Լրահոս
Օրվա լրահոսը

Մոդեստ Կոլերով. Հայկական իշխանությունը գործը տանում է դեպի կապիտուլյացիա. «Հրապարակ»

Դեկտեմբեր 09,2021 12:56

Հարցազրույց ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ

– Ինչո՞ւ Փաշինյան-Ալիեւ-Պուտին հանդիպման ժամանակ չօգտագործվեց «միջանցք» բառը, առավել եւս՝ «Զանգեզուրի միջանցք», իսկ այսօր Ալիեւը Հայաստանից ժամկետ է պահանջում, թե երբ կբացվի «Զանգեզուրի միջանցքը», այլապես կլինեն խնդիրներ։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ խոսքը դիվերսիայի եւ կամ պատերազմի մասին է։ Ինչո՞ւ էր Ալիեւը լռում Սոչիի հանդիպման ժամանակ։

– Պատասխանը պարզ է․ Սոչիում չասաց՝ ելնելով տանտիրոջ նկատմամբ քաղաքավարությունից, իսկ տուն գնալով ու վերադառնալով իր օրակարգին՝ նա շարունակեց շահագործել իր հաղթանակը եւ նաեւ Հայաստանի հետնահանջն անգամ այն սահմաններից, որոնք Հայաստանը համարում է սահմանված։ Շատ լավ է, որ Հայաստանում հիմա քննարկվում է հրամանատարների պատասխանատվության հարցը՝ այն բանի համար, որ նրանք սահմանների պաշտպանության ժամանակ հակառակորդի վրա կրակ բացելու հրաման չեն տվել, ավելի ճիշտ՝ հետ են պահել դրանից։ Բայց չէ՞ որ հասկանում ենք, որ Հայաստանում յուրաքանչյուր խոստովանություն, յուրաքանչյուր քաղաքական հայտարարություն ուսումնասիրվում եւ «կարդացվում» է ոչ միայն Հայաստանում, այլեւ առնվազն՝ Ադրբեջանում։ Ինչից ելնելով՝ ադրբեջանական ցանկացած կոմպետենտ դիտորդ անում է մի պարզ, բայց ակնհայտ եզրակացություն՝ Հայաստանի բանակը պատրաստ չէ պաշտպանվել եւ պաշտպանել իր հողը։ Հետեւաբար, էքսպանսիան, առանց մեծամասշտաբ ու բաց ռազմական գործողությունների, շարունակվելու է։ Ես Ալիեւի հայտարարությունը կկապեի, մի կողմից, Հայաստանի բանակի կաթվածահարության նման վառ ապացույցի եւ, մյուս կողմից՝ հայկական իշխանության քաղաքական կաթվածահարության օրինակների հետ։ Իշխանություն, որ շատ լավ, ոչ դրական իմաստով, այլ՝ սկանդալային, խիստ ցայտուն եւ բարձր ձայնով իրեն դրսեւորել է այդօրինակ կաթվածահարության մասին վկայող օրինակներով։ Դրանցից մեկն էլ Հայաստանի խորհրդարանի խոսնակի հրաժարումն էր Հայաստանի գերիներից։ Իհարկե, գերի ընկնելը լավ բան չէ, բայց եթե դու կրակելու հրաման չես տվել, ուրեմն կրում ես եւ կիսում ես պատասխանատվություն այն բանի համար, որ այդ մարդիկ գերի են հանձնվել։

– Հիմա համարում եք, որ Հայաստանի համար անելանելի վիճա՞կ է, եւ չկա՞ այդ միջանցքը զիջելուն այլընտրանք։

– Ձեզ հետ զրույցում մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ Հայաստանը պետք է վերջապես պաշտպանի իր սահմանները։ Ինչո՞ւ դա չի անում։

– Ինքներդ ասացիք՝ պատրաստ չէ, գուցե մարտունակ չէ։ Ի վերջո, ահավոր պատերազմից 1 տարի է անցել, մենք դեռ չենք ապաքինվել։ Երեւի՝ հնարավոր չէ։

– Հայաստանում թիկունքում բավականաչափ ուժեր կան, ինչո՞ւ են այդ զորքերը թիկունքում, ո՛չ սահմանին։ Ինչո՞ւ են սահմաններին այդքան քիչ։ Ինչո՞ւ է Հայաստանը ճանապարհներ կառուցում՝ սկզբում հյուսիսից հարավ, իսկ հետո՝ Սյունիքում։ Ինչո՞ւ սկզբում Սյունիքում չէր կառուցում։ Բացատրեք։

– Այսինքն՝ համարում եք, որ երկուսի մակարդակով կա պայմանավորվածություն, հետեւաբար՝ երրորդն ինչո՞ւ խառնվի։

– Ես համարում եմ, որ հայկական իշխանությունը գործը տանում է դեպի կապիտուլյացիա։ Եվ իրեն ոչ ոք այդ գործում չի կարող օգնել։

– Նո՞ր կապիտուլյացիայի։ 

– Այո։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031