Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ինքնաբացարկ տվել պատգամավոր Մխիթար Զաքարյանի գործով դատավորը․ ի՞նչ օպերատիվ տվյալներ ունի դատախազությունը

Դեկտեմբեր 08,2021 22:45

Ազգային ժողովի պատգամավոր, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանի գործով նախագահող դատավոր, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանին մեղադրողը ինքնաբացարկի միջնորդություն է հայտնել։ Միջնորդության հիմքում դրվել է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից ստացված տեղեկությունն այն մասին, որ Նապոլեոն Օհանյանը մտերիմ ընկերական հարաբերությունների ունի Մխիթար Զաքարյանի հետ։

Հիշեցնենք, որ Մխիթար Զաքարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) այն բանի համար, որ նա, 2016թ. սեպտեմբերի 23-ից զբաղեցնելով ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները եւ կատարել պաշտոնական կեղծիք։ Մասնավորապես, Զաքարյանն ու նրա երկու գործընկերները մեղադրվում են օտարումն արգելված, Մեղրի համայնքի գլխավոր հատակագծում որպես արգելոց նշված հողատարածքը օտարելու մեջ, ինչի արդյունքում պետության եւ համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետեւանքներ։

Այս քրեական գործով՝ ապացույցները հետազոտվել են, դատաքննությունը ավարտվել է, դատարանը պիտի անցներ դատական վիճաբանությունների փուլ՝ լսելու ճառերն ու ամբաստանյալի վերջին խոսքը, որից հետո դատարանը պիտի մտներ խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու։ Սակայն դեկտեմբերի 7-ի նիստում մեղադրող Արմեն Օսեյանի ներկայացրած միջնորդությունը անակնկալ էր դատավարության մասնակիցների համար։ Ըստ Օսեյանի, դատախազությունը դեկտեմբերի 6-ին ստացել է օպերատիվ տեղեկություն, որ ամբաստանյալ Մխիթար Զաքարյանը ընկերական հարաբերություններ ունի Մերուժան Սիմոնյանի (Ազգային ժողովի նախկին պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական-Ա․Դ․) հետ, որի միջոցով էլ տարիներ առաջ ծանոթացել է եւ ներկայումս մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Գրիգորյանի եւ ներկա նախագահ Նապոլեոն Օհանյանի հետ։ Բացի սրանից, օպերատիվ տվյալներում նշված է, որ Նապոլեոն Օհանյանը հնարավոր է Մխիթար Զաքարյանի գործով դրսեւորի կողմնակալ վերաբերմունք։

Պաշտպանական կողմն ու ամբաստանյալները առարկեցին միջնորդության դեմ։

Դատավոր Նապոլեոն Օհանյանը որոշման մեջ չի հերքել, որ Մերուժան Սիմոնյանը իր մտերիմ ընկերն է, իսկ Սամվել Գրիգորյանը, քանի որ 2008թ-ից մինչեւ 2021 թվականը եղել է Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, նրա հետ ունեցել է աշխատանքային հարաբերություններ։ Նախագահող դատավորը արձանագրել է, որ չնայած Մերուժան Սիմոնյանն ու Մխիթար Զաքարյանը ընկերներ են, բայց ինքը անձամբ Զաքարյանի հետ մտերիմ կամ ընկերական հարաբերություններ չի ունեցել եւ չունի։ «Միեւնույն ժամանակ վերոշարադրյալ հանգամանքը ինձ որեւէ կերպ չի կաշկանդել եւ չի կարող կաշկանդել գործի օբյեկտիվ եւ արդար քննություն կատարելու համար, ավելին՝դրան ուշադրություն չեմ դարձրել, քանի որ իմ երկար տարիների աշխատանքային փորձով եւ Սյունիքի մարզի առանձնահատկություններով (բնակչության սակավություն) պայմանավորված այսպիսի իրավիճակ կարող է ստեղծվել բազմաթիվ գործերով, ինչի կապակցությամբ էլ դատաքննության նախապատրաստական փուլում ինքնաբացարկ չեմ հայտնել»,-որոշման մեջ նշել է դատավոր Նապոլեոն Օհանյանը։ Ըստ նրա, ինչպես սույն գործով, այնպես էլ որեւէ այլ քրեական գործի քննությամբ երբեւէ կանխակալ վերաբերմունք չի ունեցել։

«Ավելին, պետք է փաստեմ, որ այս գործով, իմ նախագահությամբ կատարված քննությամբ նախ Մխիթար Զաքարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը թողել եմ անփոփոխ, ապա մերժել եմ պաշտպանական կողմի միջնորդությունը՝ վերջինիս նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ»,-նշել է Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը։

Թեպետ Նապոլեոն Օհանյանի սուբյեկտիվ ընկալմամբ, ինքը որեւէ նախատրամադրվածություն չունի սույն քրեական գործի վերաբերյալ, բայց գտնում է, որ դատավորը պետք է անաչառ լինի ոչ միայն սուբյեկտիվ, այլեւ նաեւ օբյեկտիվ տեսանկյունից, այն է՝ պետք է լինեն բավարար երաշխիքներ, որոնք կբացառեն որեւէ իրավաչափ կասկած։

«Այսպիսով հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ իմ մտերիմ ընկեր Մերուժան Սիմոնյանը հանդիսանում է նաեւ Մխիթար Զաքարյանի ընկերը, գտնում եմ, որ դա քրեական դատավարության մասնակիցների ու օբյեկտիվ եւ անաչառ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած հարուցել դատավորի անկողմնակալության եւ անաչառության վերաբերյալ, ըստ դրա էլ՝ կարող է կասկածի տակ դրվել քրեական գործի դատական քննության օբյեկտիվությունը, ինչպես նաեւ այդ քննության շրջանակներում կայացվելիք դատական ակտի արդարացիությանը, հետեւաբար արդարադատության շահերից ելնելով գտնում եմ, որ պետք է հայտնել ինքնաբացարկ»,-նշել է Ն․Օհանյանը։ Վերջինս նաեւ ինքնաբացարկի որոշման մեջ ամրագրել է, որ այս պարագայում իր կողմից ինքնաբացարկի հիմքերի առկայության դեպքում ինքնաբացարկ չհայտնելը կարող է բացասական անդրադառնալ հանրության կողմից դատական իշխանության անաչառության եւ անկախության ընկալման վրա։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031