Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Վարդանյան, գիտե՞ք, թե ձեր ընդդիմադիրներից ով է ֆինանսավորում «ֆեյքային» հայհոյախմբերը»․ Վահագն Ալեքսանյան

Դեկտեմբեր 09,2021 13:46

«Պարոն Վարդանյան, ձեր խոսքում պարբերաբար զեղումներ եք անում այն մասին, որ հայհոյանքն առաջացել է 2018թ․-ին։ Հա՞, պարոն Վարդանյան»,-ԱԺ լիագումար նիստում այսօր դիմելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանին՝ հարցրեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Արտահայտվելիս առավելագույնս կոռեկտ եմ, նույնը ձեզ խորհուրդ կտամ»,-պատասխանեց Աղվան Վարդանյանը։

«Բոլորին է հայտնի, որ ՀՀ-ում գործում եմ ֆեյքային խմբեր, որոնք ունեն ընդդիմադիր քաղաքական ուղղվածություն։ Ապացույցներն ունեմ։ Այդ խմբերը ֆինանսավորվում են ակնհայտորեն։ Ֆեյքային գրոհներ են անում՝ հայհոյանքով, վիրավորանքով ուղեկցվող։ Ձեզ հայտնի՞ է, թե ձեր ընդդիմադիրներից ով է ֆինանսավորում եւ ղեկավարում այդ ֆեյքային հայհոյախմբերը»,-հարցրեց Վահագն Ալեքսանյանը։

Աղվան Վարդանյանը պատասխանեց․ «Ֆեյքային խմբերի մասին երկար ժամանակ խոսք կա։ Եթե պնդում եք, որ կարող եք նման բան ապացուցել, ապա հաղորդում տվեք հանցագործության մասին՝ նշելով տերերին, վճարողներին, հասցեները, տեղերը․․․պարզ պարտավորություն է, արեք»։

 

Հիշեցնենք՝ ԱԺ-ն այս տարի ընդունել էր իշխանական «Իմ քայլը» խմբակցության հեղինակած փաթեթը, որով ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը, պատժվում է տուգանքով, իսկ պարբերաբար կրկնվելու դեպքում՝ մեկ ամիս կալանքով։

Աղվան Վարդանյանն առաջարկում է անվավեր ճանաչել 137.1. հոդվածը, որը մասնավորապես սահմանում է՝ միեւնույն անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը պարբերաբար կրկնելու դեպքում պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:


ՔՊ-ական Վահագն Հովակիմյանը եւս անդրադարձավ Աղվան Վարդանյանի արտահայտած մտքին, թե հայհոյանքի «արկղը» բացվել է 2018թ․-ի հեղափոխությամբ։ Նա դիմեց ընդդիմությանը․ «Եթե այդպես է, եթե մեզ եք մեղադրում, օրենքն ընդունել-տվել ենք ձեր ձեռքը։ Փառք աստծո, ձեր առաջնորդի, կներեք, ֆինանսական կարողությունները բավարար են՝ ՀՀ բոլոր փաստաբաններին վարձելու համար։ Անգամ նրանց, որոնք փաստաբանի արտոնագիր չունեն։ Վարձեք, թող անողների դեմ հաղորդումներ ներկայացնեն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031