Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների արդյունքների վերահաշվարկից հետո պատկերը չփոխվեց: «Մամիկոն Ասլանյան դաշինքը» ստացավ 15 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 9 մանդատ, ՀԱՍԿ-ը՝ 5 «Հայրենիք» եւ «Ապրելու երկիր» կուսակցությունները 2-ական մանդատ:
Aravot.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ասաց, որ իրենք ընտրությունների ընթացքի հետ կապված որեւէ առարկություն չունեին եւ ինքն արդեն իսկ շնորհավորել է ավագանու ընտրված անդամներին. «Ես իմ հայտարարության մեջ արդեն շնորհավորել եմ ապագա ավագանու կազմին եւ քաղաքական ուժերին, մաղթել հաջողություն, արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք ի շահ՝ մեր քաղաքի ու ժողովրդի»:
Մեր այն հարցին, թե արդյոք ՔՊ-ն պատրաստվո՞ւմ է այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմել, Խաչատրյանն ասաց, որ նման քննարկում չեն ունեցել. «Այլ ուժերի ներկայացուցիչների հետ չենք հանդիպել, չենք քննարկել: Ձայներն այն համամասնությամբ է բաշխվել, որ հիմա դրա մասին քննարկելը նպատակահարմար չեմ գտնում»,- ասաց մարզի ղեկավարն ու շարունակեց. «Առայժմ դեռ մարզպետի պաշտոնում եմ, եւ գիտեք, որ այս պաշտոնը հայեցողական է, նշանակովի պաշտոն է: Հավանաբար, ավագանու կազմում չեմ լինի»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ