Ինչպես տեղեկացրել ենք, այսօր վաղ առավոտից գերիների, անհետ կորածների հարազատները ԱԺ շենքի մուտքի մոտ բողոքի ցույց էին անում: Նրանց վրդովվեցրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը գերիների մասին:
Ծնողների խոսքով՝ Ալեն Սիմոնյանի խոսքերի պատճառով իրենց երեխաներին վերադարձնելու շանսերը նվազում են: «Ես եղբայր ունեմ անհայտ կորած, թող Ալեն Սիմոնյանն իջնի ու պատասխան տա իր խոսքերի համար, թող կրկնի մայրերի առաջ այն, ինչ ասել է»,- ասաց ցուցարարներից մեկը՝ պահանջելով Ալեն Սիմոնյանից ներողություն եւ հրաժարական:
Կարդացեք նաև
Ծնողները պահանջում էին Ալեն Սիմոնյանի հետ հանդիպում ու որպես բողոքի միջոց՝ փակել էին Դեմիրճյան փողոցը, հետո նաեւ Բաղրամյան պողոտան: Ոստիկանները, կարմիր բերետավորները շղթա կազմեցին ու փորձեցին խոչընդոտել ծնողների գործողությունները: Բերման ենթարկվեց «Կամք» նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանը, մի քանի բողոքող ծնողներ: Մյուսներին հրելով տարան դեպի մայթ: Րոպեներ անց փողոցների երթեւեկությունը վերականգնվեց: Ցուցարարները բաժանվեցին խմբերի, մի մասը ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ էր, մյուսները՝ Բաղրամյան պողոտայում:
Մայրերը, գերիների հարազատները բղավում էին՝ իրենց որդիներին են մեղավոր հանում, բայց իրական որեւէ մեղավոր չպատժվեց. «Դե թող մի հատ գեներալ բռնեին, աչքներս տենար»:
Զոհված զինվորներից մեկի մայրը բորբոքվել էր ոստիկանների վերաբերմունքից. «Կին չունե՞ք, երեխա չունե՞ք, 19 տարի երեխա եմ մեծացրել դաժան ձեւով, գոնե մի փոքր հարգանք ունեցեք: Նիկոլը կարողանում է այսօր իր երեխային ժպտալով տեսնի, ես չեմ կարողանում: Ինչի՞ պիտի ծնողը նման վերաբերմունքի արժանանա, իր երեխային է ուզում: Ես՝ զոհվածի ծնող, ինչի՞ պիտի գամ այստեղ: Թող Ալենին պատասխանատվության ենթարկեն: Ես 4 ոսկոր չեմ տվել իմ երեխայից, որ այսօրվա դրությամբ 4 ոսկոր բերեն տան ինձ: Ու ոստիկանները հրեն ծնողներին, տանեն բաժիննե՞ր, ինչի՞ համար»:
Ավելի ուշ ԱԺ-ից հայտնեցին, որ Ազգային ժողովում ընթանում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումը գերիների եւ անհետ կորածների հարազատների հետ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ