Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Խաչատրյանն ուզում է «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների հետ հուշագիր ստորագրել՝ իրար չվիրավորելու ու չվերացնելու մասին

Դեկտեմբեր 09,2021 16:49

«Անթույլատրելի է հայհոյանքը, բայց ես համոզված չեմ, որ ձեր նկարագրած դեպքում պատգամավորներ են հայհոյել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում ՔՊ պատգամավորների եւ ՀՅԴ-ական պատգամավորների օգնականների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքին:

Լրագրողները հուշեցին, որ տեսանյութեր կան, երեւում է՝ Վիգեն Խաչատրյանն արձագանքեց. «Հա՞: Եթե կա, ես դա համարում եմ ծայրահեղ անընդունելի բան»: Թե ի՞նչ հետեւանքներ պետք է ունենա այդ արարքը՝ Վիգեն Խաչատրյանը պատասխանեց. «Դա արտացոլանքն է փոխադարձ ծայրահեղ անհանդուրժողականության: Քաղաքական պայքար ասածին պետք է վերջ տալ եւ մտնել քաղաքական մրցակցության դաշտ: Փոխադարձաբար մերժումը մեզ ոչ մի տեղ չի տանի, առավել եւս՝ հանրապետության այս վիճակում: Բայց եթե անկեղծ լինենք, ջրաղացին ջուր են լցնում, այդ ռեւանշիստական տրամադրություններով լցված մասսա կա Հայաստանում, որը չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ այս իշխանությունը օրինական է եւ մինչեւ հաջորդ ընտրությունները պետք է աշխատել, ոչ թե ամեն ինչ անել, որ օր առաջ տապալվեն: Սա չի կարող բերի համագործակցության մթնոլորտի: Երբ որ դահլիճում ընդդիմությունն ասում է, որ իշխանությունը պետք է օրինակ ծառայի, ճիշտ են ասում, չեն գիտակցում, որ իրենք իշխանության մաս են: Իրենք էլ են իշխանություն»:

Նա ասաց, որ կողմերը պետք է նստեն ու փոխադարձ պայմանավորվածություն ձեռք բերեն, թե ինչ չպետք է անեն:

Մեր դիտարկմանը, որ դուք տեղափոխում եք ընդդիմության դաշտ, բայց խնդիրը ձեր խմբակցության ներսում է, այդ մի քանի հոգին պարբերաբար միջադեպերի կիզակետում է հայտնվում, դուք մեծի կարգավիճակով չե՞ք կարող նրանք հավաքել ու ասել, որ Ազգային ժողովի շենքը չի կարելի վերածել փողոցային «ռազբորկաների» տեղի՝ Վիգեն Խաչատրյանը պատասխանեց. «Դուք դեպքի հերոսներից մեկին տեսա՞ք ով էր՝ ոչ պատգամավոր: Իմ խորը համոզմամբ, այդ կարգի էլեմենտներին չի կարելի այս շենք բերել ու նրան այս շենք բերող պատգամավորը պակաս մեղավոր չի: Խնդիրը լինում է երկկողմանի, շեշտել անընդհատ մի կողմին, ոչ ես եմ ճիշտ վարվում, ոչ դուք»:

Նա ասաց, որ պատգամավոր, թե օգնական, տարբերություն չկա. «Յուրաքանչյուր պատգամավոր, ով այս շենք բերում է օգնական, պետք է իրեն հաշիվ տա՝ այդ մարդու պահվածքը որքա՞ն է ադեկվատ՝ քաղաքակիրթ հարաբերություններ ստեղծելու առումով: Եթե անգամ դուք չփորձեք երկու կողմում տեսնել պատճառ, հետեւանք անընդհատ կլինի: Երկու կողմը պիտի նստեն, ես հիմա այդ ուղղությամբ աշխատում եմ, մենք չենք կարող «Հայաստան» դաշինքի եւ «Պատվիվ ունեմ»-ի հետ հարցերի լուծման նույն մոտեցումն ունենալ, դա բացառվում է ու դա նորմալ է: Բայց մենք կարող ենք հրապարակավ, որը պիտի արվի, ըստ երեւույթին, մի հատ հուշագիր ստորագրենք՝ ինչ պիտի չանենք՝ չպիտի միմյանց մեղադրենք, վիրավորենք, կեղծ, սուտ խոսենք, միմյանց քաղաքական ասպարեզից վերացնելու քաղաքականություն վարենք: Հայաստանը լուրջ պրոբլեմների առաջ է կանգնած: Այդ վիճակում պետք է հարաբերությունների մշակույթը փոխել»:

Երբ հարցրեցինք՝ ի՞նչ հուշագրի կարիք կա, ԱԺ կանոնակարգ օրենք կա, դրանից բխող դրույթներ կան, օրինակ, էթիկայի հանձնաժողով ինչո՞ւ չեն ստեղծում ծեծկռտուքի դեպքի հետ կապված՝ Վիգեն Խաչատրյանը պատասխանեց. «Տառակերությամբ մի զբաղվի: Ես ասում եմ լուծումը որտեղ է՝ կողմերը ընդունեն, որ ոչ թե պիտի մի միմյանց վերացնեն քաղաքականապես, այլ պիտի մրցակցեն: Դե հիմա դու գնա Ռոբերտ Քոչարյանին որը ղեկավարում է այս խմբակցությունը կամ Սերժ Սարգսյանին ասա՝ մի՛ վերացրեք միմյանց, նրանց նպատակը իշխանության վերացումն է, ո՞նց եք այստեղ դուք ենթադրում զսպվածություն, քաղաքակրթություն: Այն գլխից ռումբ են դրել: Եթե մենք համակերպվենք ժողովրդի կարծիքի հետ, ասենք՝ այս իշխանությանը ընտրեց, եկեք աշխատենք, դա նշանակում է քննադատել անխնա, խոշորացույցի տակ վերցնել, բայց նշանակում է վերջ տալ ՀՀ-ում քաղաքական ուժերի՝ միմյանց վերացելու ավանդույթը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031