«90-ականներին ազատությունները գործեցին, եւ կողքին սկսեց զարգանալ հայհոյանքը։ Մենք այդ ժամանակ օրենքո՞վ կարգավորեցինք։ Ոչ՝ ծեծելով, ջարդելով փակեցին մարդկանց բերանները։ Հիշո՞ւմ եք՝ Վահան Հովհաննիսյանն այստեղից ասում էր՝ ձեզ դալաններում են ծեծելու․․․հայհոյող չկար, որովհետեւ կծեծվեր, կջարդվեր»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։ «Եկավ նոր ազատությունը՝ 2018թ․-ը։ Փակված հասարակությունը սկսեց չափն անցնել։ Հայհոյանքն անցավ չափը։ Սա ուղղելու երկու ճանապարհ կա՝ ծեծել-ջարդելով կամ օրենքով։ Օրենքն ենք ընտրել՝ առանց ծեծել-ջարդելու, առանց մարդուն հաճախորդ սարքելու։ Սիրելի ընդդիմադիրներ, հարաբերությունների մշակույթը պետք է փոխենք, ոչ թե պայքարենք իրար դեմ։ Երբ մրցակցային մշակույթ լինի, հայհոյանք չի լինի»,-համոզմունք հայտնեց Վիգեն Խաչատրյանը։
Հիշեցնենք՝ ԱԺ-ն այս տարի ընդունել էր իշխանական «Իմ քայլը» խմբակցության հեղինակած փաթեթը, որով ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը, պատժվում է տուգանքով, իսկ պարբերաբար կրկնվելու դեպքում՝ մեկ ամիս կալանքով։
Կարդացեք նաև
«Հայաստան» դաշինքից Աղվան Վարդանյանն առաջարկում է անվավեր ճանաչել 137.1. հոդվածը, որը մասնավորապես սահմանում է՝ միեւնույն անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը պարբերաբար կրկնելու դեպքում պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:
Ինչ վերաբերում է ընդդիմադիրների պնդմանը, թե ծանր վիրավորանքը քրեականացնելով՝ իշխանությունը նպատակ ունի պաշտպանել մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանին, Վիգեն Խաչատրյանն ասաց․ «Ինչ-ինչ, բայց ձեր քաղաքական շեֆին մենք պաշտպանելու կարիք ու ցանկություն չունենք, նա ամենաշատն է այսօր ՀՀ-ում հայհոյվում։ Դադարեք մի մարդ սպասարկել, դադարեք մեկ մարդու մասին խոսել։ Սպասարկեք ժողովրդին։ Չքմեղական տեսք եք ընդունել, մեկն էլ կմտածի, թե մենք հայհոյում ենք, դուք էլ՝ տուժում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ