«Ես այսօր էլ եմ պատրաստ որդուս հանձնել՝ գերիների վերադարձի դիմաց»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի նկատառմանը, թե ինքը սկզբում խոստանում էր գերիների դիմաց որդուն տալ, հետո ասում էր, թե գերիները մի երկու ամիս ավել կարող են մնալ Բաքվի բանտերում, հետո էլ ասում էր, թե գերեվարման դեպքերը պետք է քննել։ «Մի հատ կողմնորոշվեք, դրսում կանգնած ծնողները ձեր պատասխանին են սպասում։ Գերիների վերաբերյալ ձեր դիրքորոշումը ո՞րն է։ Փակվա՞ծ է այդ հարցը»,-հարցրեց Էլինար Վարդանյանը։
Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Որ պահին ադրբեջանական կողմից արձագանք լինի, առաջարկս ուժի մեջ է։ Վերահաստատեմ, որ գերեվարման ամեն դեպք պետք է հետաքննել։ Ոչ մի զարմանալի բան չկա։ Կլինեն դեպքեր, երբ քրեաիրավական հետեւանք չի լինի կամ կլինի։ Ամեն օր աշխատանք է արվում գերիների վերադարձի համար, բայց երբ վերադարձան՝ հետաքննություն է արվելու։ Ես տասնյակ անգամ հանդիպել եմ ծնողների հետ, իսկ դուք չեք էլ ճանաչում նրանց։ Ես ճանաչում եմ»։
Էլինար Վարդանյանն արձագանքեց․ «Ես գիտեմ, թե ինչ պարտականություն ունի զինվորը։ Իսկ դուք ձեր պարտականությունները գիտե՞ք։ Երկրորդ, դուք 18 տարեկաններին մեղադրում եք վախենալու, չկողմնորոշվելու մեջ, գերիների հետ խոսում քրեական գործեր հարուցելու սպառնալիքներով։ Բա նոյեմբերի 9-ից հետո դուք որտե՞ղ էիք, կողմնորոշվե՞լ էիք։ Կարող եք չպատասխանել։ Գիտենք, թե որտեղ էիք»։
Փաշինյանը պատասխանեց, որ նոյեմբերի իննից առաջ էլ, հետո էլ իր պաշտոնավարման դիրքերում է եղել․ «Էլի սկսեցի՞ք «դեղին ժիգուլու» կանխավարկածը։ Դուք չեք որոշում, թե ես ում հետ հանդիպեմ, ում հետ՝ ոչ։ Ձեր թելած թելն էլ, ձեզ էլ շատ լավ գիտեմ»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ