Ցանկացած քաղաքական քարոզչություն ունի որոշ «դիցաբանական» հիմք: Կարեւոր չէ, թե արդյոք նման առասպելաբանությունը հիմնված է իրական կամ կեղծ տեղեկությունների վրա: Առասպելը գործում է այն պայմաններում, երբ դրան հավատում է մեծամասնությունը: Եվ այդ հավատն ունի հեռու գնացող հետեւանքներ:
Օրինակ, նախորդ սարսափելի համաճարակներից մեկի՝ 14-րդ դարի ժանտախտի ժամանակ Իտալիայի մի մասում տարածված էր առասպելը, թե հիվանդությունը տարածում են հրեաները՝ դրանից բխող «պոգրոմներով», իսկ մյուս շրջաններում հավատում էին, որ համաճարակը մարդկանց մեղքերի համար Աստծո պատիժ է: 6 դար անց, երբ 1943-ի սեպտեմբերին Գերմանիան օկուպացրել էր Իտալիայի հյուսիսային եւ կենտրոնական մասերը, առաջին դեպքում հրեաներին հանձնում էին նացիստներին, իսկ երկրորդ դեպքում՝ նրանց փորձում էին թաքցնել:
Այնպես որ, մենք կարող ենք ենթադրել, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ այս կամ այն առասպելը: Օրինակ՝ երբ քաղաքական նպատակներով բացասական շեշտադրումներով դիցաբանություն է ձեւավորվում բանակի մասին: Երբ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ ընդդիմությունը լուրեր էր տարածում իբր մեր տանկերը վառելանյութի փոխարեն ջրով են լիցքավորված կամ, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Խաչատուրովը պատերազմի ժամանակ բիլիարդ էր խաղում, ես զգուշացնում էի, որ այդ քարոզչությունն իր մեջ վտանգ է պարունակում: «Բիլիարդի» վերաբերյալ պնդումները հերքվեցին դատարանում: Վառելանյութ ծախելու մասին խոսակցությունները, կարծում եմ, մասամբ ճիշտ էին: Բայց եկեք համեմատենք, թե հեղափոխությունից հետո քանի քրեական գործ է հարուցվել այդ հարցով, քանի զորամաս կա Հայաստանում, եւ արժե՞ր արդյոք 5 կամ 10, թույլ տվեք ասել, ստահակի պատճառով վարկաբեկել ամբողջ բանակը:
Հիմա ես դարձյալ զգուշացնում եմ, որ գերի ընկած զինծառայողների նկատմամբ անմարդկային, ոչ հարգալից վերաբերմունքը, առավել եւս՝ նրանց խնդիրները ներքին եւ արտաքին քաղաքականության հետ կապելը, կունենա հեռուն գնացող բացասական հետեւանքներ: Եթե մենք այսօր ծառայության մեջ գտնվողների հանդեպ չունենանք ակնածանք, մարդկային նրբանկատություն չդրսեւորենք, դա 5, 10, 20 տարի հետո վատ կանդրադառնա բանակի, հասարակության, պետության վրա: Հակառակը՝ պետք է ստեղծել «դրական դիցաբանություն» բանակի շուրջ, ինչպես որ անում են ԱՄՆ-ը, Իսրայելը եւ այլ զարգացած երկրներ:
Կարդացեք նաև
…Ես ամեն ինչ կարող եմ հասկանալ՝ «հաբռգածությունը», թանկարժեք «պադավատները», «շահած» տենդերները, նույնիսկ խորհրդարանում լակոտական կռիվները: Մինչեւ 2018 թվականը «սերժականների» «կայֆ բռնելու» ժամանակն էր, հիմա՝ «նիկոլականների»: Բայց այդ խրախճանքի արանքում գիտակցության ինչ-որ մի անկյունում պետք է լինի «ամբախ-զամբախ» խոսելու հետեւանքների մասին պատկերացումը: Եթե, իհարկե, իշխանություն ունենալու գլխապտույտից չի առաջացել այն, ինչ թմրամոլների մոտ կոչվում է отключка:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ