Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Փաշինյանն ընդունե՞լ է Սամվել Բաբայանի՝ Արցախը մանդատային տարածք դարձնելու առաջարկը. «168 ժամ»

Դեկտեմբեր 09,2021 11:45

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը շարունակում է պնդել, որ Արցախը պետք է դառնա մանդատային տարածք, այլապես, եթե այսօր սկսենք քննարկել Արցախի կարգավիճակի հարցը՝ իշխանությունից մինչև ընդդիմություն, հայկական պետությունը հայտնվելու է Ադրբեջանի կազմում:

«Մանդատը երաշխավորում է Արցախի երկարաժամկետ ինքնուրույնությունը՝ մինչև երկու ժողովուրդները իրար միջև իրական փոխվստահություն ձեռք բերեն, արդեն դրանից հետո կնստեն ու ստատուսը-բանը կքննարկեն՝ ինչ կարգավիճակ լինի: Բայց քանի որ դա մեր մեջ չկա, դրա մասին խոսելն անիմաստ է: ՌԴ-ին ՄԱԿ-ում լոբբինգ անել, խնդրել ԱՄՆ-ին, Ֆրանսիային, որ ՌԴ-ին տան մանդատ Ղարաբաղի հարցով: Ինչի՞ Ռուսաստանին, որովհետև Ռուսաստանը Սովետական Միության իրավահաջորդն է, և ինքն է Արցախը մտցրել Սովետմիության տարածք, ինքն էլ թող վերցնի մանդատը և պատասխանատվություն կրի այդ ժողովրդի մասով: Սա է իմ մեկնաբանությունը, թե ինչի վարչապետը չի խոսում: Ինչի՞ց խոսի, խոսի, որ Ղարաբաղին պիտի կարգավիճա՞կ տան»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է Բաբայանը:

Սամվել Բաբայանն այս մասին բաց տեքստով խոսել էր դեռ 2019-ին՝ ասելով, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար Արցախը պետք է մանդատային տարածք դառնա՝ Ռուսաստանի Դաշնության ներքո:

Այն ժամանակ Արցախի խորհրդարանական ուժերը նման հայտարարության համար քննադատեցին Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին:

Մասնավորապես, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Հայկ Խանումյանը, այն ժամանակ որպես ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության պատգամավոր, մանդատային տարածքի գաղափարն անընդունելի և վտանգավոր էր համարել:

«Ռուսաստանը, 19-րդ դարի 20-ականներից սկսած, ամեն ինչ արել է Ղարաբաղում հայության դերի փոքրացման և մահմեդական տարրի ավելացման համար, իսկ 1921թ. Ղարաբաղի «մանդատատեր» Ռուսաստանը գործել է հօգուտ Ադրբեջանի, ինչի հետևանքով մենք այսօր պատերազմական վիճակում ենք: Հետևաբար, Սամվել Բաբայանի նման հայտարարությունը մեզ համար անհասկանալի և անընդունելի է: Պետք է սպասել լրացուցիչ պարզաբանումների»,- ասել էր նա:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը ևս այն ժամանակ քննադատել էր Սամվել Բաբայանին՝ համեմատելով Զորի Բալայանի հետ:

Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո մի պահ սկսեց ակտիվորեն առաջ մղել «Անջատում հանուն փրկության» բանաձևը, թե դրանում է տեսնում Արցախի խնդրի միակ լուծումը: Այսօր այս առումով պասիվություն է: Գուցե Նիկոլ Փաշինյանը մտափոխվե՞լ է և այսօր այլընտրանք չի տեսնում Սամվել Բաբայանի՝ Արցախը մանդատային տարածք դարձնելու առաջարկի՞ն:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031