Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի ռազմաքաղաքական շանտաժին հակադրվելու երկու ճանապարհ կա

Դեկտեմբեր 09,2021 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Թուրքիայի նախագահը ցանկանում է ոչ թե պահպանել «հրադադարը» եւ դադարեցնել «ռազմական գործողությունները», այլ՝ հսկել, կառավարել դրանք

Դեկտեմբերի 3-ին ՀՀ արտգործնախարարության խոսնակը չէր բացառել, որ ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակներում Ստոկհոլմում հնարավոր է կայանա Արարատ Միրզոյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում: Պաշտոնական Բաքուն, սակայն, մերժեց այն, հայտնելով, թե որն է դրա պատճառը: Ադրբեջանական կողմը հրաժարվել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ Ստոկհոլմում հանդիպում անցկացնելուց, որպես պատճառ նշելով՝ «հայ պատգամավորների անօրինական այցը Ղարաբաղ»:

Արգելափակված այս իրավիճակով, վստահաբար, թուրք-ադրբեջանական տանդեմը փորձեց ցույց տալ Մոսկվային, որ իրենց ձայնը պետք է լսելի ու որոշիչ լինի, եւ ցանկացած պահի, նրանք կարող են բանակցային գործընթացում պատային իրավիճակներ ստեղծել: Դեկտեմբերի 3-ին Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց ունեցան, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի՝ քննարկել էին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցող զարգացումները։

Կրեմլը հաղորդեց, որ թուրքական կողմի նախաձեռնությամբ է կայացել Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը: Թուրքիայի նախագահի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին: «Կարեւոր է, որ բանակցությունների ընթացքում հաստատվել է Բաքվի եւ Երեւանի պատրաստակամությունը՝ փոխգործակցելու տարածաշրջանում կայունության ապահովման համատեքստում, ինչպես նաեւ երկու պետությունների միջեւ սահմանազատման եւ սահմանագծման մեխանիզմներ ստեղծելու համար։ Բացի այդ, տրամադրվածություն է դրսեւորվել առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման գործնական խնդիրների լուծման ուղղությամբ։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նշելով Ռուսաստանի Դաշնության միջնորդական դերի կարեւորությունը, հանդես է եկել  հօգուտ հետագա ջանքերի համակարգման, այդ թվում՝ ռուս-թուրքական կենտրոնի հնարավորություններն օգտագործել հակամարտության գոտում հրադադարն ու բոլոր ռազմական գործողությունները հսկելու համար»,-ասվում էր Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։

Ի՞նչ է ստացվում. Էրդողանը հակամարտության գոտում «բոլոր ռազմական գործողությունների» մեղքը բարդում է ռուսական կողմի «անգործության» վրա, ու այդ համատեքստում շեշտում է ռուս-թուրքական կենտրոնի դերը, եւ ընդ որում, ոչ թե հանդես է գալիս այդ «բոլոր ռազմական գործողությունները» դադարեցնելու եւ «հրադադարը» պահպանելու անհրաժեշտությամբ, այլ բացառապես կարեւորում է «հրադադարը» եւ «բոլոր ռազմական գործողությունները հսկելը», փաստորեն, ակնարկելով, թե դրանք ադրբեջանական կողմը չի նախաձեռնում: Սրանք Էրդողանի կողմից ամենեւին էլ պատահական «նրբերանգներ» չեն, այսինքն՝ Թուրքիայի նախագահը նպատակ ունի ոչ թե պահպանել «հրադադարը» եւ դադարեցնել «ռազմական գործողությունները», այլ՝ հսկել, իսկ իրականում՝ կառավարել դրանք:

Ինչեւէ, ըստ ամենայնի, Մոսկվան ու Անկարան նախանշել են, թե ստեղծված իրավիճակում, երբ պաշտոնական Երեւանը մերժում է միջանցքի գաղափարը, իսկ Բաքուն՝ պնդում, ինչպես կարելի է առաջ ընթանալ:  Հետաքրքրական է նաեւ, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպման անհնարինությունն արձանագրվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությամբ՝ Պուտին-Էրդողան հեռախոսազրույցից մեկ օր անց: Դեկտեմբերի 4-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն տարածեցին, որում ցավով հայտնում էին, որ Ստոկհոլմում հնարավոր չի եղել համատեղ հանդիպում անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ։ Համանախագահները պատրաստակամություն էին հայտնել կազմակերպել նման հանդիպում, երբ հանգամանքները թույլ տան շարունակել սեպտեմբերին Նյու Յորքում եւ նոյեմբերին Փարիզում սկսված քննարկումները։

Սոչիի եռակողմ հանդիպումից գոհ էին բոլոր երեք կողմերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, ապա՝ ՀՀ ԱԳՆ խոսնակն էր տեսակետ հայտնել, թե Սոչիի հայտարարությամբ հերթական անգամ հերքվում է «միջանցքի» թեզը։ Սակայն Սոչիի հանդիպումից օրեր անց Ադրբեջանն Արցախում անցավ սահմանային սրման: Վերջին օրերին ադրբեջանական կողմը Կարմիր շուկայի ուղղությամբ կրակոցներ է արձակում: Իսկ դեկտեմբերի 3-ին Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի հարեւանությամբ տեղակայված չեզոք գոտի եւ բռնություն գործադրել անասնապահությամբ զբաղվող 65-ամյա Սեյրան Սարգսյանի նկատմամբ, հետո նրան տեղափոխել են ադրբեջանական հենակետ, որտեղ էլ Սարգսյանին սպանել են։

Այսինքն, իր պատկերացրած հունով բանակցությունների շարունակման տեսանկյունից Բաքուն նախապայմաններ է առաջ քաշում, զուգահեռաբար բանեցնելով հին մեթոդը. սահմանային լարվածություն, գումարած՝ հայկական կողմից ականապատ քարտեզներ ստանալու պահանջը, եւ պաշտոնական Բաքվի գլխավոր նպատակը՝ ոչ մի կերպ թույլ չտալ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերագործարկումը:

Դեկտեմբերի 4-ին հաղորդվեց, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել նոյեմբերի 16-ին գերեվարված 10 հայ զինծառայողներին։ Քիչ անց հայտնի դարձավ նաեւ, թե ինչ պայմաններում էր Բաքուն գնացել «մարդասիրական» այդ քայլին: Ադրբեջանական լրատվամիջոցները վկայակոչելով Ադրբեջանի Անվտանգության ծառայության հաղորդագրությունը, փոխանցում էին, որ հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել «ականապատ դաշտերի եւ օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի Հանրապետության այլ տարածքների քարտեզները»։ Գերատեսչությունը նշել էր, որ քարտեզները ադրբեջանական կողմին են փոխանցվել «բանակցությունների արդյունքում»։ «Մեր երախտագիտությունն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը՝ ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման հարցում ցուցաբերած միջնորդության համար», նշվում էր Ադրբեջանի Անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։

Հիմա, սպասենք, թե «միջանցքային» տրամաբանության շրջանակներում Բաքուն երբ կհամաձայնի շարունակել թե՛ եռակողմ հանդիպումները, թե՛ Հայաստանի հետ հնարավոր բանակցությունները, բնականաբար, ակնկալած զիջումները հայկական կողմից կորզելով ու ստանալով:

Ինչ վերաբերում է Հայաստանի խորհրդարանական պատվիրակության այցին Ստեփանակերտ, որը Ադրբեջանը «սադրանք» է որակում, ապա պարզ է, որ նման քայլերով Բաքուն արգելափակելու է յուրաքանչյուր հնարավոր համաձայնություն՝ ավելին ստանալու ակնկալիքով: Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը Ստեփանակերտ էր գործուղվել ՀՀ Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, դեկտեմբերի 3-5-ը Ստեփանակերտում համատեղ խորհրդարանական լսումներ էին անցկացվել։

Բոլոր կողմերից Բաքուն առավել կոշտ ու բիրտ քաղաքականություն է վարում՝ բանեցնելով բոլոր «գործիքները», ընդհուպ մինչեւ ռազմական շանտաժը: Մինչդեռ Հայաստանն, առայժմ, միակ զիջող կողմն է, որը 44-օրյա պատերազմից հետո մի քանի եռակողմ հայտարարություններ ստորագրելով էլ դեռ ստիպված է շարունակել զիջել: Սա տեղի է ունենում, քանի որ պաշտոնական Երեւանի կողմից չի տարվում անհրաժեշտ դիվանագիտական աշխատանք, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ոչ բավարար ամրությունն են ի ցույց դնում: Ադրբեջանի ռազմաքաղաքական շանտաժին հակադրվելու երկու ճանապարհ կա՝ դիվանագիտական հետեւողական աշխատանք՝ բարեկամ, գործընկեր պետությունների հետ եւ բանակի ամրապնդում: Ոչ մեկը, ոչ մյուսը գործող իշխանությունները, կարծես, առանձնապես չեն կարեւորում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 08.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031