«Գերիների թեման նուրբ եւ բազմաշերտ է: Շերտ 1` մենք պիտի միանշանակ ամեն ինչ անենք, որպեսզի Ադրբեջանում ապօրինի կերպով պահվող գերիները վերադարձվեն Հայաստան, սա քննարկման ենթակա չէ: 2` գերիների՝ գերի ընկնելու հանգամանքները միշտ պետք է պարզվեն աշխարհում, որպեսզի կանոնակարգված լինի ՀՀ պաշտպանությունը: Երրորդը՝ իմ անձնական կարծիքն այն է, որ ռազմագերիների թեման պետք է հանրային շոշափել հնարավորինս քիչ, որովհետեւ Ադրբեջանը փորձում էր շանտաժի միջոց օգտագործել գերիների թեման մեր դեմ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Նրա խոսքով՝ գերիների թեման պետք է զգույշ շոշափել. «Նրբությունը կայանում է նրանում, որովհետեւ մի կողմից մենք չենք ուզում, որ մեր որեւէ քաղաքացի իրեն նսեմացած զգա, մյուս կողմից, շատ կարեւոր է, որ մեր հանրությունը, նաեւ զինծառայողները իմանան, որ գերի ընկնելը լավ բան չի: Հուսով եմ հասկանում եք ինչի լավ բան չի, որովհետեւ դա չի օգնում, որպեսզի մեր սահմանները պաշտպանված լինեն»:
Հարցին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը սկանդալային է ու երեկվանից ընդդիմության կողմից հրաժարականի պահանջ է հնչում, քննարկե՞լ եք դուք նրա հրաժարականի հարցը ու խնդրահարույց չե՞ք համարում, որ Ալեն Սիմոնյանը դատավորի դեր էր ստանձնել ու որոշել, որ նրանք դասալիք են՝ Ռուբինյանը պատասխանեց. «Դա թաքնված տեսանկարահանում էր մասնավոր զրույցից: Ես կարծում եմ, որ գերիներին պետք է ոչ հերոսացնել, ոչ նսեմացնել նրանց արժանապատվությունը»:
Կարդացեք նաև
Հարցին՝ քաղաքական պատասխանատվության հարց չե՞ք տեսնում՝ Ռուբինյանը պատասխանեց, որ պետք է փորձեն հնարավորինս հասուն կերպով մոտենալ գերիների նուրբ թեմային. «Մենք պիտի ստեղծենք պայմաններ, այդ թվում՝ հանրային գիտակցման առումով, որ մեր զինծառայողները հնարավորինս քիչ հակված լինեն առանց պայքարի գերի ընկնել որեւէ դրվագում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ