«Շահարկումներ կան, թե փորձ է արվում խոչընդոտել լրագրողական գործունեությունը, սահմանափակել խոսքի ազատությունը։ Շեշտեմ, որ պատասխանատու լրատվությունը, օբյեկտիվ տեղեկություն մատուցելը լրագրողների սուրբ պարտականությունն է։ Որքան օրենքն օգնում է իրենց այդ հարցում, այնքան բարձրանում է լրատվամիջոցի հեղինակությունը»,-ԱԺ լիագումար նիստում այսօր խոսելով «ԶԼՄ-ների մասին օրենքում» փոփոխությունների նախագծից՝ ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության 5 պատգամավորների հեղինակած փոփոխություններով՝ անանուն, չնույնականացվող աղբյուրներին հղում անելը ԶԼՄ-ների համար առաջ կբերի պատասխանատվություն։ «Եթե պարզվի, որ բովանդակության հետ խնդիր կա, պատասխանատվությունը կրում է ԶԼՄ-ն, եթե պարզվի, որ տեղեկությունն, օրինակ, սուտ է։ Այդ չնույնականացված ալիքի տերը կարող է նստած է Բաքվի սրճարաններից մեկում եւ վտանգավոր տեղեկություն է ուզում տարածել»,-դեռեւս հոկտեմբերին՝ առաջին ընթերցման ժամանակ, ասել էր ՔՊ-ական պատգամավոր, նախագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը։
«Վստահ եմ՝ նախագծին ծանոթացող լրագրողները չեն ունենա որեւէ մտահոգություն։ Մտահոգվել կարող են միայն այն լրագրողներն ու ԶԼՄ-ները, որոնք փորձում են ապատեղեկատվություն տարածել եւ ազատվել պատասխանատվությունից։ «Ֆեյք նյուզ» տարածելն անընդունելի է ողջ աշխարհում։ Լրատվական դաշտում կոռուպցիան նույնքան վտանգավոր է, որքան մյուս ոլորտներում։ Սա ԶԼՄ-ներին թափանցիկ եւ հաշվետու գործելու հնարավորություն է տալիս»,-շեշտեց Կարեն Անդրեասյանը։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը կարծիք հայտնեց, որ խոսքի ազատությունը ենթակա է կարգավորման, բայց ոչ սակարկման․ «Խոսքի ազատության որոշակի սահմանափակումների դիրքերից ելույթ ունեցավ Կարեն Անդրեասյանը։ Վստահ եմ՝ նա շատ ավելի երկար ժամանակ հանդես է եկել խոսքի ազատությունը պաշտպանելու դիրքերից, քան հակառակը։ Ցավում եմ, որ նա այսօր այդ դիրքում է»։ Պատգամավորի խոսքով՝ կարող է լինել իրավիճակ, երբ ԶԼՄ-ի նյութը սկզբնական շրջանում դիտարկվի որպես զրպարտություն, հետո պարզվի, որ ճիշտ է․ «Այս օրենքով սահմանափակում ենք այս նրբությունը։ ԶԼՄ-ին խոսքի ազատության ավելի լայն հնարավորություններ պետք է շնորհել»։
Կարդացեք նաև
ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանն էլ իր հերթին շեշտեց՝ ՀՀ-ն բացառություն չէ այն հարցում, որ «ֆեյք նյուզն» այսօր սպանիչ գործունեություն ունի․ «Ընդդիմության կողմից, ըստ օդում կախված լուրերի, ֆինանսավորվող «ֆեյքային» էջերի եւ ԶԼՄ-ների կողմից հազարավոր ապատեղեկատվական նյութեր են տարածվել պատվաստանյութերի եւ կորոնավիրուսի մասին»։
«Հայաստան» դաշինքից Լիլիթ Գալստյանն էլ համոզմունք հայտնեց, որ այս նախագիծը նպատակ ունի վախի մթնոլորտ եւ տոտալ վերահսկողություն սահմանել, ԶԼՄ-ների վրա դնել հետախուզական գործառույթներ․ «Հայաստան» դաշինքը դեմ է քվեարկելու»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լրացում. 10 դեկտեմբերի. նախագծի երկրորդ ընթերցմանը կողմ քվեարկեց 62, դեմ՝ 25 պատգամավոր, որոշումն ընդունված է։