Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հովիկ Աղազարյանը բողոքում էր, որ սրճարանում հաշիվ չի կարողանում փակել, հիմա բյուջեից փողը ստանում, նվիրատվություն է անում

Դեկտեմբեր 09,2021 14:30

Ինչպես է Աղազարյանը ծախսում պատգամավորական գործունեության վճարը ու ինչու է «50 հազար դրամի մեջ չտեղավորվողը» ՔՊ-ին գումար նվիրաբերել

«Ես, ճիշտն ասած, հիմա այս պահին չեմ հիշում, թե ինչքան եմ նվիրաբերել, բայց ամբողջը ես չեմ արել, իմ ընկերներն էլ են օգնել»,- ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն «Առավոտի» հետ զրույցում այսպես արձագանքեց ՔՊ-ին իր նվիրաբերության մասին հարցին:

«Հետքը» հրապարակել էր «Քաղաքացիական պայմանագրի» այն պատգամավորների ցանկը, որոնք ԱԺ ընտրությունների ժամանակ բավականին շռայլ են գտնվել եւ ՔՊ-ին նվիրաբերել են հարյուր հազարավոր եւ միլիոնավոր դրամներ: Նվիրատվության ընդհանուր արժեքը կազմել է 105,5  մլն դրամ: Կոնկրետ Հովիկ Աղազարյանը 50-300 հազար դրամ նվիրաբերողների ցանկում է:

«Եթե պետք է քարոզարշավ անենք, ի՞նչ միջոցներով պետք է անենք: Բնականաբար, յուրաքանչյուրս մեր մասով պետք է մեր ֆինանսական ներդրումն ունենա՞նք, որովհետեւ առանց ֆինանսների ո՞նց կարող է քարոզարշավ արվել: Ես դա չեմ համարում պարտադրանք: Ես հիշում եմ, որ առաջին անգամ, երբ որ մենք «Ելքի» շրջանակներում մասնակցում էինք ընտրություններին, մենք նախապես որոշեցինք, որ ըստ համարների, երբ որ քվեարկությունից հետո յուրաքանչյուրս կհայտնվի այս կամ այն համարներում, այդ համարին համապատասխան յուրաքանչյուրս պետք է գումար ներդնենք, որպեսզի կարողանանք քարոզարշավն իրականացնենք: Դա բնական բան է, ոչ մի սարսափելի բան չկա այդտեղ»:

Հարցին՝ մի կողմից գումար եք նվիրաբերում կուսակցությանը, մյուս կողմից, երբ ԱԺ-ում քննարկվում էր պատգամավորական գործունեության համար 250 հազար դրամ բյուջեից ձեզ հատկացնելու հարցը, դուք ասում էիք, որ «50 հազարի մեջ մենք չենք տեղավորվում», սրճարանում հանդիպում եք անում, մեկ-մեկ էլ հաշիվը փակում եք, ստացվում է, որ  կուսակցության նկատմամբ շռայլ եք գտնվում, իսկ երբ խոսքը բյուջեի փողերի մասին է, անխնա վերցնո՞ւմ եք՝ Հովիկ Աղազարյանը պատասխանեց, որ նվիրաբերությանը մասնակցել են նաեւ իր ընկերները ու այդ գումարն ամբողջությամբ ինքը չի վճարել. «Այո, ես ասել եմ՝ երբեմն շփվելով այս կամ այն քաղաքացու հետ, մեկ-մեկ էլ մենք ենք հաշիվը փակում: Նվիրաբերություն արել եմ, ընկերներս օգնել են, այդտեղ հակասություն կա՞: Ես հակասություն չեմ տեսնում»:

Պատգամավորներն արդեն 2 ամիս է՝ ստանում են 250 հազարական դրամը՝ աշխատավարձից բացի: Հարցին՝ ինչպե՞ս եք ծախսել այդ գումարը՝ Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Ես մոտավորապես 100 հազարը նվիրատվություն եմ անում: Իսկ այն 150 հազարն էլ ես ծախսում եմ մարզեր այցելությունների վրա»:

Հարցրեցինք՝ հիշո՞ւմ եք այդ օրենքի նախագծի քննարկումների ժամանակ բոլոր պատգամավորներդ միաբերան ասում էիք, թե աշխատավարձից բացի, բյուջեից պատգամավորին տրամադրվող 50 հազար դրամը չի բավականացնում, հիմա ստացվում է, որ բյուջեից հավելյալ 200 հազար էլ վերցնում եք, որ «բարեգործ Հովիկ Աղազարյա՞ն» ասեն ձեզ՝ նա պատասխանեց. «Չէ, դե բարեգործ չեմ, ես դրա մասին չեմ հայտարարում, որ այստեղ այս եմ արել, այնտեղ այն եմ արել: Ուղղակի այնպես է լինում, որ տարբեր իրավիճակներում ես հայտնվում, տարբեր խնդրանքներով են քեզ դիմում մարդիկ ու դժվարանում ես մերժել: Այն ժամանակ էլ, երբ 250 հազար չէինք ստանում, էլի անում էինք: Լավ կլինի, որ օրենք ընդունվի, հստակ երեւա, թե այդ 250 հազարը որտեղ է ծախսվում, ես դրան դեմ չեմ: Ես կողմնակից եմ, որ հաշվետվություն ներկայացվի, թե որտեղ է ծախսվում ու դա հստակ լինի պատգամավորի գործունեության շրջանակներում: Եթե ծախսում է՝ ծախսում է, եթե մնում է՝ թող մնա, հաջորդ ամիս կծախսի, կամ հետ կգնա պետական բյուջե»:

«Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ այդ օրենքի հետ կապված, Հովիկ Աղազարյանն ասաց. «Հայաստան» դաշինքի 90 տոկոսը այդ ֆինանսների կարիքը բացարձակապես չունի: Ես այդ խնդիրն ունեմ, ես դժվարանում եմ իմ աշխատավարձից այդ գումարները ծախսել այլ նպատակներով»:

Դիտարկմանը, որ ձեր խմբակցության պատգամավորներից 19 հոգի 5 մլն դրամ նվիրաբերել է ՔՊ-ին, իրենք ունեի՞ն այդ 250 հազար դրամի կարիքը, որ ստանում են՝ Աղազարյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ 5 մլն դրամ տվողները ամբողջությամբ դա արել են իրենց միջոցների հաշվին: Ես չեմ բացառում, որ կլինեն պատգամավորներ, մեր մոտ էլ կան պատգամավորներ, որոնք  մեծահարուստ են: Իրենց չհաշված, եթե շարքային պատգամավորը այդպիսի նվիրատվություն արել է, ապա դա արել է իր ընկերների միջոցով՝ համախմբելու իմաստով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031