«Ժողովրդավարություն եւ անվտանգություն» ՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը այսօր «Հայելի» ակումբում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ԱԺ-ում ընդդիմությանը հասցեագրած արտահայտությանը, թե ինքը փակ նիստում կապացուցի, որ նախկինները 2016 թվականին արդեն վաճառել էին Արցախը:
«Երբ երկրի վարչապետը հայտարարում է՝ հրավիրեք փակ քննարկում եւ ես կապացուցեմ, որ դուք դավաճան եք, երբ ընդդիմադիր մի գործչի ասում է՝ դու թուրքական գործակալ ես եւ ես դա փաստերով կարող ես ապացուցել, հանրության մի հատված մտածում է. գուցե իրապե՞ս այդպես է:
Հիմա ես փաստերով կխոսեմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման այն փաթեթի մասին, որը ժառանգել է Նիկոլ Փաշինյանը: Ես կարող էի մեջբերել ի պատասխան Հայաստանի իշխանության՝ Արցախը ծախված էր եւ նախկինները բերեցին, գցեցին էս հարիֆի ջեբը հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովի 2021 թվականի հունվարի հարցազրույցից մի հատված եւ հարցը կփակվեր:
Հիմա ես մի ուրիշ հարց եմ տալիս: Այդ դեպքում ինչո՞ւ 2016 թվականի հոկտեմբերին Ալիեւը հայտարարեց, մեջբերում եմ բառացի, որ չասեն՝ խեղաթյուրում եմ. «Փակ դռների հետեւում ինձ ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը եւ իմ վրա միջազգային մեծ ճնշում կա»: Եթե Ալիեւը 2016-ին հայտարարում է, թե իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, այդ ո՞նց եղավ, որ ըստ Նիկոլ Փաշինյանի 2016-ի փաթեթում արդեն ինչ մանեւր էլ լիներ, Արցախը մնալու էր Ադրբեջանի կազմում:
Կարդացեք նաև
Որպեսզի իրենց քարոզիչները տառից, բառից չկառչեն, տարեթվերով նշել եմ թվերը եւ հիմա ուզում եմ հիշեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների ստորագրությամբ՝ 2009, 2010, 2011, 2012 եւ 2013 թվականների հայտարարությունները, որոնցում հստակ է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը չէր կարող լուծվել այն համատեքստում, ինչը տեսնում է Ադրբեջանը:
Վերադառնամ Իգոր Պոպովի հայտարարությանը: Նա ասում էր. այն, ինչը առաջարկել են համանախագահողները Նիկոլ Փաշինյանին որպես ժառանգություն, հետեւյալն էր:
Առանց պատերազմի (այստեղ պետք է հիշել առանցքայինը՝ առանց 5000 զոհերի) հանձնվում էին հինգ շրջաններ, որից հետո Քարվաճառը եւ Լաչինը մնում էին հայկական վերահսկողության ներքո այնքան ժամանակ, մինչեւ իրավական ուժ ունեցող հանրաքվեով որոշվում էր Արցախի միջանկյալ կարգավիճակի հարցը: Եվ այդ ընթացքում, երբ որ իրավական ուժ ունեցող հանրաքվեով պիտի որոշվեր Արցախի կարգավիճակը, Արցախը դառնում էր սուբյեկտ, Արցախը մասնակցում էր ԵԱՀԿ նիստերին, Արցախի զինված ուժերը եւ դատարանը իրավական կարգավիճակ էին ստանում: Այսինքն, Արցախը, ըստ էության, դառնում էր միջազգային սուբյեկտ:
Եվ սրանից հետո կանգնել եւ երեկ հայտարարել, թե փակ նիստ հրավիրեք, եւ ես կապացուցեմ, որ նախկիննե՞րն են հանձնել Արցախը…»,- տարակուսած հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ