Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի ու Բաքվի՝ ՄԱԿ-ի դատարանում մերժված ու բավարարված պահանջները

Դեկտեմբեր 08,2021 18:24

2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայցներկայացրեց ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան «Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի» խախտման առնչությամբ՝ այդ երկրի նկատմամբ 8 հրատապ միջոց կիրառելու պահանջով:

Այդ պահանջներից երկուսը վերաբերում էին ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելուն և նրանց անվտանգությունն ապահովելուն, 3-ը՝ հայկական պատմամշակութային, կրոնական նյութական ժառանգության պահպանմանը, դրա նկատմամբ վանդալիզմի կանխարգելմանը, ինչպես նաև այդ վայրերի հասանելիության ապահովմանը:

Մյուս պահանջներից 2-ը հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից ատելության խոսքի և խտրականության հրահրման կանխարգելմանն էին վերաբերում, մեկով էլ հայկական կողմը պահանջում էր կիրառվելիք հրատապ միջոցների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության պարբերական տրամադրում Դատարանին:

Դեկտեմբերի 7-ին Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց ՀՀ-ի հայցով վճիռը․ դրանով, ըստ էության, չեն բավարարվել գերիներին անհապաղ ազատ արձակելու և հրատապ միջոցների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու պահանջները: Չեն բավարարվել նաև հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ջանքերը չխոչընդոտելու, նյութական ժառանգությունը ավերումից կամ վնասումից պաշտպանելու պահանջները:

Ամբողջությամբ բավարարվել է 2 կետ՝ գերիների անվտանգության և իրավունքների պաշտպանության, ինչպես նաև հայերի հանդեպ ռասայական խտրականության դրսևորումները չսրելու կամ չշարունակելու պահանջները:

Մասամբ է բավարարվել երկու պահանջ: Դրանցից մեկը Ադրբեջանի՝ հայերի հանդեպ ատելության խոսքի, խտրականության հրահրման, ինչպես նաև Բաքվի «Ռազմավարի պուրակի» փակմանն է վերաբերում․ Դատարանը վճռել է, որ Ադրբեջանի պետական մարմիններն ու պաշտոնյաները չպետք է ազգային ատելություն հրահրեն հայերի նկատմամբ, սակայն դիրքորոշում չի հայտնել տխրահռչակ պուրակի փակման պահանջի վերաբերյալ:

Երկրորդ մասամբ բավարարված պահանջը հայկական պատմամշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի կանխարգելման ու պատժի մասին է, որտեղ, սակայն, չի խոսվում պատմամշակութային վայրեր այցերի անվտանգության ու հասանելիության մասին:

Սեպտեմբերի 23-ին նույն կոնվենցիայի խախտման առնչությամբ Ադրբեջանն էր հայց ներկայացրել ընդդեմ Հայաստանի՝ 6 հրատապ միջոց կիրառելու պահանջով: Դրանցից երկուսը վերաբերում էին ականապատ դաշտերի քարտեզներին, ՀՀ֊ի կողմից «ադրբեջանական տարածքների» ականապատման դադարեցմանը, 3-ը՝ Ադրբեջանի հանդեպ առանձին կազմակերպությունների և անհատների ատելության խոսքին, ռասայական խտրականության դրսևորումներին, ինչպես նաև ադրբեջանցիների հանդեպ ազգային հողի վրա հանցագործությունների կանխարգելմանն ու բացահայտմանը: Վերջին կետը կիրառվելիք հրատապ միջոցների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության պարբերական տրամադրման մասին էր:

Դեկտեմբերի 7-ին Դատարանի հրապարակած վճռով բավարարվել ենԱդրբեջանի 6 պահանջից ընդամենը երկուսը․ առաջինը՝ կանխարգելել կազմակերպությունների և առանձին անձանց կողմից ադրբեջանցիների նկատմամբ ռասայական ատելության հրահրումը, և երկրորդ՝ ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը:

Նանե ՄԱՆԱՍՅԱՆ

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Loading...

Loading...

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031