Ձեռքբերումներն ու մարտահրավերները հայկական չրարտադրության ոլորտում
Վերջին տարիներին Հայաստանի չրարտադրության ոլորտը կարեւոր ձեռքբերումներ է գրանցել՝ բարելավելով արտադրության որակը։ Մասնավորապես, մի շարք հայկական ընկերություններ ներդրել են միջազգային տեխնոլոգիաներ ու ստանդարտներ, ինչն իրենց արտադրանքն ավելի մրցունակ եւ ճանաչելի է դարձնում արտաքին շուկաներում։ Այս տեխնոլոգիաների ներդրմանը նպաստել է նաեւ մի խումբ հայաստանյան արտադրողների՝ 2020 թ.-ի սկզբին Հարավաֆրիկյան Հանրապետություն կատարած ուսումնական այցը, որի ընթացքում նրանք ձեռք բերեցին արժեքավոր գիտելիքներ եւ հմտություններ արտադրական կարողությունները զարգացնելու համար։ Ուսումնական այցը կազմակերպվել էր «Արեւելյան գործընկերություն` առեւտրի համար պատրաստ. ԵՄ-ն` բիզնեսի համար» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Առեւտրի միջազգային կենտրոնը Եվրոպական միության աջակցությամբ։
Հայաստանում չրարտադրության ոլորտում վերջին զարգացումների եւ մարտահրավերների վերաբերյալ Aravot.am-ը զրուցել է Հարավաֆրիկյան Հանրապետությունից ոլորտի միջազգային խորհրդատու, փորձագետ Անտոն Էրվեի հետ։ Անտոնը երեք տարի շարունակ խորհրդատվություն է տրամադրել հայաստանյան չրարտադրողներին՝ օգնելով նրանց արտադրել միջազգային շուկաների համար մրցունակ արտադրանք եւ խթանել դրանց արտահանումը։
Ներկայումս Անտոնը Հարավային Աֆրիկայում չրարտադրության ոլորտում առաջատար ընկերություններից մեկի՝ Source Handmade Foods (PTY) կազմակերպության գլխավոր գործառնական տնօրենն է։ Հարավային Աֆրիկա կատարած շրջայցի ընթացքում տեղացի արտադրողներն Անտոնի շնորհիվ հնարավորություն ունեցան ծանոթանալու այնտեղ կիրառվող ողջ արտադրական շղթային՝ այգիների մշակումից մինչեւ չրի վերամշակում, մատակարարում ու վաճառք։
– Սա Ձեր երկրորդ այցն էր Հայաստան, որի շրջանակում Ձեր արժեքավոր փորձն ու խորհուրդները փոխանցեցիք տեղացի արտադրողներին։ Կարո՞ղ եք ասել, որ տեղական ընկերություններն արդեն իսկ համապատասխան քայլեր էին ձեռնարկել Ձեր խորհուրդների հիման վրա։ Ձեր սպասելիքները արդարացվեցի՞ն:
– Այո, իմ սպասելիքները արդարացվեցին եւ նույնիսկ ավելին, ես կասեի: Ես ակնկալում էի տեսնել, որ որոշ առաջարկներ, որոնք արել էի իմ նախորդ աշխատանքային այցի ընթացքում, արդեն իրականացվել են, եւ հաճելիորեն զարմացա: Որոշ գաղափարներ եւ տեխնոլոգիաներ, որոնք ներդրվել են 2019-ին Հայաստան կատարած իմ վերջին այցից հետո, նույնիսկ գերազանցեցին իմ սպասելիքները։
– Այս տարի Հայաստան կատարած Ձեր այցի ժամանակ ինչպիսի՞ նոր ձեռքբերումներ նկատեցիք հայկական չրարտադրության ոլորտում:
– Հայաստանում սովորաբար պտուղը չորացնում են մինչեւ վաճառքի համար պատրաստ խոնավության մակարդակը: Սա խոնավության այն մակարդակն է, որի դեպքում արտադրողը նախատեսում է վաճառել չիրը:
Պտուղը մինչեւ նախընտրած խոնավության մակարդակը չորացնելուց հետո պահեստավորվում է։ Այնուհետեւ չիրը փաթեթավորվում եւ վաճառվում է խոնավության այն մակարդակում, երբ այն փափուկ է եւ հեշտ է ծամվում: Իմ խորհուրդն է չորացնել միրգը/բանջարեղենը մինչեւ շատ ավելի ցածր խոնավության մակարդակի։ Այս դեպքում պտուղը շատ ավելի կոշտ է եւ այդքան էլ հաճելի չէ այն ծամել, սակայն պահպանման ժամկետը շատ ավելի երկար կլինի, իսկ մրգի գույնը՝ շատ ավելի լավ կպահպանվի: Արտադրողները կարող են ապահովել խոնավության ցանկալի մակարդակն այն ժամանակ, երբ չիրը պետք է արդեն փաթեթավորեն՝ լվանալով այն սառը ջրով։ Իմ կարծիքով, սա տեխնիկապես փոքր-ինչ ավելի հաջող մեթոդ է: Այս առաջարկը հայաստանյան արտադրողներին ներկայացրի 2019-ին, երբ Հայաստանում էի, իսկ երբ այս տարի վերադարձա, ուրախությամբ նկատեցի, որ արտադրողներից շատերն արդեն ներդրել են այս մեթոդը։ Այսպիսով, սա հերթական խոշոր ձեռքբերումն էր հայկական չրարտադրության ոլորտում:
Բացի այդ, Հայաստանում հիմնականում օգտագործում են արեւային չորացման եղանակը, ինչի արդյունքում փոշու կուտակումներ կարող են լինել։ Լվանալով միրգը՝ արտադրողները կարողանում են հեռացնել փոշին նախքան այն փաթեթավորելն ու վաճառելը։
– Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է մրցունակ հայկական չիրն իր փաթեթավորմամբ։
– Ըստ երեւույթին, մեծ ներդրումներ են արվել դիզայնի եւ փաթեթավորման բարելավման նպատակով. փաթեթավորումն էապես բարելավվել է, եւ շատ բան արվել է հենց «EU4Business։ Առեւտրի համար պատրաստ» ծրագրի շրջանակներում: Փաթեթավորման նյութերը հիմա ավելի բարձրորակ են, ինչը նպաստում է նաեւ չրի պահպանման ժամկետի երկարաձգմանը: Իմ նախորդ այցի ընթացքում ես նկատեցի, որ փաթեթավորման որոշ նյութեր նախատեսված չէին չրի համար։ Այսպիսով, իմ կարծիքով սա եւս զգալի առաջընթաց է: Ինչ վերաբերում է դիզայնին, ապա հայկական չրի փաթեթավորման դիզայնը լիովին մրցունակ է եվրոպական շուկայի համար:
– Որո՞նք են հայկական չրի համար նախընտրելի թիրախային շուկաներն արտահանման համար:
-Հայ արտադրողները կարող են դիտարկել եվրոպական ցանկացած շուկա եւ, առհասարակ, ցանկացած այլ շուկա արտահանման համար: Օրինակ, «Առեւտրի համար պատրաստ» ծրագրի որոշ շահառուներ հիմնականում արտահանում են Գերմանիա, իսկ որոշները՝ ԱՄՆ։ Այստեղ հատկանշական է, որ ամեն շուկա ունի խոնավության մակարդակի իր պահանջները։ Եվրոպական միության անդամ-պետության շուկաներն, օրինակ, ավելի բարձր խոնավության մակարդակ են պահանջում, քան բրիտանականը։ Ամերիկյան շուկան պահանջում է խոնավության փոքր-ինչ ավելի ցածր մակարդակ:
Խոնավության ցանկալի մակարդակ ապահովելը հնարավորություն է տալիս թիրախավորել այն շուկան, որը նպատակ ունեք մուտք գործել: Աշխարհում չկա այնպիսի շուկա, որը հայաստանյան չրարտադրողները չկարողանան սպասարկել: Հայկական չիրը բարձրորակ է եւ գեղեցիկ: Արտադրողը պետք է որոշի, թե որ շուկան է ցանկանում մուտք գործել, եւ որտեղ են ավելի բարձր մարժաները:
– Զարգացման ի՞նչ ներուժ ունի հայկական չրային արտադրանքը։ Այստեղ առաջընթաց նկատեցի՞ք:
– Որոշ ընկերություններ, որոնց այցելել եմ Հայաստանում, պատրաստում էին բարձրորակ չրային կոնֆետներ: Մենք միասին որոշ բաղադրատոմսեր մշակեցինք, եւ ես այստեղ որոշակի առաջընթաց նկատեցի: Օրինակ, ծրագրի շահառուներից մեկն արտադրում է չրային նախուտեստներ ընկույզով, որոնք հրաշալի են գինու եւ պանրի հետ: Մեկ այլ արտադրող մրգային լավաշ էր պատրաստում, որը գերազանց էր: Դե, մրգային լավաշը նորություն չէ Հայաստանում, բայց այն ըստ ավանդական բաղադրատոմսի պատրաստվում է թարմ մրգերից: Իմ խորհրդատվությունների ժամանակ առաջարկել եմ չրային լավաշ պատրաստել հենց չրից: Սրանք երկու տարբեր արտադրանքներ են:
– Ինչպե՞ս պետք է հայաստանյան չրարտադրողները ճանաչելի դարձնեն հայրենականը՝ իրենց արտադրանքը արտերկրում ներկայացնելիս:
– Հայկական չիրն արդեն իսկ բավականաչափ ճանաչելի է ամբողջ աշխարհում: Այն եզակի է եւ տարբերվում է մյուս երկրների արտադրանքից։ Հայաստանյան չրարտադրողները պետք է կարողանան պահպանել հայկական չրի «հեղինակությունը»: Վերջինս, սակայն, կարող է հեշտությամբ վնասվել, եթե միջազգային շուկա անորակ հայկական չիր մուտք գործի: Այն, որ Հայաստանն ունի բավականին մեծ սփյուռք ողջ աշխարհով մեկ, նույնպես նպաստում է հայկական չրի առաջխաղացմանը:
– Ինչպե՞ս է փոխվել չրի սպառումը եւ արտահանումը COVID-19 ճգնաժամի ընթացքում: Ինչպե՞ս կարող են հայաստանյան ընկերությունները հաղթահարել այս ճգնաժամը:
– Չրի սպառումն աշխարհում համաճարակի սկսելուց հետո աճել է: Ընդհանուր առմամբ, ես ակնկալում եմ, որ չրի արտահանումը կաճի, այլ ոչ թե կնվազի: Թիրախային շուկայում գնորդներ գտնելը, պայմանավորվածություններ ձեռք բերելը եւ նրանց հետ հարաբերություններ հաստատելը էական նշանակություն ունի շուկայում դիրքավորվելու համար: Դուք չեք կարողանա վաճառել ձեր արտադրանքը, եթե այն ներկայացված չէ տվյալ շուկայում: Համոզվեք, որ սպառողները ճանաչում են ձեր ապրանքանիշը, արտադրանքը, եւ նրանք կգնեն այն:
Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.12.2021