Խոշորացվող Արթիկի ՏԻՄ ընտրություններում քվեների 41,61 տոկոսը ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երեկ կոալիցիա է կազմել Սամվել Բաբայանի՝ 12 տոկոս հավաքած «Ազատական» կուսակցության հետ՝ այսպիսով ձևավորելով Արթիկի նոր իշխանությունը։
Արթիկի ՏԻՄ ընտրությունները թերևս հետաքրքիր էին թվով վեց քաղաքական ուժերի մասնակցությամբ։ Վեց ուժերն էլ մաս կկազմեն իշխանությանը։
Նախնական հաշվարկներով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի թեկնածուն գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկ Անանիկ Ոսկանյանն է՝ Պեմզաշեն համայնքի ղեկավարը, կստանա 11 մանդատ։
Երկրորդ տեղում Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի գլխավորած «Միասնական Արթիկ» դաշինքն է, որը կստանա վեց մանդատ։
Կարդացեք նաև
4 մանդատ կստանա Արման Բաբաջանյանի հիմնած «Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությունը, որի թեկնածուն Արթիկի նախկին քաղաքապետ Արսեն Աբրահամյանն է, նա այժմ Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղարն է։
3 մանդատ կստանա Սամվել Բաբայանի հիմնած «Ազատական» կուսակցությունը, որի թեկնածուն Մխիթար Վարագյանի տեղակալն էր՝ անկուսակցական Արտակ Հարությունյանը։
2 մանդատ կստանա ՀՅԴ-ն, որի թեկնածուն Հակոբ Մաթիլյանն է՝ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր․ վերջինս ժամանակին մեծ պաշտոններ է զբաղեցրել, եղել է բնապահպանության փոխնախարար, ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ։
1 մանդատ կստանա Մանե Թանդիլյանի ու Մեսրոպ Առաքելյանի հիմնած «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի թեկնածուն Արթիկի ձեռնոցի գործարանի հիմնադիր Արթուր Աստոյանն է։
Aravot.am-ը ՔՊ-ի հետ կոալիցիա կազմած «Ազատական» կուսակցության թեկնածու Արտակ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են բաշխվելու պաշտոնները և ի՞նչ արձագանք է ունեցել իր այս քայլը ընտրողների մոտ․ քննադատություններ չե՞ն եղել իշխող քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու համար։
Արտակ Հարությունյանը նշեց, որ ի սկզբանե ակնհայտ էր՝ ոչ մի քաղաքական ուժ 50 տոկոսից ավելի ձայն չէր հավաքելու և ընտրություններից հետո պիտի կոալիցիա կազմեին։
Այս դեպքում պաշտոններն արդեն բաշխվել են․ համայնքապետ կլինի Անանիկ Ոսկանյանը, փոխհամայնքապետ՝ Արտակ Հարությունյանը։
Ըստ Արտակ Հարությունյանի, կա նախնական պայմանավորվածություն այս երկու ուժերի միջև համագործակցել նաև լավ մասնագետներին պաշտոններ վստահելու առումով, որպեսզի համայնքը նորմալ զարգանա։
«Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կազմում է մեծամասնություն, և մենք մեր կուսակցությամբ որոշեցինք միավորվել ՔՊ-ի հետ, քանի որ ուզեցինք դառնալ համայնքային իշխանության մի մաս, որպեսզի կարողանանք օգուտ տալ մեր համայնքին»,-ասաց Արտակ Հարությունյանը։
Վերջինս նշեց, որ թեև քննադատություններ կլինեն ընտրողների շրջանակում, բայց այս համագործակցությունը դրական անդրադարձ կունենա նրանց վրա։
Ըստ մեր զրուցակցի, ամեն ինչ կանեն, որ համայնքները համաչափ զարգանան ու բոլոր կուսակցությունների ընտրազանգվածը գոհ լինեն իրենցից։
«Մենք Արթիկի 23 գյուղերի համայնքապետերին ամբողջությամբ ճանաչում ենք, աշխատանքի ժամանակ այնպես կանենք, որ այդ մարդկանց հետ ոչ մի խնդիր չլինի։ Մենք տարբերություն չենք դնելու՝ ով է մեզ ընտրել, ով չի ընտրել, բոլորն էլ մեր համայնքի բնակիչներն են, բոլորին էլ պիտի աջակցենք»,- ասաց Արտակ Հարությունյանը։
Նա նշեց, որ վեց ուժերի հետ էլ համագործակցելու են։
Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով, ՔՊ-ն մեծ ցանկություն է հայտնել կոալիցիա կազմելու Արման Բաբաջյանի «Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցության հետ, սակայն վերջինիս թեկնածուն՝ Արսեն Աբրահամյանը, որը եղել է Արթիկի քաղաքապետ, ներկայումս էլ Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղարն է, չի համաձայնել։
Այս տեղեկությունը ևս փորձեցինք ճշտել Արտակ Հարությունյանից, նա, սակայն, ասաց, որ նման տեղեկության չի տիրապետում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ