեն բան, որպեսզի տարածաշրջանում իրավիճակը չխորանա, «թեև որևէ բան երաշխավորել հնարավոր չէ»:
Զախարովան նաև նշել է, որ Սոչիի պայմանավորվածությունների իրականացման շրջանակում ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ազգային պատվիրակությունների ձևավորում՝ հանձնաժողովի ձևավորման հեռանկարով, որը կզբաղվի սահմանազատման և սահմանագծման հարցերով:
Նա նշել է, որ բարձր մակարդակով Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները հաստատեցին, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են հետագա քայլեր ձեռնարկել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
«Մենք ակտիվորեն աշխատում ենք ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման, այդ թվում սահմանային վեճերի և Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ»,- ասել է նա՝ հավելելով, որ շարունակվում են նաև ջանքերը եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ