Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վեռնոյի, նույն ինքը՝ Աշոտ Մալաքյան, ծննդյան 100-ամյակին նվիրված իսկապես շքեղ երեկո։ Ներկա էին հոբելյարի որդին՝ կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան Պատրիկ Մալաքյանը, հանրահայտ «Մայրիկ» ֆիլմում Աբգարի դերակատար Ժակի Ներսիսյանը, մարսելաբնակ դուդուկահար Լեւոն Մինասյանը, որի կատարմամբ նշյալ ֆիլմում հնչում է «Դլե յամանը»։ Երեկոյին հնչեցին Անրի Վեռնոյի ժամանակակիցների՝ Շառլ Ազնավուրի եւ Միշել Լեգրանի հայտնի ստեղծագործություններից՝ շոու-բիզնեսի ճանաչված ներկայացուցիչներ՝ երգիչներ Իլոնա Սագիևայի, Հայկ Պետրոսյանի ու օպերային սոպրանո Ջուլիանա Գրիգորյանի մեկնաբանմամբ։ Ողջ երեկո բեմում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Ֆիլհարմոնիկի բարձրարվեստ կատարումները, իհարկե, նորություն չեն, բայց առանձնացնենք դաշնակահարին՝ Կարեն Անանյանին, որի դերակատարումն, անկասկած, մեծ էր ստեղծագործությունները մեկնաբանելիս։ Երգարվեստի ժանրին առաջին անգամ չէ, որ անդրադառնում է ֆիլհարմոնիկը, բայց այս անգամ մեներգիչների ընտրությունը առանձնահատուկ էր։ Սա ոչ միայն մեր կարծիքն է, այլեւ հանդիսատեսի։
Երեկոյի նախաձեռնողներն էին Հայաստանի ազգային կինոկենտրոնը եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Անրի Վեռնոյի ծննդյան 100-ամյակը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների 2020-21թթ. օրացույցում։
Համերգի ավարտին Պատրիկ Մալաքյանը, ընդունելով շնորհավորանքները, անընդմեջ ասում էր. «Ուզում եմ արտահայտել իմ խորը հուզմունքը, որն ապրեցի այս համերգը լսելուց։ Ցանկանում եմ անվերջ շնորհակալություն հայտնել մաեստրո Թոփչյանին՝ ստեղծագործությունների մեկնաբանության եւ, համոզված եմ՝ բոլորիս անսահման հաճույք պատճառելու համար»։
Կարդացեք նաև
Ավելի քան 40 ֆիլմի հեղինակ է Անրի Վեռնոյը։ Նրա առաջին կարճամետրաժ՝ «Սանդուղք դեպի արեւը» ֆիլմի մեծ հաջողությանը հաջորդել են ականավոր արվեստագետի հայտնի ֆիլմերը, այդ թվում՝ «Օձը», «Հարյուր հազար դոլար արեւի համար», «Իմ թշնամու դիակը», «Աննշան մարդիկ», «Կապիկը ձմռանը», «Վախ քաղաքից», հայերիս համար անգին «Մայրիկ» ֆիլմը։ Ի դեպ, մամոլը, այդ թվում՝ ֆրանսիական, ռեժիսորի ձեռագիրը բնութագրել է «լավագույն հոգեբանական գծագրությամբ ու դրամատուրգիայով արված», շեշտելով նրա ֆիլմերին հատուկ փիլիսոփայությունը։
«Առավոտը» «պեղեց» ու գտավ ժամանակին Անդրի Վեռնոյի ընկերական նեղ շրջապատում ներկա ֆրանսիացի մի լրագրողի հուշերը, որոնք հանրության սեփականությունն էին դարձել կինոռեժիսորի մահից հետո։ Այնտեղ հիմնականում շարադրված է արվեստագետի «մենախոսությունը»՝ իր ծագման, հայկական ու ֆրանսիական մշակույթների եւ, իհարկե, դեռեւս նրա մտքում «պտտվող» «Մայրիկ» ֆիլմի մասին. «Ֆիլմը ընտանիքիս ու ժողովրդիս մասին է։ Այն յուրահատուկ պարտքի նման բան կլինի մորս, այն կդառնա ընկեր թե ֆրանսիացիների, թե այլ ծագումով ու այլ կրոն դավանող մարդկանց համար։ Ընկեր նրանց համար, ովքեր սիրում են, ովքեր երազում են իրենց մոր եւ մանկության մասին եւ որոնց հոգիները լայնորեն բաց են կարեկցանքի համար, իրենց մերձավորի համար, ու, ընդհանրապես՝ կենդանի էակի համար։ Հասկացեք, ես հորս խոստացել եմ պատմել մորս մասին։ Գիտեք, չէ՞, թե ինչ ասել է հոգու պարտականություն։ Ֆրանսիացիներդ գիտեք իմ ծագման մասին, իսկ ովքեր էլ չգիտեն՝ կիմանան ֆիլմը դիտելուց հետո»։
Ֆրանսիացի լրագրողը առանց սեփական մեկնաբանությունների մեջբերում է Վեռնոյի ուղիղ խոսքը, օրինակ, հանդիպում ենք հետեւյալին. «Դու կարո՞ղ ես մոռանալ այն մշակույթը, որը կլանել ես մայրական կաթի հետ։ Եթե չգիտեք, իմացեք՝ կարդում եմ, գրում եմ հայերեն, եթե կարողանում եմ՝ 2-3 օր անընդմեջ խոսում եմ մայրենի լեզվով։ Կարծում եմ՝ հայերենս պարզ ու սահուն է (ժպտում է)։ Փարիզն, անխոս, մշակութային կենտրոն է, միգուցե մշակութային «երկրագնդի նավ»։ Անխոս, պարտավոր եմ Ֆրանսիային՝ իմ երկրորդ մշակույթի համար, որը ես պաշտում եմ, առանց նսեմացնելու հայկական ազգային մշակույթը։ Պատկերացնո՞ւմ եք, ես շատ լավ եմ ապրում երկու մշակույթներում էլ, որոնք փոխազդում են առանց մեծ շփման եւ այդպիսով լրացնում միմյանց»։
Ներկաներից մեկը հետաքրքրվել է՝ ապագա «Մայրիկ» ֆիլմի համար հրավիրելո՞ւ է դերասաններ Հայաստանից։ Անվանի արվեստագետի պատասխանը հետեւյալն է եղել. «Երբեք հատուկ դերերի համար հայեր չեմ փնտրել։ Եթե ընտրության ժամանակ հանդիպեն, իհարկե՝ ուրախ կլինեմ։ Բայց մտքումս պտտվում են մեկ տասնյակ հայրենակիցների անուններ։ Հիմա կարող եմ բարձրաձայնել, թե ում եմ տեսնում մայրիկիս դերի համար. դա, միանշանակ, Կլաուդիա Կարդինալեն է, որը ճառագում է մոր ու կնոջ քաղցրություն։ Հորս դերակատարն էլ հստակ է. Օմար Շարիֆ, որն իտալական ֆիլմում արդեն խաղացել է հայ թագավորի դեր։ Այ, բարդ է իմ՝ Աշոտի դերակատարի հարցը (հայտնի է, որ այդ դերի համար ընտրությունը կատարվել է 600 երեխաներից)… Արդեն գիտեմ ում պետք է դիմեմ ֆիլմի հայկական երաժշտությունը գործիքավորելու համար, անգիր գիտեք. կոմպոզիտոր Ժառ Կլոդ Պետիտն է։ Բայց ամենաբարդը 80-ամյա մորս ճակատագրի մասին պատմելն է, այն էլ 3 ժամից պակաս ժամանակահատվածում։ Հասկանում եք, չէ՞, որ ամեն ինչ ինձ համար մասունք է, որտեղ դրոշմված է լինելու մորս դողդոջուն ստվերը…»։
«Մայրիկ» ֆիլմը նկարահանվեց 1991-ին, իսկ կինոռեժիսորը մոր մասին պատմածները հավաքել է «Մայրիկ» ժողովածուի մեջ, որը լույս է տեսել 1985-ին, թարգմանվել տասը լեզուներով, տպագրվել 200 հազար օրինակով։ Գրքի հայերեն թարգմանությունը տպագրվել է ԱՄՆ-ում, 1988թ.։ Բեսթսելլեր դարձած գրքի շապիկին մայրիկի դիմանկարն է՝ փոքրիկ Աշոտը՝ դեռ ոչ Անրին, գրկին։ Ինչպես հավաստիացնում է ֆրանսիացի լրագրողը՝ այդ լուսանկարը Նանսենի անձնագրից է, որը տրվել է 20-րդ դարի սկզբին՝ հայ փախստականներին։ Լուսանկարի եզրին տարեթիվն է՝ 1924, Աթենք։
Հոդվածի վերջում լրագրողը թղթին է հանձնել Վեռնոյի, իր բնութագրմամբ՝ ամենանվիրական մտքերից հետեւյալը. «Արմատներից հրաժարվել նշանակում է հրաժարվել ինքն իրենից։ Հինգ տարեկանից մոմեր եմ վառել հայկական եկեղեցիներում։ Իսկ եկեղեցին միայն հավատ չէ, այլ նաեւ մշակույթ։ Գիտե՞ք, երգել եմ մեր մեծն Կոմիտասի պատարագը։ Իսկ եթե ես եկեղեցու զավակ եմ, ուրեմն նաեւ հայ մշակույթի զավակ եմ…»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.12.2021