ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ խուճապային տրամադրությունները չեն նպաստում մեր սահմանային անվտանգությանը, ուստի հորդորեց հետեւել ՊՆ պաշտոնական տեղեկատվությանը, ճշտել ՊՆ-ից:
Հարցին՝ Ալեն Սիմոնյանը ճշտե՞լ էր ՊՆ-ից, երբ գերիների վերաբերյալ աղմկահարույց տեսակետ էր հայտնում ՝ Արման Սարգսյանը պատասխանեց, որ Ալեն Սիմոնյանն արդեն պարզաբանել է ու հրապարակել տեսանյութի չմոնտաժված տարբերակը. «Ալեն Սիմոնյանը նաեւ նշել է, որ ՀՀ-ն ունի ստանձնած պարտավորություններ եւ ամեն ինչ անում է՝ մեր գերիներին վերադարձնելու ուղղությամբ»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ի վերջո Իշխանասարի հատվածում հակառակորդը նահանջե՞լ էր, թե՞ ոչ՝ փոխնախարարը պատասխանեց. «Եթե դուք Իշխանասարի մասին տեղեկատվություն ստանաք, հանրությանը դա օգնելո՞ւ է, թե՞ ոչ: Սահմանային գծի, շփման գծի զգայուն հարցերի վերաբերյալ ՊՆ բոլոր պաշտոնյաները հնարավորինս փորձելու են քիչ տեղեկատվություն տալ»:
Հարցին՝ թողնելու եք մարդկանց երեւակայությա՞նը՝ նա պատասխանեց. «Մարդկանց վստահաբար ասում ենք, որ մեր սահմանները պաշտպանվում են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից: Կհորդորեմ այս հարցերի վերաբերյալ չափից ավելի տեղեկատվություն չակնկալել, որովհետեւ դրանով դուք չեք օգնելու»:
Առաջնագծի կահավորման հետ կապված նա ասաց. «Մինչեւ տարեվերջ ամեն ինչ անելու ենք, որ հասցնենք: Ամեն ինչ իրականացվում է, որ պատշաճ կահավորում, ինժեներական աշխատանքներն իրականացվեն ինչպես կարգն է եւ մեր զինվորները գտնվեն այնպիսի վայրում…»: Հարցրեցինք՝ մեկ տարուց ավելի է անցել, չի կահավորվել, հիմա այս մի քանի օրո՞ւմ է կահավորվելու՝ ՊՆ փոխնախարարը պատասխանեց. «Տարուց ավելի կահավորվում է, անընդհատ պրոցես է»: Հարցին՝ ինչպե՞ս եք կահավորել, որ զինվորները վրաններում են, տեսանյութեր կան՝ քամին քշում, տանում է վրանը՝ Արման Սարգսյանը պատասխանեց. «Ոչ: Տեսանյութեր կան, թե ինչպիսի հրաշալի մոդուլային տնակներ ենք մենք կառուցել եւ տեղադրել»:
Հարցրեցինք՝ մոդուլային տնակները ընդամենը երկաթբետոնե պատնեշնե՞րն են՝ փոխնախարարը պատասխանեց, որ ոչ, այդ տնակները հնարավորություն են տալիս մեր զինծառայողներին հերթափոխ իրականացնելու պատշաճ, ապահոված են վառելափայտով, ամեն ինչով:
Մեր դիտարկմանը, որ պատգամավորներն ասում են՝ գնացել ենք, տեսել ենք՝ անգամ հեռադիտակի մի աչքը չի աշխատում՝ Սարգսյանը պատասխանեց. «Դուք հիշեք, որ պատերազմի արդյունքում ձեւավորվել են նոր սահմաններ ու դրա արդյունքում նոր ինժեներական աշխատանք է իրականացվում: Եթե ես ասեմ՝ այո, կա հեռադիտակ, որ լավ չի աշխատում, բանակին օգուտ տալո՞ւ է: Հնարավոր է, որ ինչ-որ տեխնիկա այդ պահին խափանված լինի, բայց դա անմիջապես փոխարինվում է»:
Ի դեպ, լրագրողներից մեկը ՊՆ փոխնախարարին նկարել էր ճաշարանում ճաշելիս: Փոխնախարարը հասցրել էր սոցցանցերում տեսնել հրապարակված նկարն ու արձագանքեց, որ ճաշող մարդկանց չպետք է նկարեն՝ լրագրողական էթիկայից ելնելով. «Ես էլ հեռախոս ունեմ, եթե ձեզ նկարեի…»:
Հարցին՝ Հին թաղերից ու Խծաբերդից զորքն ինչի՞ հիման վրա է դուրս բերվել ու եղե՞լ է բանավոր պայմանավորվածություն զորքը հետ քաշելու՝ փոխնախարարը պատասխանեց. «Ճաշարանում կհանդիպենք՝ կասեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ