Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Բաբայան. «ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանության պնդումները, թե չկան կեղծիքներ, ճիշտ են, բայց պարզվեց, որ դրանք նախկինում էլ էին այդպես»

Դեկտեմբեր 08,2021 18:55

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանն այսօր «Հայելի» ակումբում ասաց, որ իր կուսակցությունը վերջին ՏԻՄ ընտրություններին  մասնակցել է բացառապես միայնակ, իր թեկնածուներով: «Եղել են մեր կուսակցության առանձին անդամներ, որ մեզ հետ համաձայնեցնելով ընդգրկվել են այլ դաշինքների մեջ, բայց դրանք շատ քիչ դեպքեր են:

Մենք մասնակցեցինք հինգ համայնքում եւ չորսում՝ Վանաձորում, Վայքում, Աշտարակում եւ Արտաշատում ունեցանք խմբակցություն: Ընտրություններին ես ինքս որոշակի մասնակցություն ունեցել եմ կազմակերպչական մասով, հետեւելու իմաստով եւ կարող եմ ասել, որ ՏԻՄ ընտրությունները հետաքրքիր լակմուս էին՝ հասկանալու , թե արդյո՞ք իշխանության այն պնդումները, թե  մենք արդեն ունենք այնպիսի ընտրություններ, որտեղ չկան կեղծիքներ, ճիշտ են: Պարզվեց, որ այո, դա ճիշտ է: Բայց պարզվեց մի շատ հետաքրքիր բան, այն, որ դրանք նախկինում էլ էին այդպես: Որովհետեւ, եթե մենք հիմա արդյունքները ամփոփենք, կտեսնենք, որ բոլոր այն համայնքներում, որտեղ փոխաբերական իմաստով հաղթել է ՔՊ կուսակցությունը, ավելի ճիշտ, առավել ձայներ է ստացել, ցուցակներում անպայման գերակշիռ մեծամասնությունը, շատ դեպքերում նաեւ առաջին համարները, եղել են նախկին իշխանությունների ժամանակից եկած համայնքի նախկին ղեկավարները: Այսինքն, այն մարդիկ, որոնք տարիներ շարունակ ղեկավարել են այդ համայնքը եւ հիմա էլ ստացել են ընտրողների վստահությունը եւ շարունակում են ղեկավարել:

Իսկ այն համայնքներում, որտեղ իշխող քաղաքական ուժը մեծամասնություն չի ստացել, այդ ուժերում այդ նույն համայնքի ղեկավարներն էին, որոնք պարզապես չեն միացել ՔՊ կուսակցությանը: Ավելի պարզ ու մատչելի բացատրեմ: Վանաձոր համայնքում առավելագույն ձայներ ստացել է Վանաձորի նախկին կամ վերջին քաղաքապետը: Աշտարակում նույնպես առավել ձայներ ստացել է նախկին քաղաքապետը, սակայն նա հանդես է եկել ՔՊ կուսակցությունից: Եթե Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հանդես գար ՔՊ-ով, այս քաղաքական իշխանությունը պետք է համարեր, որ դա ի՞ր հաղթանակն է: Մեկ վառ օրինակ էլ: Այն բոլոր թեկնածուները, որոնք այս իշխանության արմատներից կամ սերուցքից էին գալիս, մասնավոր օրինակը՝ Վեդիում հայտնի մականունով նախկին մարզպետը, խայտառակ պարտություն են կրել:Այնպես որ, ընդհանուր առմամբ ասել, թե առաջին անգամ է Հայաստանում ՏԻՄ ընտրությունները ազատ կամ արդար, առնվազն ճիշտ չէ այն իմաստով, որ առաջին անգամ է, որ իշխանությունը համայնքներն էլ կառավարելու հայտ ներկայացրել:

Այս ամենն ինձ թույլ է տալիս եզրակացնել, որ ընտրություններում հաղթում են այն իշխանությունները կամ անձինք, որոնք երկար ժամանակ, կամ առնվազն ինը տարի ղեկավարում են այդ համայնքները: Եվ ասել, որ այդ մարդիկ ընտրված չէին, որ նրանց այլ ճանապարհով՝ կեղծիքով, բերել-նշանակել էին, ամսի 5-ին ապացուցվեց, որ սուտ է: Այս ընտրությունները ապացուցեցին այս իշխանությունների՝ տարիներ շարունակ հանրությանը մատուցված ստախոսությունները»,-ասաց Արսեն Բաբայանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031