Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե չլինի քաղաքական պատասխանատվություն, ապա իշխանությունը պետք է պատրաստ լինի ծեծ ուտելու, որովհետեւ ինքն է հաստատում այդ կանոնները». Արսեն Բաբայան

Դեկտեմբեր 08,2021 20:50

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը «Հայելի» ակումբում անդրադարձավ երեկ ԱԺ-ում քաղաքական մեծամասնության պատգամավորների կողմից ընդդիմադիր պատգամավորների օգնականների նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնությանը:

Նա ասաց. «Երբ դահլիճում կրքերը բորբոքվում են, իսկ մենք տեսել ենք նաեւ աշխարհում, որ խորհրդարաններում վեճեր ծեծկռտուքներ են լինում, քաղաքական առումով, գուցե կարելի է համարել հնարավոր երեւույթ, թեեւ մենք շատ լավ գիտենք, որ ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում հայտնի ծեծկռտուքը կազմակերպված բնույթ էր կրում: Բայց երբ պատգամավորները ուրիշ պատգամավորների օգնականներին խաբելով կանչում են աշխատասենյակ եւ խմբով հարձակվում, մտածողությունը, որ կարելի է այս ճանապարհով հարցեր լուծել, խոսում է այն մասին, որ մենք ընդհանրապես կորցրել ենք պետական մտածողության բոլոր տեսակի դրսեւորումները, չնայած, վստահ եմ, որ չեն էլ ունեցել, պետական ամբողջ համակարգը:

Կա մի տարբերակ. անպայման պետք է լինի քաղաքական պատասխանատվություն: Իրավական պատասխանատվությունը սահմանադրությամբ եւ օրենքներով պարտադիր կիրառման ենթակա  հարց է, թեեւ վստահ չեմ, որ կլինի: Քաղաքական պատասխանատվությունն այստեղ իմ համար իրավականից շատ ավելի կարեւոր է: Եվ որպես քաղաքական պատասխանատվության միջոց օգնականների նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառած, կամ այդ իրավիճակը ստեղծած պատգամավորները պետք է առնվազն մանդատ կրելու իրավունք չպետք է ունենան: Որեւէ դեպքում երբեւէ արդարացված չի կարող լինել պատգամավորի կողմից ֆիզիկական բռնության կիրառումը: Երեւի մինչեւ վերջերս դա հայհոյանքն էր եւ, այո, հայհոյանքը արժանապատվություն ունեցող յուրաքանչյուր տղամարդու մեջ ուժի կիրառումով պատասխանելու անհրաժեշտություն է առաջացնում: Բայց դուք եք հայհոյանքը քրեականացրել: Այսինքն, եթե նրանք հիմա պնդում են, թե հայհոյանքի համար է կռիվ տեղի ունեցել, դուք եք ընդունել օրենքը, հաղորդում ներկայացնեիք հանցագործության մասին: Այսինքն, սա էլ է կեղծ: Գիտենք, որ սրանք կեղծել են ամեն ինչ:

Եթե այստեղ չլինի քաղաքական պատասխանատվություն, սա պարզ կնշանակի, որ այսուհետ Հայաստանի Հանրապետության իշխանությունը՝ քաղաքական մեծամասնությունը, հաստատում է փողոցային կանոններով գործելու թույլատրելիություն: Եվ եթե այդպես է, ապա իշխանությունը պետք է պատրաստ լինի ծեծ ուտելու, պետք է իմանա, որ շուտով ծեծ է ուտելու, որովհետեւ ինքն է հաստատում այդ կանոնները»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031