Լրահոս
Օրվա լրահոսը

«Հովեր»-ից՝ կոնսերվատորիային

Դեկտեմբեր 09,2021 12:30

1921 թվականին՝ Կոմիտասյան կոնսերվատորիայի հիմնադրմամբ հայրենական կատարողական արվեստին միջազգային հաղթանակներ առաջինը բերել է կոնսերվատորիայի հիմնադիր ղեկավար, կոմպոզիտոր, մանկավարժ ու հսկայական ուժով խմբավար Ռոմանոս Մելիքյանի 120 հոգանոց երգչախումբը՝ կազմված ստուդիականներից ու սիրողներից։

Մեկ դար անց՝ 100-ամյա կոնսերվատորիայի հոբելյանական նվիրումների շարքում հնչեց խմբերգային ձոն. 2021 թվականի դեկտեմբերի 3-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Սոնա Հովհաննիսյանի ստեղծած «Հովեր» պետական կամերային երգչախմբի «Ձմեռնամուտի համերգը» պարգեւն էր հարազատ alma mater-ի տարեդարձին։

Երեկոյի խմբավարն էր կոնսերվատորիայի երեկվա շրջանավարտ ու այսօրվա երիտասարդ դասախոս, երգչախմբի երկար տարիների անդամ, «Լե» իգական կազմի ղեկավար Նարինե Ոսկանյանը, ով Սոնա Հովհաննիսյանի մասնագիտական դասարանի ամենավառ սաներից է։ Օրվա ելույթը հատկապես հուզիչ էր դահլիճում ներկա Սոնա Հովհաննիսյանի ու նրա առաջին խմբավար ուսուցչի՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի դասատու՝ Արգենտինա Պողոսյանի (Առա Գարեգինովնայի) կողք կողքի կանգնելու պահը, որով տեսանելի դարձավ Նարինե Ոսկանյանի, հայ խմբերգային կատարողական արվեստի մի օրինակի՝ իր ուսուցչից եկող խմբավարական դպրոցի շարունակվող շղթան։

Գուստավ Հոլսթ, Պաուլ Հինդեմիտ, Դյորդ Լիգետի, Արվո Պյարտ, Վելյո Տորմիս, Վոլֆրամ Բուխենբերգ, Միքայել Օստրժիգա – ծանոթ ու անսպասելի անուններ ու բոլորովին անծանոթ, խմբերգային երկացանկի բացահայտումներ։ Հայաստանյան պրեմիերաներով ներկայացված 20-րդ դարի եւ ժամանակակից կոմպոզիտորների հոգեւոր ու աշխարհիկ խմբերգերը երեկոյի առաջինից մինչեւ վերջին վայրկյանը դահլիճի սրտից ժայթքած «բռավի»-ները գեղեցիկի մի զորեղ ներկայությամբ հաղորդվելու րոպեներ էին։ Սա այն գեղեցիկն է, որ  ծնվում է արվեստագետի ներաշխարհից երկունքի ցավ ու տանջանքով, ինչպես ամեն ինչ, որ կոչում է ապրելու։  Երաժիշտները  բացարձակ պարզության արտացոլանք էին, իսկ օրվա գտնված գեղեցկությունը բոլոր գործերի մեջ էր, որտեղ իրենց հովերով ամեն գույնն ու գիծը հնչեցնում էին ըստ սեփական հոգեկերտվածքի։ Երգչախումբը  հնչում էր ուղիղ, ազդու, ազնիվ, թափանցիկ, բայց եւ մի ինքնատիպ լռության շերտերով, որ հատուկ է նրբին տաղանդով օժտված Նարինե Ոսկանյանին։ Երաժշտի ունակություններով նրա բացարձակ շնորհը հմայում ու սփոփում է, որը չի կարող հպանցիկ ոգեւորություն կամ ծեծված ավանդույթի արգասիք լինել. համերգը մեզ՝ երկրին ընտելացածներիս երկնքի մասին այդչափ ու այդ ուժով պատմող սքանչելիք էր։

Ծրագիրը աղոթքի ու քնարերգության լեզվով կյանքի երեւույթների եւ ուժեղ զգացմունքների մեծարում էր, որի պրեմիերային կատարումները հաստատեցին երաժշտության պատմության ընթացքի այդ երկու երեւույթների կենսունակությունը։ Այս երգչախմբի արյան մեջ է մշտապես ու կենդանի հետաքրքրությամբ նայել բազմակերպ ավանդույթներին ու դարաշրջաններին։ «Հովեր»-ը հստակ պատկերացնում է համաշխարհային երաժշտական մշակույթի ամբողջ շղթան եւ զգում է սեփական առաքելությունն այդ պրոցեսում։

Գուստավ Հոլսթի «Ավե Մարիա»-ն տաճար կառուցելու հրաշալիք էր, որտեղ լսելի էր հստակությունն ու ռոմանտիկականը, հնագույնն ու արդիականը հնչեցնելու ունակությունը։ Սահուն կոնտրապունկտով երանգում էին հարմոնիայի տարբեր գույներ. ինչպիսի՜ ազատությամբ էին դիատոնիկ հարմոնիայում հնչում դիսոնանսները։ Զգայուն էր արտահայտվում իգական կազմի համար գրված եւ լրջագույն փորձություն պահանջող  վոկալ պարտիաների չափազանց մեծ ձայնածավալը։ Դեպի վեր ու ոչ երկրային էր, ճախրող, բայց միասնական, երաժշտականի տարածության, տեմբրի, դինամիկայի պատկարացման մեջ բնականի զգացողությամբ ընթերցումը։ Պաուլ Հինդեմիտի «Վեց երգ» խմբերգային շարքը՝ Ռ. Ռիլկեի խոսքերով երաժշտության միջոցով հոգեւոր միասնության գաղափարն է։ Միմյանց հաջորդող  մանրակերտերին միավորողը խմբերգային ֆակտուրայի գործիքային բնությունն է, ինչի արդյունքում խմբավարը հնարավորություն ուներ ազատ խաղալ հնչողությունների հետ։ Ասելիքի կարեւորությունը շեշտվում էր հոմոֆոն – հարմոնիկ ֆակտուրայի նախապատվությամբ։ Ընդգծվում է բնության կատարելության ու սիրո փառաբանության հիացումը, այսպես՝ լսվում է եղնիկի ցատկը՝ կարճ ու երկար տեւողությամբ ռիթմական պատկերը, կամ կարապի ունիսոն ու տարածվող արտահայտմամբ ջրի մակերեսով համաչափ սահելը, պարի պատրանքով պտույտը, զվարթ ու ժիր այգում հայտնվելը։

Առանձնահատուկ հասունությամբ էին հնչում Դյորդ Լիգետիի «Միայնություն» ու Օծում Բեթանիայում աստվածաշնչյան դրվագի վրա ստեղծված Արվո Պյարտի «Կինը՝ ալեբաստերի տուփով» խմբերգերը, որտեղ զուսպ էին ֆորտեները, զգայուն ու ներգործող էին սաղմոսերգության ու քնարերգության անշտապ, անմարմին շարադրանքի դադարները։ Վոլֆրամ Տորմիսի «Աշնանային բնապատկերներ» շարքում խմբերգային արտահայտչաձեւերի հանրագումարի մեջ լսելի էին Վեբերի «Գայլերի հովտի» պատկերայնությունը, անգամ՝ Կոմիտասյան «Ել, ել»-ի նման աճող շարադրանքը, բառերի ֆոնետիկայի հետ խաղը։ Վոլֆրամ Բուխենբերգի աղոթքում ասեղնագործ վարպետությամբ Մագնիֆիկատ բառի վրա մարդկային ձայների երանգը փոխակերպվում է գործիքի ու արձագանքի, ինչն ասես՝ երկնայինն է, ապա՝ բառերը վերադառնում են պոլիֆոնիկ շարադրանքով՝ կարծես նմանվելով երկրայինին, որ հետո նորից վեր հառնեն։ Միքայել Օստրժիգայի «Տեր, օգնիր ինձ» աղոթքում խմբավարը ուրվագծեց տաճարի ակուստիկան ու խմբերգային պատմության դարերը լսող կոմպոզիտորի ձեռագիրը։ Երգչախմբի ձայնի մեջ բաբախում էր հզոր էմոցիոնալ լիցքը, միասնական երգեցողական կատարողականությունը, ինտոնացիայի գործիքայինի ճշգրտությամբ արտահայտչականությունը։

Կոնսերվատորիայի 100-ամյակին նվիրված համերգին երգեց «Հովեր»-ը, որի անդամներից գրեթե բոլորը  կոմիտասյան երազից ծնված կրթօջախի տարբեր տարիների սաներն են, իսկ Սոնա Հովհաննիսյանը՝ այսօրվա ռեկտորն է ու  խմբավարի բարձրագույն կենսագրությամբ մեծանուն Ռոմանոս Մելիքյանի ազգային երաժշտարվեստը զարգացնելու գործի հավատարիմ ժառանգը։ Սա երեկո էր՝ սքանչանալու ու գոնե մի փոքր հոգով վեհանալու, սպասված գեղեցիկի հետ գրկախառնվելու, մարդու ճշմարիտ էության պահանջն ու բավականությունը ճանաչելու եւ դրան արձագանքելու, ամրագրելու։ Սա պատգամ էր այսօր ու բոլոր ժամանակներում մեր լինելության խորհրդի, այն է՝ գտնել նորն ու ծառայել անխախտ հիշողության շարունակականությամբ։

Օլյա ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ

երաժշտագետ

Լուսանկարը՝ Թինա Գեւորգյանի

«Առավոտ» օրաթերթ
08.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031