Մարզպետը ներկա է գտնվել Վաղարշապատի 3-րդ դպրոցում կազմակերպված հիշատակի միջոցառմանը
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Վաղարշապատի Հովհաննես Հովհաննիսյանի անվան N3 հիմնական դպրոց, ներկա գտնվել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված կրթօջախի յոթ շրջանավարտների հիշատակին նվիրված միջոցառմանը:
Արցախյան երկրորդ պատերազմի թեժ մարտերում քաջաբար ընկած վաղարշապատցիներ Ռազմիկ Մկրտչյանի, Անուշավան Մարտիրոսյանի, Աշոտ Մարտիրոսյանի, Արթուր Հակոբյանի, Վարազդատ Նազարյանի, Նարեկ Պետրոսյանի, Արմենակ Գազարյանի հայրենի դպրոցում կազմակերպված ոգեկոչման միջոցառումը սկսվել է նրանց հիշատակին կանգնեցված հուշաքարի բացման և օծման արարողությամբ:
Կրթօջախի հերոսացած շրջանավարտների հավերժ ներկայությունը հավաստող հուշաքարի օծման կարգից հետո ներկաներին ողջունել և օրվա առթիվ իր խոսքն է հղել մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը` ասելով. «Այսօր պատիվ ունեմ ներկա գտնվելու մեր հերոս տղաների՝ Ռազմիկի, Անուշավանի, Աշոտի, Արթուրի, Վարազդատի, Նարեկի և Արմենակի հիշատակին նվիրված միջոցառմանը, խոնարհվելու նրանց սխրանքների առջև և խոստանալու, որ ապրելով մեր սրբազան Հայրենիքում՝ միշտ վառ ենք պահելու նրանց հիշատակը:
Կարդացեք նաև
Այո, յուրաքանչյուրիս համար դժվար է գիտակցել, որ նրանք իրենց չապրած կյանքով մեզ ապրելու իրավունք տվեցին: Իրենց սխրանքներով նրանք աշխարհին ապացուցեցին հայի արժանապատիվ տեսակը, այս հողի վրա ապրելու և արարելու արդարացի իրավունքը: Կարծում եմ, որ հենց այս գիտակցումը մեզ պետք է առաջնորդի մեր բոլոր գործերում, որպեսզի միահամուռ ուժերով կարողանանք արժանին մատուցել մեր հերոսների հիշատակին ու մեր Հայրենիքին»:
Մարզպետն իր խոսքում ընդգծել է, որ այժմ, ունենալով պատերազմի ծանր հետևանքները, մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք վերածնվելու, ոտքի կանգնելու, շարունակելու մեր պետության, պետականության առաջընթացը:
Նա միաժամանակ շնորհակալություն է հայտնել հերոսածին ծնողներին, ուսուցիչներին՝ նահատակված տղաներին հայրենասիրական ոգով դաստիարակելու և նրանց մեջ Հայրենիքի հանդեպ անմնացորդ նվիրում սերմանելու համար. «Հավերժ փառք մեր հերոսներին և խոնարհում նրանց վառ հիշատակին»:
Ոգեկոչման միջոցառումը շարունակվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված կրթօջախի յոթ շրջանավարտների անունը կրող «Փառքի սրահի» բացմամբ, որին էլ հաջորդել է օրվա խորհուրդը լրացնող միջոցառումը՝ դպրոցի սաների մասնակցությամբ:
Արմավիրի մարզպետարան