Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում նոր հանքերի հայտերը մերժում են, երեւանամերձ տարածքում բազալտի հանք շահագործելու թույլտվություն կտա՞ն

Դեկտեմբեր 09,2021 18:55

Դեկտեմբերի 14-ին Արմավիրի մարզի Մերձավան համայնքում պետք է տեղի ունենան հասարակական լսումներ՝ համայնքի տարածքում գտնվող բազալտի հանքավայրը շահագործման հանձնելու վերաբերյալ: Հայտը ներկայացրել է «Խիճ» ՍՊԸ-ն: Լսումների մասին գրությունը Մերձավանի համայնքապետարան եկել է Շրջակա միջավայրի նախարարության Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ՊՈԱԿ-ից: Ըստ կարգի, ազդակիր համայնքի կամ համայնքների բնակիչների շրջանում պետք է տեղի ունենան հասարակական լսումներ եւ իրազեկում:

Նշյալ տարածքում բազալտ արդյունահանելու համար ընկերությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտ է ներկայացել Շրջակա միջավայրի նախարարություն: Թեեւ տարածքը Մերձավան համայնքում է, բայց գործունեության անվանումն է՝ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի բազալտների հանքավայրի Հաղթանակ տեղամասի շահագործում: Նախարարության կայքում տեղադրված նախագծից տեղեկանում ենք, որ հանքավայրին ամենամոտ բնակավայրերն են` Փարաքարը, Մեծամորը, Թաիրով գյուղերը, իսկ ամենամոտը Երեւան եւ Էջմիածին կայարաններն են, որոնք հանքավայրի հետ կապված են ասֆալտապատ ճանապարհներով համապատասխանաբար 9 եւ 18 կմ հեռավորությունների վրա:

Բացահանքի տարեկան արտադրողականությունը կազմում է 5990.0մ 3 բազալտի մարվող պաշար: Նախագծից նաեւ տեղեկանում ենք, որ
հանքավայրը որեւէ ընկերության կողմից չի շահագործվում եւ շահագործման հետ կապված ենթակառուցվածքները՝ արտադրական հրապարակը, լցակույտերը բացակայում են: Այն ժամանակին շահագործվել է «Գրանիտ» ԱԿ-ի կողմից: Նշվում է նաեւ, որ տեղանքը գյուղատնտեսական նպատակների համար չի օգտագործվում: Հանքի տարածքը գտնվում է բնակավայրերից հեռու, այստեղ բացակայում են գործող արդյունաբերական եւ խոշոր գյուղատնտեսական ձեռնարկություններ:

Հիշեցնենք, սակայն, որ այս պահին Երեւանում նոր հանքավայրերի հայտերը մերժվում են: Այս մասին հայտնել է Երեւանի քաղաքապետարանը՝ ի պատասխան մի շարք ՀԿ-ների հարցմանը: Քաղաքապետարանը մերժումը պայմանավորել է օդի բարձր աղտոտվածությամբ ու բնակչության եւ մասնագիտական հանրույթի շրջանում գերակշռող բացասական կարծիքներով:

Մերձավանի համայնքապետարանից Aravot.am-ին հայտնեցին, որ այս թեմայով հասարակական լսումներ արդեն մեկ անգամ տեղի են ունեցել եւ դժգոհ կամ հանքի շահագործմանը դեմ բնակիչ չունեն, սակայն չեն կարող ասել՝ ինչպիսն կլինեն 2-րդ լսումների արդյունքները:
Փարաքարի համայնքապետարանից  նույնպես որեւէ կարծիք չհայտնեցին՝ նշելով, որ այս պահին ընթանում են համայնքների միավորման գործընթացները եւ մինչեւ խոշորացված համայնքի ավագանու նիստ չլինի եւ չընտրվի համայնքի ղեկավարը, ոչինչ, այդ թեմայով, չեն կարող ասել:

Նշենք, որ համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում Մերձավան համայնքը միավորվել է Փարաքարին:

Թե ինչպիսի վնաս կարող է հասցնել Մերձավանի բազալտի հանքի շահագործմանը կամ՝ կհասցնի թե ոչ, մեր հետ զրուցած բնապահպանները նշեցին, որ նախագիծը մանրամասն կուսումնասիրեն՝ կասեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031