Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը: Փաթեթով առաջարկվում է բացառել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների հետագա օրինականացման հնարավորությունը: Մասնավորապես, նախագծերով առաջարկվում է սահմանել երկու ռեժիմ մինչև օրենքն ուժի մեջ մտնելը կառուցված ինքնակամ կառույցների և օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների համար:
Այսպես՝մինչև օրենքի ուժի մեջ մտնելը կառուցված և ինքնակամ կառույցների հաշվառման կարգ սահմանող Կառավարության որոշմամբ սահմանված կարգով հաշվառված ինքնակամ կառույցների օրինականացման նկատմամբ տարածվում են մինչև օրենքի ուժի մեջ մտնելը գործող կարգավորումները, այդ թվում` դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերի դրույթները: Նշյալ կարգավորումները գործելու են նաև կիսակառույց ինքնակամ կառույցների՝ մինչև օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ կառուցված հատվածի վրա: Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո արգելվելու է ինքնակամ կառույցների օրինականացումը և վերջիններս ենթակա են լինելու քանդման: Ընդ որում, ինքնակամ կառույցների քանդման համար նույնպես նախատեսվում է երկու ռեժիմ: Առաջին դեպքը վերաբերում է հողամասի սեփականատիրոջ կողմից իր կողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդմանը (ապամոնտաժմանը): Մասնավորապես, ըստ Քաղաքացիական օրենսգրքի նախագծով առաջարկվող իրավակարգավորման, հողամասի սեփականատերը կարող է առանց դատարան դիմելու քանդել իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը: Երկրորդ իրավիճակը վերաբերում է ուրիշի հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման հնարավորությանը, որը հնարավոր է իրականացնել բացառապես դատական կարգով: Միևնույն ժամանակ, սահմանվել է, որ պետական կամ համայնքային հողամասերում կառուցված ինքնակամ կառույցների քանդման մասին որոշում կայացնում է համայնքի ղեկավարը:
Կարդացեք նաև
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշել է, որ ապօրինի կառույցների օրինականացման գործընթացում մի գիծ է քաշվելու, որից հետո ինքնակամ կառույցներն այլևս չեն օրինականացվելու։ «Բայց, քանի որ կառավարությունը նպատակ չունի այնպես անել, որ արդեն իսկ կառուցված շինությունների սեփականատեր քաղաքացիներն ու իրավաբանական անձինք մեծ վնասներ կրեն ու ամբողջը քանդվի, կա մի հստակ մեխանիզմ, որով նախատեսվում է, թե ինչպես են օրինականացվելու մինչև օրենքի ընդունման պահը կառուցված ինքնակամ շինությունները»,– ասել է նախարարը:
Ըստ այդ մեխանիզմի՝ հատկապես արագ կարգով պետք է օրինականացման գործընթաց սկսեն այն քաղաքացիները, որոնք ինքնակամ շինություններ են կառուցել 2021թ–ի հունվարի 1-ից հետո` մինչև օրենքի ուժի մեջ մտնելը։ Այդ քաղաքացիներին տրվելու է երկամսյա ժամկետ՝ Կադաստրի կոմիտե դիմելու համար: Երևան քաղաքում կառուցված ինքնակամ շինությունների օրինականացումը կարող է կատարվել մինչև 2023թ–ի հունվարի 1-ը, ՀՀ այլ քաղաքային համայնքներում` մինչև 2024թ–ի հունվարի 1-ը, իսկ գյուղերում` 2025թ–ի հունվարի 1-ը։
Կարեն Անդրեասյանը նշել է, որ օրինագծով նաև խստացվում է այն համայնքների ղեկավարների նկատմամբ պատասխանատվությունը, որոնք անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկի համայնքային ու պետական հողերն ապօրինի շինություններից ազատելու ուղղությամբ։
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է այս պահին նման օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը: «Կարծում եմ, մի նրբություն կա, որը ոչ երկրորդական նշանակություն ունի այս քայլին, այս բարեփոխմանը գնալու համար: Դա այն է, որ Կադաստրի կոմիտեն իրականացնում է Հայաստանի բնակավայրերի օդային լուսանկարահանումներ: Արդյունքում՝ կունենանք Հայաստանի Հանրապետությունում X ամսաթվով առկա բոլոր շինությունների մասին տեղեկություններ: Մենք խնդիր ունեինք, մի X պահի ֆիքսել, որ սրանք են Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող կառույցները, և այլևս որևէ նոր կառույցի ի հայտ գալը կարող ենք արձանագրել»,-ասել է վարչապետը:
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը տեղեկացրել է, որ դաշտային ամբողջ աշխատանքները 100 տոկոսով ավարտված են: «Այս պահի դրությամբ տվյալների մշակման փուլում ենք գտնվում. որոշակի մասը արդեն մշակված է: Եվ, ըստ էության, մենք կարող ենք արձանագրել, որ 2021 թվականին ամբողջ հանրապետության տարածքը նկարահանված է: Այսինքն՝ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կառուցված բոլոր ինքնակամ շինություններն առկա են օդային նկարների վրա: 2021 թվականին կառուցված ինքնակամ շինությունները պետք է ներկայացվեն հատուկ հաշվառման, որով մենք, ընդհանուր առմամբ, փակելու ենք Հայաստանի Հանրապետությունում ինքնակամ շինությունների առկայությունը և դրա, այսպես ասած, ինվենտարիզացիան: Եվ օդային լուսանկարները մեզ մոտ պատրաստ կլինեն ամեն ինչով բաղդատված՝ պլանշետներով և այլնով: Մոտավորապես 1-2 ամսվա աշխատանք ունենք դեռևս կատարելու և վերջնական արդեն կունենանք: Բայց նկարահանումները, դաշտային աշխատանքները 100 տոկոսով ավարտված են»,-ասել է Սուրեն Թովմասյանը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև մինչև օրենքի ուժի մեջ մտնելը կառուցված շինություններին օրինականացնելու իրավունք տալու հարցին՝ մտահոգություն հայտնելով, որ հնարավոր է դա կարող է մարդկանց դրդել մինչ այդ ապօրինի շինարարություններ անել: Քննարկման արդյունքում որոշվել է գործընթացն արագացնելու ու ժամկետներից օգտվելու հնարավորությունը կանխելու համար օրինագծերի փաթեթը ճանաչել անհետաձգելի և ներկայացնել ԱԺ արտահերթ նիստում քննարկելու ու ընդունելու համար։ «Արտահերթ նիստ հրավիրենք, արագացված ընթացակարգով այս օրենքն ընդունենք, բայց այս ընթացքում էլ նաև նախագծի հեղինակները պետք է մեր բարձրացրած մտահոգությունները ինչ-որ ձևով հասցեագրելու, լուծելու միջոցներ գտնեն»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցները հնարավոր ապօրինի շինությունները կանխելու համար:
Հավանություն է տրվել նաև «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի հիմնական նպատակն է կանոնակարգել և հստակեցնել առաջացած հարցերը, վերանայել օրենսգրքի առանձին դրույթները և սահմանել նոր կարգավորումներ: Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է հստակեցնել, որ ստուգման կամ ուսումնասիրության վաղեմության ժամկետի ընթացքը երկարաձգվում է կասեցման ժամանակահատվածում ներառված աշխատանքային օրերի քանակի չափով: Հարկ վճարողներին հնարավորություն կտրվի ստուգման կամ ուսումնասիրության ընթացքը կասեցված լինելու դեպքում ներկայացնել ստուգվող հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշվարկներ:
Կառավարության հավանությանն են արժանացել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Օրինագծերի ընդունմամբ կսահմանվի հարկային և մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքի քննության գրավոր ընթացակարգ և դրանով իսկ կապահովվի տվյալ վարչական վարույթի առավել սեղմ ժամկետում առանց բարդացնելու իրականացումը:
Գյումրիում կիրականացվեն ճանապարհների հիմնանորոգման և քաղաքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներ
Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ և լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագրի» շրջանակում կապալառու և մատակարար կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերով 2021 թ. ստանձնած պարտավորությունների ամբողջ ծավալով կատարմամբ՝ թվով երեք պայմանագրերի աշխատանքների կատարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների նախատեսման նպատակով: Ծրագրի շրջանակում, մասնավորապես, նախատեսվում է իրականացնել Գյումրի քաղաքի ճանապարհների հիմնանորոգման և քաղաքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներ, այդ թվում` ասֆալտի և մայթեզրերի նորոգում, ինչպես նաև ջրահեռացման/դրենաժային/ ենթակառուցվածքների արդիականացում, հետիոտնային նոր տարածքների կառուցում, քաղաքային լուսավորության ենթակառուցվածքների վերակառուցում և Գյումրի քաղաքի համար ավտոկայանատեղիների վերաբերյալ ռազմավարության և գործողությունների պլանի մշակում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 23,840,000 եվրո, որից 14,600,000 եվրո վարկային միջոցներ տրամադրվում են ՎԶԵԲ-ի կողմից:
Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ընդհանուր առմամբ նախատեսված է 26 կմ ճանապարհների ասֆալտապատում: «Դա 37 փողոց է Գյումրիում՝ իր բոլոր ենթակառուցվածքներով: Նաև նախատեսվում են հարակից հատվածներում, փողոցներում լուսավորության ցանցի փոփոխման ծրագրեր: 2022 թ. կեսին կավարտվեն 26 կմ-ի, 3 հրապարակների և լուսավորության ամբողջ ցանցի անցկացման աշխատանքները»,-ասել է նախարարը:
2021 թ. Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի ծրագրի կառուցում և հիմնանորոգում, Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային ծրագիր (Տրանշ 3), Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման ծրագիր (Տրանշ 3) և Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: Մասնավորապես, Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիրն իրականացվում է 12 համայնքներում, որոնցից 10-ում աշխատանքները ավարտվել են: 67 կմ-ից ընդհանուր առմամբ 55 –ը ավարտվել է:
Կբարձրացվի գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության մակարդակը
Կառավարությունը հաստատել է ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը: Ըստ հիմնավորման՝ ներկայումս գազաբալոնների տեղադրումը և պարբերական վկայագրումը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ չէ և գործընթացը կանոնակարգվում է Կառավարության համապատասխան որոշումներով: Ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում իրականացվող քաղաքականության շրջանակում տրանսպորտային միջոցների գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեությունը հավատարմագրման ոլորտից նախատեսվում է տեղափոխել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների բնագավառ: Այսպիսով՝ գազաբալոնների տեղադրումը և պարբերական վկայագրումը ներառվել է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկում:
Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է որոշում: Հիմնավորման համաձայն՝ 2020 թ. փոփոխություն է կատարվել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում, որի համաձայն պետք է մշակվեն ոլորտը կանոնակարգող ենթաօրենսդրական ակտերը, որոնցով կկանոնակարգվեն սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման պահանջները։ Ըստ այդմ՝ առաջարկվում է հստակեցնել գազաբալոնների տեղադրմանը և վկայագրմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել գործող կարգավորումները:
Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը
Կառավարությունը բավարարել է «Շարոսոլար» ՍՊԸ-ի հայտը՝ ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ներմուծվող սարքավորումներով ընկերությունը նախատեսվում է ՀՀ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքում կառուցել և շահագործել «Շարոսոլար 1»՝ 4810 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայան, որտեղ օգտագործվելու են ժամանակակից տեխնոլոգիաներ, մասնավորապես՝ երկերեսանի արևային վահանակներ և արևային վահանակներ կրող կոնստրուկցիաներ: Արտադրված էլեկտրաէներգիան վաճառվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված սակագնով: Առկա են նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից շնորհված Էլեկտրական էներգիայի արտադրության (հզորության) լիցենզիան՝ մինչև 2041թ.-ի դեկտեմբերի 25-ը գործողության ժամկետով: Տարեկան արտադրվող էլեկտրաէներգիայի քանակը կազմելու է 10.5 մլն կՎտ/ժ յուրաքանչյուրը: Կայանի կառուցման, փորձարկման և գործարկման համար անհրաժեշտ ներդրումների ընդհանուր գումարը կազմում է մոտ 1.8 մլրդ դրամ։ Ներդրումների հիմնական ուղղություններն են հողի ձեռքբերում՝ 17 մլն դրամ, սարքավորումների ձեռքբերում՝ 1.4 մլրդ դրամ, շինարարական և նախագծային աշխատանքներ՝ 350 մլն դրամ։ Ներդրումների շուրջ 1.5 մլրդ դրամն արդեն իսկ իրականացվել է։ Ներկայումս առկա է 3 աշխատատեղ։ Ծրագրի շրջանակներում, 1 տարվա ընթացքում, նախատեսվում է ստեղծել 3 նոր աշխատատեղ՝ 160,000 դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 69.5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 5.5 մլն դրամ:
Մաքսատուրքի ազատման արտոնությունից կօգտվի նաև «Մագնակ Սոլար» ՍՊԸ-ն: Ներմուծվող սարքավորումները նախատեսված են «Արև-1» և «Արև-2» յուրաքանչյուրը 5000 կՎտ տեղակայվող հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու համար: Կայաններում տեղադրվելու են Եվրոպական ստանդարտներին համապատասխանող սարքավորումներ: Կայանները կառուցվելու և շահագործվելու են Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Աղբերք և Շողակաթ գյուղերում: Արտադրված էլեկտրաէներգիան վաճառվելու է ՀԷՑ-ին՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված սակագնով: Առկա են նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից շնորհված Էլեկտրական էներգիայի արտադրության (հզորության) լիցենզիաներ՝ մինչև 2042թ.-ի ապրիլի 2-ը գործողության ժամկետով: Տարեկան արտադրվող էլեկտրաէներգիայի քանակը կազմելու է 10.5 մլն կՎտ/ժ յուրաքանչյուրը: Կայանի կառուցման, փորձարկման և գործարկման համար անհրաժեշտ ներդրումների ընդհանուր գումարը կազմում է մոտ 3.6 մլրդ դրամ։ Ներդրումների հիմնական ուղղություններն են հողի ձեռքբերում՝ 30 մլն դրամ, սարքավորումների ձեռքբերում՝ 2.9 մլրդ դրամ, շինարարական և նախագծային աշխատանքներ՝ 700 մլն դրամ։ Ներդրումների մոտ 3 մլրդ դրամն արդեն իսկ կատարված է, այդ թվում ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել հողամաս, իրականացվել է շինարարություն և նախագծային աշխատանքներ, կատարվել են վճարումներ սարքավորումների դիմաց։ Ներկայումս առկա է 3 աշխատատեղ։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել 9 նոր աշխատատեղ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 635 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 61 մլն դրամ:
Գործադիրը թույլատրել է մաքսատուրքի ազատման արտոնությունից օգտվել նաև «Արևի սքինքեր» ՓԲԸ-ին: Ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է բնական և օրգանիկ կոսմետիկ միջոցների արտադրության համար: Ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականին՝ Արմավիրի մարզում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 130 մլն դրամի ներդրում՝ կապիտալ և հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 12 նոր աշխատատեղ` մինչև 433,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի 80%-ը և ավելին նախատեսվում է արտահանել ԱՄՆ, ՌԴ, ԵՄ և այլ երկրներ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 29.3 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2.3 մլն դրամ:
Սյունիքի մարզում կստեղծվեն ինժեներական լաբորատորիաներ և ԱԹՍ կրթական աշխատանոց
Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ Սյունիքի մարզի 14 դպրոցների համար ստեղծել ինժեներական լաբորատորիաներ և 1 ԱԹՍ կրթական աշխատանոց՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում: Հիմնավորման համաձայն՝ ներկայում բարձր տեխնոլոգիական ոլորտում կադրային պահանջարկի և առաջարկի զգալի անհամաչափությունը լրջագույն խնդիր է, և ՀՀ-ում հանրակրթական տարիքից տեխնոլոգիական կրթության ապահովման, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից «Արմաթ» ինժիներական լաբորատորիաներն անգնահատելի դեր ունեն, ուստի դրանց թվի աճն ու առկայությունը ՀՀ բոլոր բնակավայրերում կենսական անհրաժեշտություն է։ «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ն 2011 թ.-ից նախաձեռնել և իրականացնում է Հայաստանի կրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների (Արմաթ) հիմնման ծրագիր, որի նպատակն է ուժեղացնել Հայաստանում տեխնիկական կրթության բազան, նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ, որը կբավարարի աճող պահանջարկը: Այս պահին ՀՀ-ում և Արցախում գործում է 588 ինժեներական լաբորատորիա:
Կառավարությունն ընդունել է որոշում՝ Տեխնիկական ստեղծագործության կենտրոնի մասնագիտական ներուժի ապահովման նպատակով: Կենտրոնում այսօր գործող թվով 27 խմբակներում պետպատվերի շրջանակում փաստացի տեխնիկական կրթություն և դաստիարակություն է ստանում թվով 280 դպրոցական։ Կենտրոնում նախատեսվում է ստեղծել լաբորատորիա, որի նպատակն է ուժեղացնել երեխաների տեխնիկական կրթության բազան, նպաստել դրանց մասնագիտական կողմնորոշմանը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ, որը կբավարարի աճող պահանջարկը: Ըստ այդմ՝ Երևանի թիվ 159 ավագ դպրոցի ուսումնական մասնաշենքի առաջին հարկից 362.9 քմ տարածքը նախատեսվում է ամրացնել Տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնին:
Միջազգային համագործակցություն
Կառավարությունը հավանություն է տվել 2020 թ. մայիսի 29-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միավորված) համակարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագրով նախատեսվում է ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի միջև համագործակցության զարգացման նպատակներով Կողմերի կողմից ստեղծել ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միացյալ) համակարգ: Համաձայնագրի դրույթներով սահմանվում է ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի համատեղ (միացյալ) կապի համակարգի զարգացման և կատարելագործման համար ընդհանուր տեսակետները, մոտեցումները: Կապի համատեղ համակարգի զարգացման և դրա մարմինների գործունեության ֆինանսավորման կարգը սահմանում է ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհուրդը: Համաձայնագրի իրագործման նպատակներով լիազորված մարմինները, փոխադարձ շահերից ելնելով, կարող են փոխանակվել տեղեկատվությամբ: Տեղեկատվության փոխանցումն ու պաշտպանությունն իրականացվում են համաձայնագրի մասնակից պետությունների ազգային օրենսդրություններին համապատասխան:
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկող արձանագրության ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրի միջոցով պայմանավորվող կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել արագ և արդյունավետ իրավական ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման և անվտանգ ու կանոնակարգված վերադարձի համար, որոնք չեն բավարարում կամ այլևս չեն բավարարում Հայաստանի կամ Եվրոպական միության անդամ պետություններից մեկի տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ բնակվելու համար պահանջներին, և դյուրացնելու այդպիսի անձանց տարանցումը` համագործակցության ոգով: Մինչ այս համաձայնագրի կնքումը Հայաստանը ռեադմիսիայի վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր է ստորագրել Եվրոպական միության անդամ 10 պետությունների հետ: Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին նկատվում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրի շրջանակում ստացվող ռեադմիսիոն հայցերի թվի էական աճ: Այսպես, եթե 2012-2017թթ-ին ստացվել են 1446 ռեադմիսիոն հայցեր՝ 2812 անձանց մասին, ապա միայն 2018 թվականին ստացվել են 1030 հայցեր՝ 2045 անձանց մասին, իսկ 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ստացվել են 803 ռեադմիսիոն հայցեր՝ 1647 անձանց մասին։ Հարկ է նշել, որ Լատվիայի Հանրապետությունից դեռևս ռեադմիսիոն հայցեր չեն ստացվել։
Հավանություն է տրվել 2018 թ. հուլիսի 20-ին ստորագրված՝ «Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի և դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2005 թ. նոյեմբերի 25-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծին: Արձանագրությանը միանալը, մասնավորապես, կարող է ստեղծել բարենպաստ պայմաններ հափշտակված ավտոտրանսպորտային միջոցները ահաբեկչական, քրեական և/կամ այլ հակաօրինական գործողությունների իրականացման նպատակով օգտագործելու դեպքերը նվազեցնելու համար՝ ավտոտրանսպորտային միջոցների հափշտակման հետ կապված հանցագործությունների նախազգուշացման, հայտնաբերման, կանխարգելման և բացահայտման միջոցով: Այն կնպաստի նշված ոլորտում համագործակցության նպատակով ավտոտրանսպորտային միջոցների մասին տեղեկատվական բազայի ապահովմանը՝ նպաստելով իրավասու մարմինների միջև փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը՝ կողմերից որևէ մեկի տարածքում ավտոտրանսպորտային միջոցի հայտնաբերման, կալանքի, առգրավման կամ արգելանքի դեպքում մյուս կողմի իրավասու մարմնին ծանուցելու միջոցով:
Կառավարությունը հավանություն է տվել «ԱՊՀ մասնակից պետությունների՝ կեղծ ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների օգտագործումը կանխարգելելուն և կանխելուն ուղղված համագործակցության մասին» համաձայնագիրը հաստատելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագրի կնքումը կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել կեղծ ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների օգտագործումը կանխարգելելու և բացահայտելու, ինչպես նաև կեղծ ապրանքային նշաններ և աշխարհագրական նշումներ պարունակող ապրանքների՝ ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային սահմաններով ներթափանցումը կանխարգելելու համար: Համաձայնագրի կնքումը կարող է նպաստել կեղծ ապրանքային նշաններով և աշխարհագրական նշումներով ապրանքների արտադրումն ու օգտագործումը կանխարգելելու ուղղությամբ կողմերի համագործակցությանը՝ այդ թվում նաև դրանց ներկրման ու արտահանման, ինչպես նաև ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների պահպանման հետ կապված այլ իրավախախտումների դեմ պայքարի գործում:
Հավանություն է տրվել 2021 թ. նոյեմբերի 12-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին ՀՀ մասնակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: «Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի մասնակցությունը միտված է նպաստելու գիտական կազմակերպություններում և բուհերում գործող գիտական խմբերի՝ համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններում անմիջական մասնակից դառնալուն, ինչպես նաև ժամանակակից հասարակական մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում և մշակումներում իրենց ակտիվ դերակատարությամբ հանդես գալուն՝ միաժամանակ հասանելիություն ստանալով ծրագրին մասնակից պետությունների տարածքներում գործող ժամանակակից ենթակառուցվածքներին: «Հորիզոն Եվրոպա» ծրագրին մասնակցությունը կապահովի ՀՀ գիտական համակարգի Եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրվելու գործընթացի շարունակականությունը:
Այլ որոշումներ. կհիմնադրվի «Հայ-Ալմաստ» ընկերություն
Գործադիրն ընդունել է «Հայ-Ալմաստ» ՓԲԸ հիմնադրելու մասին որոշում՝ ՀՀ-ի համար ռազմավարական ոլորտ հանդիսացող ադամանդագործության զարգացման, ադամանդագործական ընկերություններին արդյունավետ հումքով ապահովելու, ադամանդագործական ընկերությունների արտադրանքը ԵԱՏՄ և երրորդ երկրներում առաջ մղելու, ոլորտի հետագա զարգացման նպատակով հավելյալ ֆինանսական միջոցներ ներգրավելու, ՌԴ «Ալռոսա» ընկերության հետ աշխատանքի նոր ձևաչափեր ներդնելու, ոլորտում ներդրողներ ներգրավելու, ինչպես նաև նոր ստեղծվող հայկական ընկերություններին աջակցելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման, այն հնարավորություն կտա առնվազն ադամանդի արտադրության ծավալներ և արտահանումն ավելացնել տարեկան միջին հաշվով 150 մլն ԱՄՆ դոլարի։ Ոլորտում զբաղվածների թիվը հնարավոր կլինի հասցնել մինչև 5000-ի, գործող խոշոր ձեռնարկությունների թիվը՝ 20-25-ի։
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Երևանի ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների անխափան իրականացնելու համար: Համապատասխան որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ Երևանի ներհամայնքային կանոնավոր փոխադրումների երթուղիներում ներգրավված, 10 տարին լրացած ավտոբուսների (միկրոավտոբուսների) շահագործումը 2022թ-ի հունիսի 1-ից արգելվում է, և դրանք ենթակա են պարտադիր փոխարինման: Ըստ այդմ՝ նշված օրվանից կարգելվի Երևանի ներհամայնքային կանոնավոր փոխադրումների երթուղիներում ներգրավված 2011թ-ի թողարկման «Հիգեր» մակնիշի (249 հատ), 2010-2011թթ-ի թողարկման «Հունդաի» մակնիշի (19 հատ), 2005-2009թթ-ի թողարկման «Բոգդան» և «ՊԱԶ» մակնիշների ավտոբուսների (91 հատ), ինչպես նաև բոլոր միկրոավտոբուսների (մոտ 750 հատ) շահագործումը (այդ թվում՝ 2006թ-ի թողարկման թվով 140 միկրոավտոբուսներինը, որպես 15 տարին լրացած, 2022թ-ի հունվարի 1-ից): Նշված տրանսպորտային միջոցների շահագործումն արգելելու պարագայում լրջագույն խնդիրներ կառաջանան Երևանի ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացում և մայրաքաղաքի կանոնավոր ուղևորափոխադրումների ողջ գործընթացը կհայտնվի ձախողման եզրին: Մայրաքաղաքի կանոնավոր ուղևորափոխադրումների գործընթացը չխաթարելու և քաղաքացիների անխափան սպասարկումն ապահովելու նպատակով, մինչև նոր շարժակազմերի (ավտոբուս, տրոլեյբուս) ձեռքբերումը, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի հավաքակազմի վերջնական համալրումը և Երևանի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի ավարտը, փոփոխությամբ առաջարկվում է վերանայել ավտոբուսների ծառայության ժամկետները՝ այն ավելացնելով 3 տարով։ Արդյունքում հնարավոր կլինի հաստատված երթուղային ցանցին համապատասխան ապահովել Երևան քաղաքում կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների անխափան աշխատանքը, մինչև մրցութային կարգի պահանջներին համապատասխան տրանսպորտային պարկի թարմացումը և քաղաքացիների տրանսպորտային սպասարկումը։
Գործադիրի մեկ այլ որոշմամբ առաջարկվում է սուբվենցիոն ծրագրերի պետբյուջեից համաֆինանսավորման նպատակով Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Վայոց ձորի մարզպետարաններին հատկացնել 438,388.1 հազար դրամ:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ