Լրահոս
Օրվա լրահոսը

«Նշանակված փորձաքննությունն անկատար է թողնվել: Գործում չկա որևէ ապացույց, որ մատակարարված ապրանքը եղել է ժամկետանց և անորակ». փաստաբան. «Փաստ»

Դեկտեմբեր 09,2021 10:35

Երկու ամսից ավելի է՝ Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ) կալանավորված է: Նա և պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը մեղադրվում են խոշոր չափի գումար հափշտակելու, կեղծիքներ կատարելու մեջ: Ոչ մեկ անգամ Գալստյանի փաստաբաններն ահազանգել են՝ գործը փակուղում է, այն արհեստականորեն ձգձգվում է: Փաստաբան Արմեն Անդրիկյանը նշում է՝ ձգձգման պատճառն ասել չի կարող, բայց իր համար մեկ բան ակնհայտ է:

«Գործում չկա մի ապացույց, որը կհիմնավորեր Դավիթ Գալստյանի մեղավորությունը, չկա որևէ ապացույց: Ավելին ասեմ՝ կալանավորման վերջին դատական նիստի ընթացքում թե՛ դատարանին, թե՛ նախաքննական մարմնին պաշտպանական կողմը ներկայացրել է այնպիսի ապացույցներ, որոնցով ամբողջությամբ հերքվում են այն վարկածները, որ մատակարարված ապրանքը եղել է անորակ ու ժամկետանց:Ի սկզբանե այս գործի շրջանակներում ասել ենք, որ դրա վերաբերյալ բոլոր տեսակի հարցերի պատասխանը կարող է տալ փորձաքննությունը: Եթե նախաքննական մարմինը պնդում է, որ ապրանքներն անորակ ու ժամկետանց են, այդ հարցերի պատասխանը միայն փորձաքննության միջոցով է հնարավոր ստանալ: Նախաքննական մարմինը նշանակել էր փորձաքննություն, սակայն այն անկատար է թողնվել: Այսինքն, գործում չկա որևէ ապացույց, որ մատակարարված ապրանքը եղել է ժամկետանց և անորակ, բացի դա, նշանակված փորձաքննությունն անկատար է թողնվել, գործում չկան նաև խարդախության հանցակազմի հնարավոր դրսևորման ապացույցներ: Չպետք է շեղվենք նաև այն մեղադրանքից, որն առաջադրված է Դ. Գալստյանին:

Նրան առաջադրված է մեղադրանք՝ խարդախության եղանակով գույքի հափշտակություն՝ խաբեության միջոցով: Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքներով և մեր օրենսդրությամբ նախատեսված է, որ Դավիթ Գալստյանն ի սկզբանե պետք է ունենա հափշտակության դիտավորություն, որը գործով չի ապացուցվում: Պարզ օրինակ բերեմ, որ ամեն ինչ ավելի հասկանալի լինի: Գործ ունենք պայմանագրային իրավահարաբերության հետ, այսինքն՝ մի կողմը մատակարարում է, մյուս կողմը ստանում ապրանքը և դրա դիմաց վճարում: Օրինակ՝ գնացել եք խանութ և ձեռք բերել կարագ: Հնարավոր է՝ հետագայում պարզվի, որ դա այն կարագը չէ, որ դուք ուզել եք: Ի՞նչ է, դա նշանակում է, որ վաճառողը հանցագործ է և խարդախություն է արե՞լ: Այս դեպքում էլ կա պայմանագրային իրավահարաբերություն:

Եթե մի պահ նույնիսկ պատկերացնենք, որ պայմանագրային այդ իրավահարաբերության դրսևորման դեպքում կան որոշակի անճշտություններ, օրինակ՝ ապրանքը ձեռք բերած անձի սրտով չի, ապա դրա համար կա համապատասխան օրենսդրություն: Դրանք քաղաքացիաիրավական բնույթի հարաբերություններ են: Ասեմ ավելին՝ պաշտպանության նախարարությանը բազմիցս դիմում ենք հղել՝ խնդրելով պարզաբանել՝ արդյո՞ք կա ապրանքի վերաբերյալ որևէ պահանջ, կա՞ որևէ պահանջ ապրանքը վերադարձնելու, փոխարինելու և այլն: Մինչ այսօր դրա վերաբերյալ որևէ պատասխան չենք ստացել: Նշանակում է, որ եղել են քաղաքացիաիրավական բնույթի հարաբերություններ, բայց նախաքննական մարմինը դա գնահատում է որպես խարդախությամբ գույքի հափշտակություն: Աբսուրդն այս է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Անդրիկյանը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031