Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կարմիր Խաչի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագանաթ Չափագայինին:
Վարչապետը կարևորել է Կարմիր Խաչի միջազգային ֆեդերացիայի հետ շարունակական ակտիվ համագործակցությունը՝ մարդասիրական և հումանիտար մի շարք խնդիրների լուծման գործում:
Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ընդգծել է Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով այնտեղ ստեղծված մարդասիրական մի շարք խնդիրների փաստը և դրանց կարգավորման ուղղությամբ Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը: Կառավարության ղեկավարը հավելել է, որ պատերազմից հետո մինչ օրս Ադրբեջանը շարունակում է չկատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և ընդգծել միջազգային կառույցների համարժեք արձագանքի կարևորությունը՝ հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձի ապահովման գործում:
Կարմիր Խաչի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագանաթ Չափագային նշել է, որ ՀՀ կառավարության հետ ձևավորվել է արդյունավետ և սերտ համագործակցություն ու ավելացրել, որ ֆեդերացիան ակտիվորեն շարունակելու է ջանքերը՝ նպաստելու հումանիտար տարբեր խնդիրների լուծմանը:
Կարդացեք նաև
Հանդիպմանը քննարկվել են նաև ֆեդերացիայի կողմից մեր երկրում իրականացվող մարդասիրական ծրագրերին վերաբերող հարցեր:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ