Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Աբովյան» ՔԿՀ-ի պատժախցերում ջրերի հոսքից պատերն ու հատակը բորբոսնած ու խոնավացած են, ազատազրկված անձինք էլ խավարասերների հետ են ապրում

Դեկտեմբեր 08,2021 18:28

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) անմարդկային պայմաններ են՝ հոսող ջրերից պատերն ու հատակը խոնավանում են, սենյակներում ազատազրկվածների հետ խավարասերներ են ապրում: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ նշեցին իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն ու դիտորդների խմբի անդամ Լուիզա Վարդանյանը:

Ամեն տարի ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբն այցելում է քրեակատարողական հիմնարկներ՝ ծանոթանալու ազատազրկված անձանց պահման պայմաններին: Զարուհի Հովհաննիսյանի խոսքով, խոսքը վերաբերվում է ՔԿՀ-ի մեկուսարանի հատվածին, որտեղ պահվում են խցային պայմաններում բնակվող անձինք: Ըստ նրա, տվյալ մասնաշենքում բնակվում են կալանավորված եւ փակ տիպի դատապարտված անձինք, նաեւ անչափահասներ. «Ամենաշատը բնակեցված է խցային պայմաններ ունեցող այդ մասնաշենքը, այն բավական հին է, հիմնանորոգման կարիք կա, մասնակի է վերանորոգվել: Չնայած՝ ջրահեռացման ցանցն են նորացրել, միեւնույն է՝ խնդիրը չի լուծվել, շենքում ջրահեռացման խնդիր կա, երկրորդ հարկից առաջին հարկ ջրեր են հոսում, իսկ կարանտինային խցերն ու պատժախցերը գտնվում են առաջին հարկում»:

Այդ մասնաշենքում է գտնվում նաեւ ՔԿՀ-ի աշխատակազմի եւ բժշկական սենյակները:

«Անմարդկային պայամններում՝ բորբոսի, խոնավության, ջրերի արտահոսքի մեջ աշխատում են նաեւ քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչները»,-ասաց Զարուհի Հովհաննիսյանը:

Ի պատասխան, դիտորդ խմբի անդամներ բողոք-նամակին, ՀՀ արդարադատության նախարարությունից պատասխանել են, որ «Աբովյան» ՔԿՀ-ում վերանորոգման աշխատանքները նախատեսվում են 2022 թվականին:

Զարուհի Հովհաննիսյանը, սակայն, կարծում է, որ մինչ հիմնանորոգումը պետք է գոնե ժամանակավոր լուծում գտնել. «Կարանտինային խցի կինը ամբողջ գիշեր մաքրել էր հատակը, որպեսզի կարողանա այդտեղ մնալ: Սա անձի նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է: Կարանտինային խուցն այն տարածքն է, որտեղ անձը տեղափոխվում է քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու առաջին իսկ օրերին»:

Քննարկմանը ներկա ՀՀ ԱՆ Քրեական օրենսդրության, քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփի Սարգսյան ասաց, որ տարիներ ի վեր բոլոր քրեակատարողական հիմնարկներում ունեցել են շենքային խնդիրներ: Նրա խոսքով, 2019-ին գույքագրել են ընթացիկ եւ կապիտալ վերանորոգման կարիք ունեցող շենքային պայմանները. Այդ ցանկում է նաեւ «Աբովյան» ՔԿՀ-ն, սակայն, որի աշխատանքները մինչեւ 2023 թվականը պետք է ավարտին հասցված լինեին, իսկ անչափահասների հատվածն էլ՝ ոչ բանտային պայմաններ ունենար՝ միջազգային պահանջներին համապատասխան:

Արփի Սարգսյանի խոսքով, սակայն քովիդն ու պատերազմը պատճառ եղան, որ 2020 թվականին ֆինանսների վերաբաշխում լինի, ինչի պատճառով էլ եւ նախատեսած շինարարական ծրագրերը ավարտին չհասցվեցին. «Այդ շենքերը ժառանգություն են Խորհրդային տարիներից եւ շենքային պայմանները երբեմն թույլ չեն տալիս անգամ ժամանակավոր ու հրատապ լուծումներ գտնել: Չենք կարող այդ մասնաշենքի մի հարկը չեզոքացնել եւ չշահագործել:

Դիտորդական խմբի անդամ Լուիզա Վարդանյանը նշեց, որ այցի նպատակն է տեսնել՝ արդյոք այդտեղ գտնվող անձանց պահման պայմանները, բժշկական սպասարկումը եւ այլ չափանիշները համապատասխանո՞ւմ են ՀՀ-ի՝ միջազգային պարտավորություններով ստանձնած չափանիշներին: Ասաց, որ «Աբովյան» ՔԿՀ-ից ահազանգ չեն ստացել եւ այցելել են պլանային այցի շրջանակում՝ արձանագրելով, որ նախորդ այցերի համեմատությամբ, վիճակը վատթարացել է:

Նա վկայակոչեց «Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի» չափորոշիչները եւ Եվրոպայի կոմիտեի նախարարների հանձնարարականը՝ եվրոպական բանտային կանոնների մասին, որոնք, ըստ Լուիզա Վարդանյանի, սահմանում են, թե ինչպիսի բանտային պայմաններում պետք է պահվեն անձինք:

«Անձ եւ պետություն հարաբերությունների հիմքը անձի արժանապատվության պահպանումն է եւ, անգամ, ազատությունից զրկելը չի կարող հանգեցնել նրան, որ անձի արժանապատվությունը ոտնահարվի կամ, ինչ-որ կերպ, սահմանափակվի: Ոչ մի անձ չպետք է խոշտանգվի եւ ենթարկվի արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի: Եվ պատժի պահման պայմանները պետք է լինեն այնպիսին, որ անձի այդ իրավունքը չխախտվի»,-նշեց Լուիզա Վարդանյանը: Նրա խոսքով, ֆինանսական միջոցների բացակայությունը չպետք է պատրվակ հանդիսանա, որպեսզի պետությունները խուսափեն իրենց պարտավորությունները կատարելուց եւ անձանց դնեն արժանապատվությունը նվաստացնող իրավիճակում. «Պատժի կրումը չպետք է այնպիսի իրավիճակ ստեղծի, որ անձանց հոգեսոցիալական վիճակը գնալով ավելի վատանա, որովհետեւ, առանց այդ էլ, երբ անձը մեկուսացվում է հասարակությունից եւ պատիժ է կրում, հոգեբանորեն ճնշվում է, չի կարողանում շփվել այլ անձանց հետ՝ այդ թվում ընտանիքի անդամների հետ՝ այնպես ինչպես նախկինում էր շփվում: Շենքային վատ պայմանների պատճառով էլ, ավելի կարող է վատանալ նրա հոգեկան վիճակը, ինչը կավելացնի ինքնասպանությունների թիվը: Ուստի, պետությունը պետք է ամեն ինչ անի, որ այդ պայմանները բարեկեցիկ դարձնի, սա ոչ թե ընթացիկ լուծման խնդիր է այլ՝ առաջնահերթ լուծման խնդիր»:

Ըստ դիտորդական խմբի անդամի, այդ մասնաշենքում պատերը խոնավացած են, սենյակներում ջուր է լցվում, իսկ մարդիկ օր ու գիշեր գտնվում են այդ խցերում. «Նրանք չեն կարողանա իրացնելի իրենց մյուս իրավունքները կրթության եւ մի շարք այլ բաների հետ կապված: Ունենք դատապարտյալ կին, որը մանկահասակ երեխայի հետ է եւ պետությունը պետք է ապահովի նաեւ այդ երեխայի նորմալ պայմանները»:

Քրեակատարողական ծառայության շտաբի պետ Ռուբեն Դարբինյանը նշեց, որ տարվա կտրվածքով, բոլոր քրեակատարողական հիմնարկներում անընդհատ եւ շարունակական ընթանում են վերանորոգման ընթացիկ աշխատանքներ. «Աբովյան քրեակատարողական հիմնարկում ստեղծված իրավիճակը հիմնախնդիր է եւ ընթացիկ վերանորոգման ֆինանսական միջոցներով հնարավոր չի եղել դա իրականացնել: Սակայն 2020-ին նախագծահաշվարկային աշխատանքներն իրականացվել են, որտեղ տեղ են գտել հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար պատշաճ կերպով լոգանք ընդունելու եւ սանհանգույցից օգտվելու հնարավորության ընձեռումը: Նախատեսվում էր վերանոգել նաեւ սանհանգույցները, բայց ցավոք, ֆինասական միջոցները, համավարակով պայմանավորված, չեն տրամադրվել: Միջոցներն առկա են եւ 2022-ին կտրամադրվեն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031