Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում քննվում է փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի եւ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի հայցն ընդդեմ գլխավոր դատախազության անգործության, որով պահանջվում է քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված պետական դավաճանության առերեւույթ հանցագործության հատկանիշներով:
Լրագրողների հետ զրույցում Հակոբ Մարտիրոսյանը տեղեկացրեց՝ հունիսի 15-ին Արծվիկ Մինասյանի հետ ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին Նիկոլ Փաշինյանի և առանձին պաշտոնատար անձանց կողմից պետական դավաճանություն կատարելու և քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մասին:
Փաստաբանն այս առիթով պարզաբանեց. «Հանցագործության մասին հաղորդումը, եթե քննվում է, պետք է կայացվի երեք որոշում՝ քրեական գործ հարուցելու, քրեական գործի հարուցումը մերժելու մասին կամ ըստ ենթակայության՝ ուղարկելու որոշում: Իմ կարծիքով և համոզվածությամբ և՛ առիթը կա, և՛ հիմքերը, բայց տարակուսելի և ինձ համար անբացատրելի ու անհասկանալի է, որ հիշյալ ամբողջական բողոքը տրոհել են մասերի, մի մասն ուղարկել են ԱԱԾ-ում քննվող քրեական գործի հետ ընթացքը լուծելու, մյուս մասը ՀՔԾ-ում քննվող գործի հետ ընթացքը լուծելու: Մի բան, որը քրեական դատավարության օրենսգրքով կարգավորված չէ, և չկա նման նորմ: Այսինքն՝ պաշտոնյայի կողմից թույլ է տրվել ակնհայտ անօրինականություն և ամբողջական հանցագործության մասին հաղորդումը տրոհվել է առանձին մասերի և ուղարկվել քննվող քրեական գործերի հետ ընթացքը լուծելու»:
Հակոբ Մարտիրոսյանը նշեց, որ դատական նիստի ընթացքում կփորձեն տեղեկություն ստանալ՝ իրենց հաղորդումն ինչ ընթացքի մեջ է՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը հարցաքննվե՞լ է: Այս առիթով նա հիշեց, որ երբ ՀՀ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Արամ Վարդևանյանը Նիկոլ Փաշինյանին հարց հղեց, թե նա եղե՞լ է նախաքննական մարմնում, Նիկոլ Փաշինյանը տարակուսեց ու ասաց՝ ի՞նչ նախաքննական մարմին, ես եղել եմ ամենամեծ նախաքննական մարմնում. ժողովրդի մոտ, և ժողովուրդն ինձ համար դատավճիռ է կայացրել: Հակոբ Մարտիրոսյանն այս առնչությամբ ասաց. «Ամբողջ խնդիրն այն է, որ անգամ առաջին կուրսի ուսանողը գիտի, որ ժողովուրդը չի կարող դատավճիռ կայացնել, դատավճիռ չի կարող կայացնել մեղադրողը և ուրիշ ոչ ոք, միայն դատավճիռ կարող է կայացվել քրեական գործով և այն էլ դատարանի կողմից: Տպավորություն է ստեղծվում, որ նման հայտարարությամբ ուղղակիորեն ճնշում են գործադրում դատարանների վրա: Սա անուղղակի ձևով հայտարարություն է, որ ինքը չի մասնակցելու կամ դատարան չի գնալու կամ նախաքննական մարմին չի գնալու»:
Կարդացեք նաև
Հակոբ Մարտիրոսյանն այս առիթով հիշեցրեց ՄԻԵԴ նախադեպային որոշումը, որտեղ ՄԻԵԴ-ը հստակ դիրքորոշում է արտահայտում, որ կառավարության որևէ ներկայացուցիչ անձի մեղավորության և նրա կատարած արարքի մասին չի կարող հենց այնպես հայտարարություն անել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ