Լրահոս
Օրվա լրահոսը

«Զգույշ եղեք՝ մնացածը չպատմեմ»․ ԱԺ-ում հիշեցին Մհեր Սեդրակյանի «ծնոտ պոկելը», Փաշինյան-Արտաշես Գեղամյան բռունցքներով վեճը

Դեկտեմբեր 09,2021 15:31

«Դուք ստիպեցիք ասեմ։ Ձեր իշխանությունը 1000-ավոր դագաղներ է բերել Եռաբլուր։ Ձեր իշխանության՝ համաճարակի թերի կառավարման խնդիրների պատճառով հազարավոր դագաղներ կովիդից են առաջացել։ Դուք ձեր ղեկավարած ԶԼՄ-ների նյութերը տեսե՞լ եք»,-ԱԺ լիագումար նիստում այսօր դիմելով իշխանական խմբակցությանը՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

Նա նշեց՝ երբ ՀՀԿ-ի իշխանության ժամանակ պատգամավորներից որեւէ մեկը լրագրողի կամ ընդդիմադիր պատգամավորի հանդեպ ոչ վայելուչ գործողություններ էր անում, ՀՀԿ-ականներն արագ փորձում էին խնդիրը հարթել, որակում տալ կատարվածին․ «Կարող եք Նիկոլ Փաշինյանին հարցնել, թե ինչ էր տեղի ունեցել իր եւ Արտաշես Գեղամյանի միջեւ միջադեպից հետո։ Նա մինչեւ կյանքի վերջ կհիշի դա։ Իսկ ձեր դեպքում լրագրողների հանդեպ բռնություն է եղել, իսկ որակում չկա»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ի պատասխան ասաց, որ դագաղներից խոսելու եւ էմոցիաների վրա խաղալու հարցում չափեր կան․ «Դահլիճում քֆուր տվող ՀՀԿ-ականներին բոլորը գիտեն, լրագրողի ծնոտ ջարդողներին՝ եւս»։

«Հայաստան» դաշինքից Արամ Վարդեւանյանն էլ որպես օրինակ նշեց՝ այս դահլիճում կա մարդ, որը տեւական ժամանակ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում լրագրողի հանդեպ․ «Դուք օրինակ եք բերում ծնոտ պոկելը, իսկ ես ասեմ, որ հաջորդ օրն այդ պատգամավորը ներողություն է խնդրել, լրագրողն էլ ներել է։ Իսկ այստեղ նստած այդ մարդը ներողություն չի խնդրել»։

Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց․ «Ախր ես այդ հանդիպման շարունակությունն էլ գիտեմ, թե ինչպես են հանդիպել, ինչ են պարզաբանել, թե ում պատճառով եւ ում հորդորով է եղել այդ միջադեպը։ Զգույշ եղեք, որ մնացածն էլ չպատմեմ»։

 

Հիշեցնենք՝ ԱԺ-ն այս տարի ընդունել էր իշխանական «Իմ քայլը» խմբակցության հեղինակած փաթեթը, որով ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը, պատժվում է տուգանքով, իսկ պարբերաբար կրկնվելու դեպքում՝ մեկ ամիս կալանքով։

«Հայաստան» դաշինքից Աղվան Վարդանյանն առաջարկում է անվավեր ճանաչել 137.1. հոդվածը, որը մասնավորապես սահմանում է՝ միեւնույն անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը պարբերաբար կրկնելու դեպքում պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով: ՔՊ-ականները դեմ են արտահայտվում առաջարկին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ». Լրագրող Մհեր Արշակյանի կինը՝ լրագրող Հասմիկ Համբարձումյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի կողմից լրագրող Մհեր Արշակյանի ծնոտը կոտրելու սպառնալիքի դեպքի մասին, որը 2012-ին էր տեղի ունեցել, Ազգային ժողովում վերջին ժամանակներում շատ է հիշվում: Ով ինչ կոնսպիրոլոգիական մտահանգումներ ունի, հայտնում է:

Արամ Վարդևանյանն ասում է՝ տեսել է, թե ինչպես են տեսանյութում երկու տղամարդ իրար հետ խոսում, և ինչպես է լրագրողը ներում նրան: Նախ՝ լրագրողին ճանաչելով ասում եմ, որ Մհերը Սեդրակյանին ներել էր հենց դեպքի պահին, հենց այդ բառն ասելիս, քանզի Մհերն էդպիսին է, նրա մեջ չարություն չկա: Եվ կներեք, Սեդրակյանը իր կամքով չի գնացել այդ քայլին: Նախ՝ այդ դեպքից հետո Բաղրամյան 26-ից, առանց Սեդրակյանի իմացության, մի քառատող տարածվեց, որ թյուրիմացություն է եղել կատարվածը ու հետո նույն Բաղրամյան 26-ի հորդորով (չեմ ուզում ասել ճնշմամբ) Սեդրակյանը խոսեց Արշակյանի հետ: Գուցե մանր դրվագներ չհիշեմ, բայց էսքանն է եղել: Ու սա է էականը:

Բայց հանուն արդարության, նաև պետք է ասեմ, որ շատ Հանրապետականներ՝ Շարմազանով, Աշոտյան, Եսայան, Հովհաննես Սահակյան ու երևի էլի մարդիկ և իրենց հարցազրույցներում, և մասնավոր զրույցներում ներողություն ու մեծ ցավ են հայտնել իրենց գործընկերոջ վարքագծի կապակցությամբ:

Բա տեսնեիք՝ լրագրողական համայնքն ինչ միասնական էր էս դեպքի ժամանակ, երբ առանձին հայտարարություններով դատապարտվեց պատգամավորի արարքը: Ինչքան հիշում եմ՝ գործը հասավ նաև ԱԺ էթիկայի հանձնաժողով:

Չեմ հասկանում իմաստը էս դեպքը անընդհատ հիշելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031