Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հայհոյանքի ամբարները բացածները 3 տարի առաջ պատժվեին ու լինեին ՔԿՀ-ներում, շատ բաներ տեղի չէին ունենա»․ Աղվան Վարդանյան

Դեկտեմբեր 09,2021 13:19

«Վիրավորանքի քրեականացումն իրականում չի հետապնդել իրավաչափ նպատակ, այլ ունեցել է մեկ նպատակ՝ քրեաիրավական միջոցների գործադրման սպառնալիքով սահմանափակել ազատ խոսքն ու քննադատությունը հանրային պաշտոն զբաղեցնող անձանց հանդեպ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ առաջին ընթերցմամբ զեկուցելով ՀՀ քրեական օրենսգրքում եւ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին իր հեղինակած նախագիծը։

Հիշեցնենք՝ ԱԺ-ն այս տարի ընդունել էր իշխանական «Իմ քայլը» խմբակցության հեղինակած փաթեթը, որով ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը, պատժվում է տուգանքով, իսկ պարբերաբար կրկնվելու դեպքում՝ մեկ ամիս կալանքով։

Աղվան Վարդանյանն առաջարկում է անվավեր ճանաչել 137.1. հոդվածը, որը մասնավորապես սահմանում է՝ միեւնույն անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը պարբերաբար կրկնելու դեպքում պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

Աղվան Վարդանյանը նշեց․ «Խնդիրն այն է, որ հարյուրից ավելի գործ կա հարուցված, եւ իմ խորին համոզմամբ՝ սա իրականում մեկ մարդու դեմ քննադատությունը սահմանափակելու, պատժելու օրենք է։ Այդ գործերը վերաբերում են հենց մեկ մարդուն, եւ ընդդիմության հանդեպ վիրավորական արտահայտությունների դեպքում գործեր չկան հարուցված։ Հայհոյանքը ոչ թե սպառնալիքով եւ քրեական հետապնդմամբ են դադարեցնում, այլ օրինակ ծառայելով։ Ինչպես իրեն պահում են բարձրաստիճան պաշտոնյաները, այդպես էլ իրեն պահում է հանրությունը։ Մի մտածեք, թե մեր քաղաքացիները ձեւերը չեն գտնելու գնահատական տալու պաշտոնյաներին՝ այլ հասկացություններ, փոխաբերություններ, տասնյակ այլ ձեւեր․․․այսինքն, մենք ոչ թե արմատախիլ ենք անում երեւույթը, այլ մարդկանց հնարավորություն ենք տալիս տասնյակ այլ ձեւերով գնահատականներ հնչեցնելու։ Ձեր սիրելի նախկին իշխանությունն ապաքրեականացրել էր վիրավորանքի հոդվածները, իսկ դուք եկել եւ վերադարձնում եք սա նախկին վիճակին։ Սա հետընթաց է ՀՀ-ի համար։ «Ժողովրդավարության բաստիոնն» այսպես հարձակվում է խոսքի, մամուլի ազատության վրա»,-նշեց Աղվան Վարդանյանը։

 

ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հետաքրքրվեց՝ հայհոյանքը պաշտպանվա՞ծ է խոսքի ազատությամբ, քննադատությունը կարո՞ղ է հայհոյանք ենթադրել։ Աղվան Վարդանյանը պատասխանեց․ «Հայհոյանքն անընդունելի է»։

ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն էլ համոզմունք հայտնեց, որ այս օրենքը սահմանափակում է սանձարձակությունն ու լկտիությունը հանրային դաշտում։ Աղվան Վարդանյանն ի պատասխան ասաց․ «Եթե այս օրենքը գործեր երեք-չորս կամ տասը տարի առաջ, շատ հավանական է, որ նրանք, ովքեր հայհոյանքի ամբարները մինչեւ վերջ բացել էին, այս օրենքով կլինեին պատժված, կլինեին կալանավայրերում, եւ շատ բաներ տեղի չէին ունենա։ Հայհոյել չի կարելի, բայց օրենքով պարտադրել, որ մարդիկ գնահատական չտան քաղաքական գործիչներին, սա խախտում է խոսքի, մամուլի հիմնարար ազատությունները։ Նայեք ձեր սիրելի սոցցանցերը։ Այս օրենքը չի վերացրել հայհոյանքը»։

ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանն էլ, նկատի ունենալով Վարդանյանի վերոնշյալ խոսքը, թե հայհոյանքի ամբարները գործող իշխանությունն է բացել, հարցադրում արեց․ «Այսինքն, դուք կարծում եք, որ հեղափոխության առաջնորդներն ու մասնակիցները հայհոյա՞նք են թույլ տվել այդ ժամանակվա իշխանության ներկայացուցիչների հասցեին»։ Վարդանյանը պատասխանեց․ «Երեք տարի է անցել։ Հիշողության կորուստները լավ բան չեն։ Հազար օրինակ կարող եմ բերել մեկ անձի վերաբերյալ։ Հայհոյանքներ են արտահայտվել, հիշողության կորուստ մի ունեցեք»։

ՔՊ-ականների շարքերից բղավոցներ հնչեցին՝ «օրինակներ բերեք»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031