Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնյաների եղբայրները Աբովյանում վերահաշվարկի ժամանակ «դեբոշ» են սարքել. «Հրապարակ»

Դեկտեմբեր 09,2021 13:07

Ռոմանոս Պետրոսյանն ու իր թիմը ոչ մի կերպ չեն համակերպվում Աբովյանում կրած պարտության հետ եւ բողոքարկել են ընտրությունների արդյունքներն ու 25 տեղամասում վերահաշվարկի պահանջ ներկայացրել։ Մենք գրել էինք, որ առաջին օրը 4 ընտրատեղամասում վերահաշվարկի ժամանակ ՔՊ-ի ձայներն ավելանալու փոխարեն մի բան էլ պակասել են, իսկ ԲՀԿ-ի ձայները՝ յոթով ավելացել։ Երեկ վերահաշվարկը շարունակվել է եւս 10 տեղամասում։ Այն կատարվում է Աբովյանի քաղաքապետարանի շենքում, որտեղ գտնվում է տարածքային ընտրական հանձնաժողովը։

Երեկ վերահաշվարկն անցել է լարված մթնոլորտում՝ ՔՊ-ականները տեսել են, որ իրենց ձայները նվազում են՝ փոխանակ ավելանան, քանի որ այն հանձնաժողովներում, որտեղ նախագահը ՔՊ-ական է եղել, եւ ՔՊ-ի օգտին քվեարկված, բայց անվավեր քվեաթերթիկները վավեր են ճանաչվել, իսկ վերահաշվարկի ժամանակ դրանք նորից անվավեր են ճանաչել։ Այս փաստից նեղված՝ նրանք սկսել են վիճել հանձնաժողովի անդամների հետ։ Մեզ պատմեցին, որ վերահաշվարկի ժամանակ ներս են մտել Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը՝ Ռուբեն Պետրոսյանը, եւ Աբովյանի ընտրություններում ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Պավել Ցուգունյանի շտաբի պետ Ավետ Կոնջորյանը, որն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրն է։ Նրանք մտել են ներս ու աղմուկ բարձրացրել հաշվարկի ժամանակ՝ սպառնալով հանձնաժողովի անդամներին, թե «սա խայտառակություն է, սենց չի կարա շարունակվի, բոլորդ դատվելու եք» եւ այլն։

Հետո Ավետ Կոնջորյանը մտել է հանձնաժողովի անդամներից մեկի թեւը, նրան մի կողմ տարել եւ ականջին շշնջացել, թե՝ «հեսա ձեր շեֆերը ձեզ կզանգեն»։

Շեֆը, ենթադրաբար, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն է, որը քիչ անց զանգահարել է, եւ վերահաշվարկի պրոցեսը կարճ ժամանակով ընդմիջվել է, հետո նորից շարունակվել։ Երբ նորից սկսել են հաշվել, ՔՊ-ի անվավեր քվեաթերթիկներից երեքը, չգիտես ինչպես, հանձնաժողովը որոշել է վավեր համարել։ Սակայն, դրանով հանդերձ, էլի ՔՊ-ի ձայները 14 ընտրատեղամասի քվեարկության արդյունքներով մոտ 15 ձայնով պակասել են։

Տիգրան Մուկուչյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ Աբովյանում վերահաշվարկի ժամանակ լարվածություն է առաջացել:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031