Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«7 տոկոս տնտեսական աճի կանախատեսումը իրատեսական չէ». Արթուր Խաչատրյան

Դեկտեմբեր 08,2021 22:02

ԱԺ խմբակցությունների եւ մշտական հանձնաժողովների ներկայացուցիչների տեսակետները գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ

Դեկտեմբերի 8-ի նիստում խորհրդարանը վերսկսել է «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը:

Գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ տեսակետներ են ներկայացրել ԱԺ խմբակցությունների եւ մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները:

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անունից ելույթ է ունեցել Տիգրան Աբրահամյանը: Պատգամավորն ընդգծել է, որ զինված ուժերի բարեփոխումների՝ հետպատերազմյան ժամանակահատվածում նախանշված ծրագիրը մինչ օրս չի հաստատվել, ուստի ոլորտի բարեփոխումները չեն արտացոլվել բյուջեի նախագծում:

Բանախոսի խոսքով՝ ռազմական բյուջեի վերլուծությունը եւ անվտանգային համակարգին ուղղված միջոցառումների հետազոտությունը ցույց են տալիս, որ հաջորդ տարվա համար նախատեսված չէ որեւէ տեսանելի գործողություն:

Բարձրաձայնելով ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության տեսակետը՝ Արթուր Խաչատրյանը նշել է. «7 տոկոս տնտեսական աճի կանախատեսումը իրատեսական չէ: Անտեսված են անվտանգային մարտահրավերները եւ սոցիալական խնդիրները»: Պատգամավորի դիտարկմամբ՝ ներկայացված փաստաթուղթն ունի քաղաքական ուղղվածություն:

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանի խոսքով՝ փաստաթղթում բացակայում է ԵԱՏՄ-ի շրջանակում ընդհանուր մակրոտնտեսական զարգացման միտումների ազդեցության վերլուծությունը մեր երկրի բյուջետային գործընթացների վրա: «Մենք ընդհանուր մաքսային միության անդամ ենք, եւ երրորդ երկրների հետ կազմակերպության ընդհանուր առեւտրաշրջանառության հետ կապված իրավիճակը կարող է ազդել մեր երկրի բյուջե մաքսային մուտքերի ընդհանուր վիճակի վրա»,- ընդգծել է պատգամավորը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, անդրադառնալով ընդդիմադիր գործընկերների այն դիտարկումներին, թե բյուջեի նախագծում նվազել են որոշ ոլորտների հատկացումները, նշել է. «Պաշտպանության համակարգի հատկացումներն ավելացել են 11 տոկոսով, իսկ ազգային անվտանգության ծառայությանը՝ 23 տոկոսով: 89 տոկոսով  գիտության բնագավառի հատկացումների աճը կխթանի ոլորտի զարգացումը»,-ընդգծել է պատգամավորը: Նա նշել է, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել փաստաթղթին եւ կոչ է արել կողմ քվեարկել:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ֆինանսների նախարարն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին եւ դիտարկումներին, տվել պարզաբանումներ: Տիգրան Խաչատրյանը կոչ է արել հաստատել գալիք տարվա պետական բյուջեի նախագիծը՝ հնարավորություն տալով Կառավարությանը իրագործել այն ծրագրերը, որոնք բերված են ներկայացված փաստաթղթով:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031