Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ԵՊՀ-ում ներկա գտնվեց Ամերիկագիտության կենտրոնի բացմանը: ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը ուրախալի որակեց առիթը, ասաց, որ ամերիկագիտության կենտրոնի բացումը կարեւոր է նրանով, որ մի քանի բաղադրիչ ունի՝ կրթական եւ հետազոտական. «Այն արդյունքն է ԵՊՀ-ի, ԱՄՆ դեսպանատան եւ Արիզոնայի պետական համալսարանի համագործակցության: Մեր համագործակից կազմակերպությունը Արիզոնայի պետական համալսարանն է, որի հետ արդեն իսկ համագործակցության փորձ ունեինք»:
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ձեւակերպմամբ, ամերիկագիտության ծրագիրը բավականին լավ հնարավորություն է ուսանողների համար տարբեր ոլորտներում՝ ԱՄՆ քաղաքական, մշակութային, կրթական համակարգերը հասկանալու եւ իրենց փորձը ներդնելու առումով:
Կարդացեք նաև
«Հետազոտողների համար եւս սա բավականին լավ փորձառություն է՝ այդ ոլորտներում հետազոտություններ իրականացնելու համար: Կենտրոնի հիմքի վրա մենք ունենք մագիստրոսական ծրագիր, որտեղ այս տարի 11 ուսանող է ընդունվել: Ես վստահ եմ, որ այդ ուսանողներն իրենց տեղը կգտնեն՝ թե աշխատաշուկայում, թե տարբեր ոլորտներում, իրենց գիտելիքները կկիրառեն հայ-ամերիկյան հարաբերությունները էլ ավելի խորացնելու ուղղությամբ»,-հավելեց Հովհաննես Հովհաննիսյանը:
Հայաստանում ԱՄՆ դեսպանը Լին Թրեյսիի խոսքով, Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի բացումը եւ ամերիկագիտություն կրթական ծրագրի մեկնարկը նշանակալի իրադարձություն են: «Մագիստրոսական այս ծրագիրը հնարավորություն է հայ ուսանողների համար, որպեսզի Հայաստանում կարողանան ուսումնասիրել ամերիկյան քաղաքականությունը, դիվանագիտությունը, տնտեսությունը… Այն ուսանողների համար հնարավորություն կընձեռի ձեռք բերել հմտություններ, որոնց շնորհիվ կկարողանան ավելի լավ ճանաչել Միացյալ Նահանգները եւ հայ լսարանին, հայ հանրությանը բացատրել ամերիկյան իրողությունները»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ ԵՊՀ-ի