«Սահմանադրական ո՞ր լիազորությունների հիման վրա է կառավարությունը ձեռք բերում բանավոր պայմանավորվածություններ, որոնք մեր համար հանգեցնում են կենսական զիջումների»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ մատնանշելով, որ իշխանությունն է երեւան բերել բանավոր պայմանավորվածությունների արատավոր ոճը բանակցային գործընթացում։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Մենք բանավոր պայմանավորվածություններ չենք իրագործել։ Ինչ-որ գաղտնի․․․ավելի մեծ անհեթեթություն դժվար է պատկերացնել»։
Արմեն Ռուստամյանը զարմացավ․ «Իսկապես ինձ համար զարմանալի է։ Մենք տարբե՞ր աշխարհներում ենք ապրում։ Դուք ինքներդ եք ասել, որ կան բանավոր պայմանավորվածություններ։ Ուղարկե՞նք ձեզ ձեր ասածը»։
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ես մի անգամ հիշեցրել եմ, թե Մաշտոցը որտեղից է սկսել հայերեն գրավոր տեքստի ստեղծումը։ Նորից հիշեցնեմ՝ գնացեք նորից նայեք։ Ձեր համար կարեւորը ձեր հարցն է, ոչ թե հնչող պատասխանը։ Որ աշխարհում ապրում եք, այդ աշխարհում էլ հարցրեք։ Ես կոնկրետ պատասխան տվեցի»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը 27.12.2020-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ․ «․․․Քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլուի և Զանգելանի շրջանների 90 և ավելի տոկոսը, ցավոք սրտի, եղել է արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, եղել է բանավոր ըմբռնում այդ համատեքստում, որ այդտեղ մենք պետք է սահմանային կետերի՝ ոչ թե սահմանի, այլ որոշակի կետերի ճշգրտում իրականացնենք»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ