ԱԺ լիագումար նիստում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվեց կառավարության հեղինակած՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» եւ կից օրենքում փոփոխությունների նախագիծը, որով 2023թ․-ից կկիրառվի հաշմանդամություն ունեցող մոտ 200 000 անձանց ֆունկցիոնալության գնահատման նոր մոդելը։
Ինչպես զեկուցեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը, ՀՀ-ում բժիշկների սահմանված խմբերն են ներկայում իրականացնում անձի ֆունկցիոնալության փորձաքննությունը․ «Այս փոփոխությամբ կարողանալու ենք փորձաքննություն իրականացնել եւ բժիշկներից, եւ հարակից բժշկական մասնագիտություններից բաղկացած խմբերով։ Այդպես անձի ֆունկցիոնալության գնահատականը կտրվի առողջապահության համաշխարհային կազմակերպության մոդելի հիման վրա։ Այն հիմա 192 երկրներում է ընդունված»։
Փոխնախարարի խոսքով․ «Եթե հիմա գնահատվում են օրգանիզմի կառուցվածքն ու ֆունկցիաները, ապա ապագայում կկարողանանք գնահատել նաեւ շրջապատն ու դրա մասնակցությունը։ Լոգոպեդ, հոգեբան․ նման մասնագիտությունների մասին է խոսքը։ Ավելի քան տասը տարի հետաձգված այս բարեփոխումը վերջապես կյանքի կկոչենք։ Սա հետաձգվել էր կորոնավիրուսի պատճառով։ Դեռեւս նախորդ տարի Կիպրոսից պետք է մասնագետներ ժամանեին։ Եթե չհայտնվենք արտակարգ իրավիճակում, ռիսկերը գնահատված են»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ