ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության Մշակույթի կենտրոնի հայտարարած՝ «Մեկ ամիս Իրանի ժամանակակից գրականության հետ» ծրագրի շրջանակներում ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության Մշակույթի կենտրոնը, համագործակցելով ԵԹԿՊԻ Երիտասարդական թատրոնի և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հետ, սույն թվականի դեկտեմբերի 8-ին ԵԹԿՊԻ Երիտասարդական թատրոնում կազմակերպել էր «Հայ-իրանական ժամանակակից պոեզիայի երեկո»:
Միջոցառման բացումն ազդարարվեց ԵԹԿՊԻ Երիտասարդական թատրոնի ղեկավար Արսեն Ազիզյանի կողմից։
Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության Մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայիին` համագործակցության առաջարկի համար և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոս Արմինա Սարգսյանին` կարճ ժամանակահատվածում պարսկերեն նոր սովորող ուսանողներին պարսկերեն բանաստեղծությունների ներկայացմանը պատրաստելու համար:
Կարդացեք նաև
Պարոն Ազիզյանը նշեց, որ այս գեղեցիկ միջոցառմամբ համագործակցության մեկնարկը տալով, լիահույս է, որ այն շարունակական բնույթ կկրի։ Մաղթելով բարի դիտում` առաջարկեց մաս կազմել հայ-իրանական այն գրական տրամադրությանը, որի կազմակերպման ժամկետները սեղմ են եղել, բայց ներդրված ջանքերը` մեծ։
Միջոցառման ընթացքում ԵԹԿՊԻ Երիտասարդական թատրոնի ուսանող – դերասանների կողմից հնչեցին պարսկերենից հայերեն թարգմանված Իրանի ժամանակակից բանաստեղծների ստեղծագործությունները, իսկ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի երկրորդ կուրսի ուսանողներն էլ պարսկերենով ներկայացրին հայ ժամանակակից բանաստեղծների ստեղծագործություններն ու իրանական ժամանակակից պոեզիայից հատվածներ:
Այս ամենը ուղեկցվեց հայ-իրանական ազգային երաժշտական գործիքների մեղեդային երաժշտությամբ:
Երեկոն ամփոփեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության Մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայիին՝ ընթերցելով հատվածներ Իրանի ժամանակակից պոեզիայի ակնառու ներկայացուցիչ Սոհրաբ Սեփեհրիի ստեղծագործություններից:
Միջոցառման ավարտին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը նշեց, որ շատ ուրախ է՝ հանդիպումից ու համագործակցության առաջարկից օրեր անց գործնական հաջող արդյունքի ականատեսը լինել, և լիահույս է, որ այս համագործակցությունը շարունակական բնույթ կկրի ու շուտով ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության Մշակույթի կենտրոնի կողմից առաջարկված համապատասխան իրանցի գործընկեր հաստատության հետ համագործակցության հուշագիրը կկնքվի, ինչով նոր զարկ կտրվի երկու երկրների թատերական համագործակցությանը:
Արմինա ՍԱՐԳՍՅԱՆ